Արաբա-իրանական հարաբերությունները չեն կարող «կառուցվել առճակատման վրա. ԱՄԷ-ի նախագահի խորհրդական

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարգաշը խստորեն քննադատել է Իրանի և նրա արաբ հարևանների հարաբերություններում առկա «առճակատումներն ու հակամարտությունները» և վերստին կոչ է արել բանակցությունների միջոցով հասնել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի «քաղաքական լուծմանը»։

Գարգաշն այդ հայտարարություններն արել է X հարթակում կատարած հրապարակման մեջ՝ այն բանից քիչ անց, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնեց պատերազմի ժամանակ նրա դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների կատարած գաղտնի այցի մասին։

«Մենք չենք ձգտել այս պատերազմին և անկեղծորեն աշխատել ենք դրանից խուսափելու համար,- X-ում գրել է Գարգաշը։ -Պարսից ծոցի տարածաշրջանում արաբա-իրանական հարաբերությունները չեն կարող կառուցվել առճակատման և հակամարտությունների վրա մի տարածաշրջանում, որի ժողովուրդները կապված են աշխարհագրական և պատմական խոր կապերով»։

Նա հավելել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանությունը «սրբազան պարտք է», և որ երկիրը «պաշտպանելու է իր ինքնիշխանությունը»։ Սակայն, ըստ նրա, Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնահերթությունը մնում է քաղաքական լուծումների ձեռքբերումը։ «Մինչ աշխարհը հետևում է ԱՄՆ նախագահի՝ Չինաստան կատարած առանցքային այցին և թե ինչ կարող է այն նշանակել տարածաշրջանային հետևանքների տեսանկյունից, Արաբական Միացյալ Էմիրություններն այս համատեքստում շարունակում են վերահաստատել բանակցությունների միջոցով քաղաքական լուծման կարևորությունը, որին նրանք հավատարիմ են իրենց բոլոր շփումներում»,- գրել է Գարգաշը։

Նրա հրապարակումից քիչ առաջ Իսրայելն առաջին անգամ հրապարակավ խոստովանեց Նեթանյահուի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։ Իրանի հետ պատերազմի ընթացքում տեղի ունեցած «գաղտնի այցի» ժամանակ նա հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բին Զայիդ Ալ Նահյանի հետ, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։ Ըստ գրասենյակի՝ այցը «հանգեցրել է պատմական բեկման» երկու երկրների հարաբերություններում, սակայն չի հստակեցվել, թե հատկապես երբ է այն տեղի ունեցել և որն է այդ բեկումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031