
Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը դեմ են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի կիրառմանը

Ռուսաստանը, Պակիստանը և Չինաստանը դեմ են հանդես եկել եվրոպական երկրների կողմից Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնման (snapback) մեխանիզմի կիրառմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի իրավական և միջազգային հարցերով արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Պաշտոնյան, որը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Չինաստանում ուղեկցում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, նշել է, որ ՇՀԿ ղեկավարները դեմ են արտահայտվել Եվրոպայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ընտրովի մեկնաբանությանը։
Ղարիբաբադին հավելել է, որ ՇՀԿ անդամ պետությունները, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը և Պակիստանը, կտրականապես մերժել են ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը, այսպես կոչված, snapback մեխանիզմի միջոցով։ Պաշտոնյան նշել է, որ եզրափակիչ հայտարարության մեջ կա մի կետ, որը շեշտում է 2231 բանաձևի լիարժեք և պատշաճ կիրառումը:
Ղարիբաբադիի խոսքով՝ սա նշանակում է, որ եվրոպական երկրները չեն կարող ընտրովի կիրառել snapback դրույթը՝ միաժամանակ չկատարելով բանաձևով ստանձնած իրենց պարտավորությունները։
Ղարիբաբադին Թիենծինի գագաթնաժողովի հռչակագրի այն կետը, որում ՇՀԿ երկրների առաջնորդները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ, անվանել է ուժեղ և մեծ նշանակություն ունեցող։
Ավելի վաղ «եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հայտարարել էին, որ նախատեսում են գործարկել snapback մեխանիզմը, որը կերկարաձգի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Թեհրանի դեմ 2015 թվականի համաձայնագրով չեղարկված պատժամիջոցները, եթե Իրանը չհամաձայնի նոր միջուկային համաձայնագրի, որը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը մինչև զրո: