Բաժիններ՝

Երեկոյան կմեկնարկի «24/04 նվագախմբի» համերգն ու կսկսվի ավանդական ջահերով երթը

Այսօր երեկոյան ժամը 21:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կկայանա «24/04 նվագախմբի» համերգը, որը կանցկացվի վերածննդի գաղափարի ներքո: Համերգին կմասնակցեն աշխարհի մոտ 43 երկրներից ժամանած 122 երաժիշտներ, որոնք հիմնականում Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ձեռք մեկնած, Ցեղասպանությունը ճանաչած երկրներից են ժամանել:

Նշենք, որ համերգը նախատեսված էր Հանրապետության հրապարակում, սակայն վատ եղանակի պատճառով քիչ առաջ կազմակերպիչները փոխեցին համերգի ժամն ու վայրը: Մուտքն ազատ է լինելու:

Համերգը բացառիկ է նաև այն առումով, որ կատարվելու է վերջին 100 տարիների ընթացքում ստեղծված հայկական երաժշտությունը։ Ապրիլի 24-ի համերգը կրում է «Վերածնունդ» խորագիրը, բաղկացած է չորս թեմաներից՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում և վերածնունդ:

Համերգն ուղեկցվելու է տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները, կցուցադրվեն տեսարաններ ջարդից, գաղթի ճանապարհից: Համերգին ելույթ կունենան Հայաստանի, Արգենտինայի, Ավստրիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բոլիվիայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Չեխիայի, Դանիայի, Խորվաթիայի, Կուբայի, Կիպրոսի, Էկվադորի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Իրանի, Թունիսի, Իսրայելի, Իտալիայի, Ղազախստանի, Կորեայի, Լատվիայի, Լիտվայի, Մալազիայի Մեքսիկայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Շոտլանդիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Սիրիայի երկրների լավագույն նվագախմբերի երաժիշտները:

Կարդացեք նաև

Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։ Համերգի ֆինանսավորումը կատարում է «Ծառուկյան բարեգործական հիմնադրամը»:

Ջահերով երթ. այսօր ժամը 22:00-ին

Իսկ ավանդական ջահերով երթն այսօր կմեկնարկի ժամը 22:00-ին: Հազարավոր ջահերի երթը կսկսվի Հանրապետության հրապարակից և կուղղվի Ծիծեռնակաբերդ: Ամենամյա ջահերով երթը Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի խորհրդանշական մասն է կազմում: Զոհերի հիշատակին նվիրված երթեր անցկացվում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մի շարք երկրներում: Ներկայացնենք այսօրվա ջահերով երթի երթուղին՝ Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտա-Բարեկամության հրապարակ-Կիևյան փողոց-Կիևյան կամուրջ-Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-Ծիծեռնակաբերդ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս