Բաժիններ՝

Ֆուկուսիմայի աղետից հետո Ճապոնիայում առաջին անգամ թույլատրել են վերսկսել ատոմակայանների աշխատանքը

The Guardian-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կագոսիմա շրջանի դատարանը մերժել է Kyushu Electric Power ընկերության «Սենդայ» ատոմակայանի առաջին և երկրորդ ռեակտորների գործարկման դեմ մի խումբ մարդկանց ներկայացրած հայցը:

Էլեկտրակայանը կարող է իր աշխատանքները վերսկսել արդեն հունիսին: Հայցվոր կողմի փաստաբան Հիրոյուկի Կավաին խորին ափսոսանք է հայտնել դատարանի նման որոշման կապակցությամբ և հայտարարել է, որ իրենք չեն հանձնվելու, պայքարելու են այնքան ժամանակ, մինչև որ չձերբազատվեն երկրում առկա միջուկային բոլոր ռեակտորներից:

Հասարակական կարծիքի հարցումները վկայել են, որ տեղաբնակների մեծ մասը դեմ է հանդես գալիս ատոմակայանների աշխատանքների վերսկսմանը, մինչդեռ վարչապետ Սինձո Աբեն աջակցում է ատոմային ռեակտորների վերաբեռնմանը:

Նա ընդգծել է, որ երկրի տնտեսությունը վերականգնելը չի տրվի հեշտորեն, քանի դեռ երկիրը հարկադրված է ներկրել ածուխ և հեղուկացված գազ: Ճապոնական 48 ատոմակայանների բոլոր ռեակոտրենրն անջատվել են 2011 թվականին տեղի ունեցած 9.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից և դրան հաջորդած Ֆուկուսիմայի աղետից հետո:

Երկրաշարժից հետո գրանցվել էր նաև ցունամի, ինչի հետևանքով զոհվել է 15.800 մարդ, ևս մոտ 3000-ը համարվում են անհետ կորած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս