Ազատ, անկապ Հայաստան

Երեկ «Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Աշխարհի երկրներում ինտերնետի ազատության 2015 թվականի զեկույցը, որում Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքում: Բավական է նշել միայն, որ ԱՊՀ անդամ երկրներից ազատ են համարվել Հայաստանը և Վրաստանը:

Սա, իհարկե, ուրախալի նորություն է, և, ի տարբերություն Հայաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ միջազգային կառույցների կողմից հրապարակվող գնահատականների, բավականաչափ համապատասխանում է իրականությանը: Հայաստանում իսկապես ինտերնետն ազատ է, չկան կամ գրեթե չկան համացանցից օգտվելու սահմանափակումներ, յուրաքանչյուրը՝ կայքերում թե սոցցանցերում, գրում է՝ ինչ կամենում է, ում մասին կամենում է, և ինչպես կամենում է:

Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ չեն հետևում իրենց եվրասիական գործընկեր Ռուսաստանին, Ղազախստանին ու Բելառուսին, կամ թշնամական Ադրբեջանին, ու չեն սահմանափակում ինտերնետը: Հանուն արդարության՝ պետք է ասել, որ նույն իրավիճակն է նաև ժողովրդավարական մյուս ինստիտուտների առումով՝ խոսքի, հավաքների ազատություն, իրավապաշտպան գործունեություն, և այլն: Այսինքն՝ ընդհանուր առմամբ Հայաստանում ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները գտնվում են բավական բարձր մակարդակում, չհաշված, իհարկե, աղաղակող բացառությունները, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանի անհամարժեք ու խայտառակ պատիժը, Սուրեն Խաչատրյանի որդու՝ անհամարժեք ու ավելի խայտառակ անպատժելիությունը, և այլն:

Բայց այդքանով հանդերձ՝ Հայաստանում կա մի հիմնարար խնդիր ու խզում, որոնց մասին միջազգային կառույցների զեկույցներում չի խոսվում: Իսկ խնդիրն այդ ու խզումն այն է, որ անվանապես՝ ցուցափեղկային առումով, առկա ժողովրդավարությունը չի կատարում իր ֆունկցիան և, որքան գեղեցիկ է ձևի առումով, այնքան տկար է գործողության մեջ: Մամուլը գրում է բոլորի ու ամեն ինչի մասին, բացահայտում է պաշտոնյաների աստղաբաշխական կարողությունները, հանցագործությունների ժամանակ ցուցանում է իրական մեղավորներին… ընտրությունների ընթացքում հատիկ-հատիկ ներկայացնում է ընտրակեղծարարների լուսանկարներն ու հովանավորներին, բայց արդյունքում՝ դրանից ոչինչ չի փոխվում: Ժողովրդավարության, իրական ժողովրդավարության լինելիության ամենակարևոր ցուցիչն ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունն է:

Հայաստանում դա տեղի չի ունեցել անհիշելի ժամանակներից, իսկ մեկ անգամ տեղի ունեցածն էլ եղել է ոչ թե՝ ժողովրդավարության, այլ՝ դրա բացակայության՝ պալատական հեղաշրջման շնորհիվ: Դրանից հետո ինտերնետի ազատությունն էլ է ավելացել, մնացած բոլոր ազատություններն էլ, սակայն իշխանությունը ոչ միայն՝ չի փոխվել, այլև՝ ավելի է ամրապնդվել անփոփոխելիության իր ամպլուայի մեջ:

Այնպես որ, կարելի է ունենալ աշխարհի ամենաազատ ու մատչելի ինտերնետը, հավաքներ անցկացնել նույնիսկ նախագահական նստավայրի առաջ ու այնտեղ տանող փողոցներում, անվանարկել անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին: Բայց դրանք և չթվարկված էլի բազմաթիվ երևույթներ իրականում լիրիկական զեղումներ են և, խոստովանենք, ժողովրդավարության հետ կապ ունեն միայն մակերեսային դրսևորման մեջ: Հայաստանի իշխանությունը գտել է ժողովրդավարական լինելու ու ժողովրդավարական չլինելու հակադրության բանաձևը: Ձևի մեջ՝ դեմոկրատական, բովանդակությամբ՝ ավտորիտար:

Իսկ միջազգային կառույցները, որպես կանոն, ավելի շատ հետևում են ձևին՝ առանց խորանալու բովանդակության մեջ: Բովանդակությունը պետք է հետաքրքրի Հայաստանի հասարակությանը, որը, սակայն, դեռևս բավարարվում է տեսարաններով, որոնք իշխանությունը մատուցում է չափից ու կարելիից ավելի մեծ չափաբաժնով:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս