«Ղազախստան-ԵՄ համաձայնագիրը հիմքեր ստեղծեց Հայաստան-ԵՄ ապագա համաձայնագրի համար». եվրոպացի վերլուծաբան
«ՀՀ-ԵՄ, Ղազախստան-ԵՄ համաձայնագրերը կարող են դրական նախադեպ դառնալ ԵՄ-ԵՏՄ հարաբերությունների համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոլդավայի նախկին վարչապետ, Վլադ Ֆիլատի եվրաինտեգրացիայի հարցերով նախկին խորհրդական, Եվրամիության Անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ վերլուծաբան Նիկու Պոպեսկուն` անդրադառնալով մշակվելիք ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային բազային և դրա տեղին Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» ծրագրում:
Նա դրական հանգրվան համարեց եվրոպական մանդատը ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու համար: Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ ՀՀ-ԵՄ հարաբերություններում լուրջ անորոշություն և խնդիր առաջացավ, երբ Հայաստանը հրաժարվեց բանակցված փաստաթղթից՝ միանալով այլ ինտեգրացիոն պրոյեկտի: Պոպեսկուի խոսքով՝ հասկանալի է, որ այսօր Հայաստանն ունի որոշակի սահմանափակումներ՝ պայմանավորված իր ԵՏՄ անդամակցությամբ, սակայն պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնել այն ոլորտներում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին:
«Հայաստանն ու ԵՄ-ն կբանակցեն մի փաստաթուղթ, որը պարզապես չի լինի ասոցիացում, ինչպես կարող էր լինել նախկինում և ինչպես եղավ Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի դեպքում: Դա կլինի ավելի ցածր մակարդակի փաստաթուղթ` ավելի պակաս հնարավորություններով, քանի որ ԵՄ-ի հետ ասոցիացումը ենթադրում է նույնականացում ԵՄ-ի հետ համարյա թե բոլոր ոլորտներում, իսկ Հայաստանն այսօր դա չի կարող ունենալ առևտրատնտեսական ոլորտում, ինչը կարևոր բաղադրիչ է: Կարելի է ենթադրել միայն, որ, եթե կա հարաբերությունները զարգացնելու երկկողմ ցանկություն, ապա այդ հարաբերությունները հեռանկարային են, բայց դրանք ասոցիացում համարել չի կարելի: Նույնն է նաև Ղազախստանի դեպքը, որը, լինելով ԵՏՄ անդամ, չլինելով ԱլԳ անդամ, ունի ԵՄ-ի հետ համաձայնագիր, ինչը բավականին հաջողված փաստաթուղթ է՝ հաշվի առնելով այդ երկրի արտաքին պարտավորությունները: Փաստորեն, սա դարձավ Հայաստանի համար նախադեպ»,- մեկնաբանեց Նիկու Պոպեսկուն՝ շարունակելով, որ ՀՀ-ԵՄ, Ղազախստան-ԵՄ համաձայնագրերը կարող են նախադեպային դառնալ՝ ԵՏՄ անդամ երկրներ-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև՝ ԵՄ-ԵՏՄ հարաբերությունների համար:
Սա, նրա համոզմամբ, կհեշտացնի առանձին ԵՏՄ երկրների առևտրատնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ այս գոտիներում այսօր առևտրային և տարիֆային տարբեր ռեժիմներ են գործում: