Բաժիններ՝

«Այս տարի խաղողի բերքն ավելի շատ է լինելու. այլևս ժամանակ չունենք, Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի». Արտակ Սարգսյան

Օրեր անց Հայաստանում կմեկնարկի խաղողի բերքահավաքը, խաղողագործները հույս ունեն, որ այս տարի առանց հերթերի կմթերեն իրենց բերքը։

«Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով՝ այս տարի խաղողի բերքահավաքն ավելի վաղ կսկսվի, քան նախորդ տարի էր՝ բնակլիմայական պայմաններն են այդպես թելադրում։

«Կլիմայի գլոբալ տաքացումն ու փոփոխություններն իրենց հետքը թողնում են և՛ առօրյա կյանքում, և՛ գյուղատնտեսության վրա։

Ըստ մեր իրականացրած մոնիտորինգի, այս տարի նախորդ տարվա համեմատ խաղողի բերքն ավելի շատ է լինելու։

Կարդացեք նաև

Երևանի կոնյակի գործարանը, ինչպես միշտ, իր ավանդույթները պահում է, խաղողագործներից ում հետ ունի երկարատև ու կարճատև պարտավորություններ, կատարելու է։ Այսինքն՝ խաղողագործը, որն ունի գործարանի հետ պայմանագիր, գիտի՝ որքան էլ բերք ստանա, դաշտում չի մնա՝ վաճառելու է։

Կան նաև մթերող այլ ընկերություներ, որոնք հայտարարություններ են արել, առաջարկներ են ներկայացրել, հիմա տեսնենք՝ շարժ կլինի՞ նրանց կողմից մթերման առումով։

Հիմա որքան էլ ընկերությունների հետ աշխատենք, մեկ է՝ գյուղացուն, խաղողագործին Կառավարությունը պետք է աջակցի, դա կլինի սուբսիդավորման ծրագրով, թե գրավի տեսքով, պետք է իրենք որոշեն»,- 168.amի հետ զրույցում նշեց Արտակ Սարգսյանը։

Ըստ նրա, Հայաստանում խաղողագործությունը զարգացնելու, խաղողագործին աջակցելու համար Էկոնոմիկայի նախարարությունը պետք է վարի ճկուն քաղաքականություն։

«Մենք այլևս ժամանակ չունենք, գրեթե մեկ շաբաթից խաղողն արդեն լիարժեք հասունացած է լինելու, և մենք ունենալու ենք մթերման խնդիր, հատկապես այն խաղողագործները, որոնց հետ գործարանները պայմանագիր չունեն։ Տա Աստված, արտահանումը լավ տեմպեր ունենա, նախորդ տարի, օրինակ, տեխնիկական խաղողը՝ շուկայում չվաճառվող սորտն է, գինու, կոնյակի, շամպայնի սորտն է, վատ չի արտահանվել, եթե այս տարի էլ այդ պահանջարկը եղավ, նաև կրկնապատկվեց, կարելի է ասել, որ մեր պրոբլեմը մի քիչ կմեղմվի։ Բայց այստեղ Կառավարությունը պետք է քայլեր անի, կարողանա մեր վերամշակող ձեռնարկություններին աջակցի, այս ծանր վիճակից հանի»,- հավելեց Արտակ Սարգսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ նախորդ տարի խաղողը մթերվել է 1 կգ-ն 135-145 դրամով՝ խոսքը տեխնիկական խաղողի մասին է, եղել են գինու համար նախատեսված սորտեր, որի մթերման արժեքը տատանվել է 160-180 դրամի սահմաններում։

«Հայաստանում մեր ավանդական խաղողագործության մեջ, խաղողի 1 կիլոգրամի արժեքը տատանվում է 100-120 դրամի միջև։ Իմ ասած գնի մեջ ամենաշատը 20-30 դրամ է տատանվում շահույթը, եթե այդ գինն էլ իջեցնեն, արդեն անիմաստ կլինի խաղող մշակելը։ Սա ամենամինիմալ գինն է, դրա համար էլ խաղողագործությունը չի զարգանում, գյուղացու վիճակը չի բարելավվում։ Հիմա եթե դրանից ցածր լինի խաղողի գինը, նույնն է, որ մարդուն ասեն՝ կամավոր գնա սնանկացման։ Կրկնում եմ՝ 135-145 դրամը մինիմում գինն է»,- ընդգծեց Արտակ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս