Ռուսաստանն օգոստոսն օգտագործում է հակամարտություններում իր դիրքերն ամրապնդելու նպատակով. ուկրաինացի փորձագետ

168.am-ի զրուցակիցն է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը:

– Պարոն Գերասիմչուկ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տվյալներով՝ օգոստոսի 13-ին ահաբեկիչները 150-ից ավելի անգամ կրակել են Ուկրաինական ԶՈՒ-ի ուղղությամբ, ինչը ռեկորդային թիվ է Մինսկյան պայմանավորվածություններից հետո: Ինչո՞ւ է ռուսական կողմը վերսկսել լարումն այս գծում հատկապես այս օրերին, երբ շատ է խոսվում, որ Ռուսաստանի դեմ ճնշումների միջազգային օղակը գնալով սեղմվում է, ինչը պետք է որ լավ հասկանան նաև ՌԴ իշխանությունները և փորձեն ելքեր գտնել:

– Ինձ թվում է, որ այդ օրվանից ստեղծված իրավիճակն իրականում կանխատեսելի էր, քանի որ Մինսկյան պայմանավորվածություները լուրջ բեկում չէին, դրանք պարզապես ժամանավորապես հանգցրեցին կրակը շփման գծում, բայց հարաբերական «լռությունից» հետո կրակը նորից բռնկվեց, քանի որ պայմանավորվածությունների պահպանման, դրանք ամրապնդելու ուղղությամբ ոչինչ չարվեց: Ինչ էլ որ արվել է այս ընթացքում, արվել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, և դա էլ՝ ոչ ամբողջ ծավալով, այսինքն` օրինակ, պահանջները Դոնեցկին և Լուգանսկին հատուկ կարգավիճակ օրենսդրորեն շնորհելու վերաբերյալ ուկրաինական կողմը բավարարեց, բայց անջատողականները դա բավարար զիջում չհամարեցին:

Երկրորդ պատճառը, ըստ իս, այն է, որ Ուկրաինայի ներսում որոշակի գործընթացներ են տեղի ունենում:

Օրինակ` մեզ մոտ հոկտեմբեր ամսին նախատեսվում են տեղական ընտրությունները, որոնք շրջանցում են օկուպացված Դոնեցկն ու Լուգանսկը: Այս տարածքներում ևս տեղական իշխանությունները ընտրություններ են նշանակել, և դրանք անցկացվելու են՝ իրենց սեփական սցենարների համաձայն, և քիչ հավանական է, որ կհրավիրվեն միջազգային դիտորդներ, և այլն: Սա այլ հարց է, բայց լարվածություն առաջացնելը, ուկրաինացիների ընտրության վրա ազդեցություն ունենալը, նախագահ Պորոշենկոյի թիմին հեղինակազրկելը ՌԴ-ի և անջատողականների շահերից է բխում:
Վերջին պատճառը, որի համաձայն՝ օգոստոսը կանխատեսելի ամիս էր դարձրել, այն էր, որ հաճախ ՌԴ-ն նախաձեռնում է քայլեր, որոնք չեն համապատասխանում ո՛չ միջազգային իրավունքին, ո՛չ համընդհանուր նորմերին: Օգոստոսն այն ամիսն է, երբ միջազգային ինստիտուտները, կառույցները չեն աշխատում, արձակուրդում են, իսկ ՌԴ-ին դա ձեռնտու է: Օրինակ` ԵՄ-ն լարվածությանը դժվար թե կարողանա օպերատիվ կերպով արձագանքել՝ հավաքելով ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներին և որոշում ընդունելով ՌԴ-ի դեմ, քանի որ սա օգոստոսն է, իսկ ՌԴ-ն կարող է այս փուլն օգտագործել իր դիրքերի ամրապնդման նպատակով, իսկ հետո աշխարհը չի կարողանա ոչինչ անել, քանի որ դիրքերն արդեն ամրապնդված կլինեն, և կմնա միայն այդ փաստին արձագանքելը: Այսինքն` ՌԴ-ն օգոստոս ամիսը սովորաբար օգտագործում է հակամարտություններում իր դիրքերն ամրապնդելու նպատակով:

– Արևմուտքը կարծես վերջնականապես հասկացել է, որ ՌԴ ներկայիս իշխանությունների հետ բանակցություններն Ուկրաինայի շուրջ անիմաստ են, ուստի ՌԴ-ի նկատմամբ քաղաքականությունը վարում է ուժի դիրքերից, կիրառելով համապատասխան միջոցներ, բայց դրանք, ըստ էության, վերջնականապես չեն լռեցնում Ռուսաստանին: Ի՞նչը կլռեցնի՝ ըստ Ձեզ:

– Ռուսաստանին երևի թե կարելի է կանգնեցնել Արևմուտքի «դատավճիռ» որոշմամբ: Ներկայումս տպավորություն է ստեղծվում, որ կան որոշակի փոփոխություններ, որոնցից հետո միայն կփոխվի ռուսական քաղաքականությունը: Առաջինը` դա ՌԴ-ում ռեժիմի փոփոխությունն է, բայց կարճաժամկետ ապագայում դա իրագործելի չի թվում: Նման գործընթացի ուղղությամբ ՌԴ-ին կարող են ուղղորդել պատժամիջոցները, սա կանխատեսելի սցենար է Արևմուտքի համար` կամ ռեժիմը տապալվում է, կամ փոխում իր քաղաքականությունը: Ինչ-որ իմաստով Արևմուտքին հաջողվեց դա անել Իրանում:

Չեմ կարող ասել, թե այդ փորձն այս դեպքում որքանով է տեղին, քանի որ իրավիճակների տարբերությունները շատ են: Բայց սա հաջողված փորձ է:
Շատ փորձագետներ ասում են, որ էական ազդեցություն կգործի ՌԴ-ին SWIFT համակարգից անջատումը, բայց այս դեպքում ևս կասկածում եմ, թե դա որքանով է իրատեսական: Նման պատժամիջոցը, իհարկե, շատ ավելի արագ ազդեցություն կունենա, քան այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են ներկայումս: Բանակցային ձևաչափի փոփոխությունը ևս կարող էր որոշիչ լինել: Այս ձևաչափում կարող է ներգրավվել ԱՄՆ-ը, դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի ներկայիս աշխատակազմը փոխվի:

– Ժամանակ առ ժամանակ Արևմուտք-ՌԴ հարաբերությունները լարվում են, երբ քննարկումներ են սկսվում Բոինգի կործանման պատճառների շուրջ: ՄԱԿ ԳԱ-ում նախատեսվում են հերթական քննարկումները: Ինչպե՞ս այդ փուլը կանդրադառնա իրավիճակի վրա, երբ, ըստ էության, այս հարցում ՌԴ-ն ինքնաբացահայտվեց ՄԱԿ ԱԽ-ում, ինչը բավականին ցավոտ է ընկալվում նույն ՌԴ-ի կողմից:

– Այս քննարկումները միայն հեղինակության վրա են անդրադառնալու և հոգեբանական նշանակություն են ունենալու: Եթե անկեղծ խոսվի ՌԴ մասնակցության մասին, ապա դրանք չեն ունենա հետևանքներ ՌԴ-ի համար: ՌԴ-ի միջազգային հեղինակությունն առանց այն էլ ընկած է, քիչ հավանական է, որ ավելի ընկնի: Հետևանքներ ՌԴ-ի համար այս ամենից չեն լինի: Պարզապես Ուկրաինան շահագրգռված է բացահայտմամբ, որպեսզի միջազգային հանրությունն ընդունի փաստերը և դրանք իրենց անուններով կոչի:

– Ի՞նչ կարելի է սպասել հետխորհրդային տարածքում, որտեղ շատ են հակամարտությունները, որոնց միջոցով ժամանակ առ ժամանակ ՌԴ-ն պատասխանում է Արևմուտքին:

– Ուկրաինական ճգնաժամն իր դրական և բացասական կողմերն ունեցավ Հարավային Կովկասի համար: Մի կողմից՝ դրականն այն է, որ իրականում Ուկրաինայում պատերազմը դարձավ ռեսուրս ծախսելու մի տեղ՝ Ռուսաստանի համար, և դա հիմքեր է տալիս ենթադրելու, որ Ռուսաստանը՝ պայմանավորված նրանով, որ շատ զբաղված է ուկրաինական պատերազմով, հեռու կմնա սադրանքներ նախաձեռնելուց հարավկովկասյան երկրներում, որը հնարավորություն է տալիս, որպեսզի լռեն հայ-ադրբեջանական, վրացական, մերձդնեստրյան ուղղությունները: Երկրորդ` այն, ինչ թվում էր այլընտրանք Եվրոպական միությանը, ինչ-որ առումով հասկանալի է, որ այդ այլընտրանքը չի գործելու հենց նույն այդ պատժամիջոցների հետևանքով: Սրանում ևս դրական բան կա, քանի որ սա որոշիչ հանգամանք կդառնա այն երկրների համար, որոնք ԵՏՄ-ից տնտեսական օգուտներ ստանալու հույսեր ունեին, այսօր այդ հույսերը մարում են, քանի որ ՌԴ-ն չունի ռեսուրսներ այդ միությունը ոտքի կանգնեցնելու համար: Սա հույս է տալիս, որ այլ միությունները կսկսեն գործել:

 

Տեսանյութեր

Լրահոս