Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արմեն Անդրիկյանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը»,– ասաց նա։

Հիշեցնենք` Վարդան Հարությունյանը օգոստոսի 8-ին կալանավորվեց 2 ամսով։ Հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նրան ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։ Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ փաստաբաններ նշում են, որ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ Դեռ նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել:

Տեսանյութեր

Լրահոս