2016 թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կավելանան 14.8 մլրդ դրամով
2016 թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 405 մլրդ 501 մլն դրամ կամ 2015 թ. նկատմամբ 14 մլրդ 891.8 մլն դրամով ավելի (2015 թ.` 390 մլրդ 609.2 մլն դրամ): Այսօր ԱԺ մշտական հանձնաժողվների համատեղ նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ սոցիալական ապահովությանը հատկացվող գումարները կազմում են ընդհանուր ծախսերի 29.5%-ը:
Նա նշեց, որ կենսաթոշակառուների թվաքանակը պետք է անշեղորեն աճեր, բայց տեղեկատվական շտեմարանների ճշգրտման արդյունքում ավելացում չի եղել և այդ աշխատանքները շարունակվելու են նաև հաջորդ տարի: Ըստ նրա՝ կենսաթոշակների համար նախատեսվում է 223 մլրդ 769.5 մլն դրամ՝ 2015 թ. 225 մլրդ 626.9 մլն դրամի դիմաց, իսկ կենսաթոշակառուների թիվը 2016 թ. համար՝ 456 960՝ 2015 թ. համար նախատեսված 458 497 կենսաթոշակառուի դիմաց:
Ավանդների վերադարձման վերաբերյալ նախարարը նշեց, որ ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի: Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի գծով ծախսը կազմում է 1 մլրդ 485.1 մլն դրամ (պահպանվել է 2015 թ. մակարդակը):