Բաժիններ՝

Որպեսզի հիշողությունը ծառայի մեզ. Ռուբեն Վարդանյան և Էլի Ուիզել

Հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելը համատեղ հոդված են հրապարակել The World Post-ում՝ ցեղասպանությունների և դրանց հետ կապված իրողությունները հիշելու կարևորության մասին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։

Induce Memory to Serve Us (ստիպել հիշողությանը՝ ծառայել մեզ)

Բոկո Հարամի կողմից Աֆրիկայում, Թալիբանի կողմից՝  Աֆղանստանում և Իսլամական պետության կողմից՝ ողջ Մերձավոր Արևելքում շարունակվող բռնությունների մասին լուրերը թույլ են տալիս ասել, որ 21-րդ դարում մարդու իրավունքների և արժանապատվության  խախտումներն աճում են ավելի արագ, քան երբևէ նախկինում:

Հնարավոր է, որ այդպես է: Կամ հնարավոր է, որ վիզուալ պատկերների շնորհիվ մենք այժմ ավելի տեղեկացված ենք մարդու նկատմամբ մարդկանց դաժանություններին, որոնք դեռ անսանձ են և համառ կերպով շարունակում են անպատժելի մնալ:

Որպես անհատներ, ովքեր տեսել են այդ ավերածությունները՝ անցյալում և ներկայում, տեսել են անմիջապես, ոչ թե պատկերների միջոցով, մենք համոզված ենք, որ ճշմարտությունը շատ բարդ է, բայց նաև՝ ավելի հուսադրող:

Մենք միասին հասել ենք ժամանակակից դարաշրջանի առաջին ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանգրվանին. հանցագործություն, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից՝ սեփական հայ բնակչության դեմ: Մենք հավաքվել ենք՝ ասելու, որ անցյալի և ներկայի մարդկային տառապանքների միջավայրում մենք գործելու ենք նման բռնությունները նվազեցնելու համար։ Գործելու ենք նույն հետևողականությամբ և հրապարակայնությամբ, ինչպես հենց այդ բռնությունների հեղինակները։

Մինչ քաղաքական և հասարակական գործիչները քննարկում են մարդու հիմնարար՝ կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները, մյուսներս կարող ենք, ավելի ճիշտ՝ պետք է կենտրոնական տեղ զբաղեցնենք միջազգային դիսկուրսում, օգտագործենք անցյալի մատուցած դաժան դասերը և հպարտանանք հաղթահարելու, աճելու և այն մարդկանց քաջալերելու մեր ունակությամբ, ովքեր բռնության և չարության փոխարեն՝ ընտրել են բարությունն ու մարդասիրությունը:

Ինչպե՞ս կարող է անցյալի անարդարությունների մասին հիշելն օգնել մեզ պայքարել մարդու իրավունքների այն բազմազան խախտումների դեմ, որոնք այսօր տեղի են ունենում:

20-րդ դարի վաղ շրջանում տեղի ունեցած Ցեղասպանության ընթացքում աքսորից, ջարդերից և խոշտանգումներից փրկված հայերի պատմությունները, հրեաների պատմությունը, ովքեր դիմացել են Հիտլերին և նրա սպանդին, ռուանդացիները, ովքեր անասելի բռնությունների զոհ են դարձել, սկսել են իրենց կյանքը նորից կառուցել, Սուդանի ժողովուրդը, անկախ մարդածին և բնական աղետներից, շարունակում են ապրել. այս պատմությունները մեզ սովորեցնում են, որ ոչ մի ժամանակաշրջան և ոչ մի կրոն ապահովագրված չեն քաղաքական և հասարակական ուժերից, որոնք կարող են հարևանին դարձնել հանցագործ:

Անցյալում տեղի ունեցած մարդկային վայրագությունները մոռանալը կամ անտեսելը,  այն, ինչ կատարվում է հիմա, այսօր, աշխարհի շատ վայրերում, ոչ միայն անսիրտ մոտեցում է, այլ նաև անհեռատես, որովհետև դա թույլ է տալիս, որ վայրագությունները կրկնվեն ավելի հաճախ ու մեզ ավելի մոտ:

Դա շատ վատ է: Սակայն հավասարապես վտանգավոր է, երբ անտեսվում են մարդկային խիզախության ապշեցուցիչ և ռիսկային դրսևորումները, որոնք հակառակվում են բռնությանը և պաշտպանում են մեր իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը:  Մոռանալով այդ ամենը՝ մենք մարդկային պատմության տարեգրությունը զիջում ենք ոչ թե նրանց, ովքեր փրկել և կառուցել են, այլ նրանց, ովքեր կործանել են։

Օսկար Շինդլերը, ում կերպարն անմահացրել է Սթիվեն Սփիլբերգը՝ իր դասական ֆիլմում, ցույց է տվել մեզ, որ մեկ ազնիվ մարդը կարող է պայքարել հարյուրավոր մարդկանց համար:

Քարեն Ջեպպեն 27-ամյա միսիոներ էր, ով Դանիայից Հայաստան եկավ՝ օգնելու համար Հայոց ցեղասպանության ժամանակ որբացած կամ դեպի անապատ քշված հայ կանանց: Քարենին հաջողվեց փրկել և օգնել մոտ  2000 հոգու՝ այն  200 հազարից, որոնց ճակատագիրը մահն էր:

Մեկ դար առաջ մի խումբ հոգատար և մեծահոգի մարդիկ հանդիպեցին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում և տվեցին օգնություն՝ 117 միլիոն դոլար (որն այսօր համարժեք է 2.7 միլիարդ դոլարի), որպեսզի կամավոր բժիշկներ և բուժքույրեր ուղարկեն՝ օգնելու հայ փախստականներին: Նրանց օգնությունը բազում մարդկանց փրկեց սովից և մահից: Այդ փրկվածների ժառանգներն այսօր գիտնականներ են, նախարարներ, արտիստներ, մարզիկներ, գործարարներ և մանկավարժներ: Նրանք ապրում են՝ երախտապարտ զգալով այդ անծանոթ մարդկանց բարության և մարդկության համար:

2006 թվականին Դենվերից մի գործարար և Սուդանից երկու փախստական  զարգացրին Նուբայի ջրի ծրագիրը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, ովքեր ապրում են Սուդանի հեռավոր շրջաններում և հալածվում են իրենց սեփական կառավարության կողմից:

Այս պատմությունները հույս են ներշնչում, քանզի դրանք ցույց են տալիս, որ անկախ որոշ քաղաքական և սոցիալական ուժերի կողմից ոչնչացնելու նպատակ ունեցող քայլերից՝ հարևաններն այդ հարցում երբեմն դարձել են ոչ թե նրանց համախոհներ, այլ տուժածներին օգնողներ, անգամ՝ փրկիչներ: Որովհետև մարդկային անհատական գործողությունները կյանք են պարգևել այնտեղ, որտեղ կարող էր միայն մահ լինել:

Մեր «100 կյանք» նոր նախաձեռնությունը կճանաչի և կքաջալերի փրկությանն ուղղված գործողությունները, որոնք կատարվել են մարդկանց կողմից՝ աշխարհի տարբեր մասերում: Ամեն տարի «100 կյանքը» կշնորհի համաշխարհային մարդասիրական մրցանակ՝ «Ավրորա» (Aurora Prize for Awakening Humanity)՝ 1 միլիոն դոլարի չափով: Այս նախաձեռնությունն ու դրամական մրցանակն իրենց ներդրումը կունենան համաշխարհային մասշտաբով ներդրվող այն ջանքերի մեջ, որոնք նպատակ ունեն մեծացնել հասարակական գիտակցությունը և որոշակի գործողությունների միջոցով պաշտպանել առավել խոցելիներին։

Ցեղասպանության ցանկացած տարելիցն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե մենք միասին աշխատենք՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր դիմադրել և պայքարել են, ինչպես նաև նրանց, ովքեր դիմանում և հակահարված են տալիս հիմա: Մենք կմեծարենք և կաջակցենք նրանց՝ ոչ միայն շնորհակալություն հայտնելով, այլև նրանց միանալով:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարում՝ Օսկար Շինդլերը (Իսրայել, 1962)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս