Չինաստանն օգուտներ է քաղում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմից. WP
Ամերիկյան հետախուզության գաղտնի գնահատականի համաձայն՝ Չինաստանն օգտագործում է Իրանի շուրջ ընթացող պատերազմը՝ ԱՄՆ-ի հաշվին սեփական աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար՝ միաժամանակ ռազմական, տնտեսական, դիվանագիտական և տեղեկատվական ոլորտներում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի համար պատրաստված փաստաթղթին։
Ըստ վերլուծության՝ Պեկինը սպառազինություն է մատակարարել Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցներին, որոնք ենթարկվել են իրանական անօդաչուների և հրթիռների հարվածներին, ընդլայնել է էներգետիկ աջակցությունն այն երկրներին, որոնք տուժել են Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամի պատճառով, ինչպես նաև հետախուզական տվյալներ է հավաքել ամերիկյան զինուժի գործողությունների և կիրառվող զինատեսակների վերաբերյալ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ հակամարտությունը հանգեցրել է ամերիկյան զինամթերքի պաշարների կրճատմանը, որոնք կարող էին անհրաժեշտ լինել Թայվանի շուրջ հնարավոր ճգնաժամի դեպքում։ Միևնույն ժամանակ, սա թույլ է տալիս Չինաստանին Վաշինգտոնին ներկայացնել որպես համաշխարհային կարգն ապակայունացնող ուժ։



