«Պակիստանի հետ հարաբերությունները պետք է դիտարկել ոչ թե որպես «դիվանագիտություն», այլ որպես 44-օրյա պատերազմի դավաճանության ծրագրի մի շղթա». Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը ոչ միայն անբացատրելի սխալ է, այլև՝ ազգային ստորացում։ Միթե՞ կարելի է մոռանալ, որ հենց Պակիստանը եղել է այն երկիրը, որը երբեք չի ճանաչել Հայաստանի անկախությունը, մշտապես կանգնել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողքին և ամեն միջազգային հարթակում բացահայտ քվեարկել է Հայաստանի դեմ։

Սա այն Պակիստանն է, որի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները պատերազմի օրերին օգնում էին ազերիներին, կապիտուլյացիայից հետո այցելում Շուշի՝ Էրդողանի և մունդռիկ Հեյդարի լակոտի հետ զվարճանալու։ Նրանք սրբապղծորեն ուրախանում էին մեր ցավի ու ողբերգության վրա։ Այդ այցը ուղիղ ապացույց է, որ Պակիստանը ոչ միայն դաշնակից էր Ադրբեջանի պատերազմում, այլև մասնակցեց մեր հայրենիքի բռնազավթմանը։

Հարց է ծագում․ ինչո՞ւ է Հայաստանը այս պահին ձեռնարկել դիվանագիտական կապեր հաստատել մի պետության հետ, որը գործնականում մեր թշնամին է և թշնամի էլ կմնա։

Սա հարված է մեր ռազմավարական հարաբերություններին Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը վերջին տարիներին Հայաստանի իրական դաշնակիցներից մեկն էր՝ զենքով ու քաղաքական աջակցությամբ։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Փչացնում ենք այդ հարաբերությունները հանուն ի՞նչի։ Հանուն Պակիստանի՞, որը երբեք չի կանգնելու մեր կողքին։

Սա կեղծ խաղաղասիրության դիմակով լցված դավաճանություն է։ Մեզ փորձում են ներկայացնել, որ իբր «բոլորի հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ», բայց իրականում դա նշանակում է մեր դաշնակիցների կորուստ և մեր թշնամիների պարգևատրություն։

Սա ցույց է տալիս, որ Հայաստանում գործում են ոչ թե ազգային մտածողությամբ առաջնորդվող իշխանություններ, այլ արտաքին գործակալներ, որոնք թելադրում են բրիտանացիների, թուրքերի և ադրբեջանցիների օրակարգը։

Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը Հայաստանի համար ոչ մի օգուտ չունի․

Ոչ մի հայ երբեք չի գնալու Պակիստան։

Ոչ մի պակիստանցի երբեք չի գնելու Հայաստանի արտադրանքը։

Ոչ մի քաղաքական հարթակում Պակիստանը չի պաշտպանելու Հայաստանը։

Այս ամենը դառնում է ազգային նվաստացման ակտ, որով մեր իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են անցնել նույնիսկ մեր զոհված հերոսների հիշատակների վրայով։

Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները պետք է դիտարկել ոչ թե որպես «դիվանագիտություն», այլ որպես 44-օրյա պատերազմի դավաճանության ծրագրի մի շղթա»:

Տեսանյութեր

Լրահոս