Անհնար է լինել օլիգարխ և ազնվորեն վճարել հարկերը. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Կիևում «Տնտեսական բարեփոխումների համատեքստում կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով դասախոսության ժամանակ հայտարարել է, որ օլիգարխներն ուկրաինական պետականության թշնամիներն են:
Դասախոսությունը նվիրված է եղել վրացական տնտեսական բարեփոխումների հանրահայտ հեղինակ, Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի հիշատակին: Սաակաշվիլին հայտարարել է. «Օլիգարխները՝ որպես դաս, ուկրաինական պետականության թշնամիներն են, քանի որ օլիգարխի մոտ բնազդը մեկն է, շուրջբոլորը պետք է լինեն թույլ և ոչ հզոր:
Որևէ մեկը չպետք է ունենա պետական աջակցություն, և միայն օլիգարխն իրավունք ունի ստանալ եկամուտներ, տալ ցուցումներ և հրահանգել, թե դեպի ուր շարժվի երկիրը: Օլիգարխներն իրենց փողերը վաստակում են այնպես, որ մնացյալ բոլորը չվաստակեն: Այն բոլոր խոսակցությունները, որ օլիգարխներն են բարձրացրել երկիրը և օգնել են զարգացնել ծանր արդյունաբերությունը, ճշմարտություն չէ և իրականում տեղի է ունեցել ընդհակառակը:
Ինչո՞ւ Լեհաստանում չկան օլիգարխներ: Հենց դրա համար էլ Լեհաստանն այսօր զարգացման հարցում մի քանի անգամ գերազանցում է Ուկրաինային: Հենց որ տնտեսությունը ստեղծում է օլիգարխներ, նա ծնում է նաև աղքատություն, անհեռանկարություն ու անհավասարություն:
Բացի այդ, ապաօլիգարխացման գործընթացն ուղիղ կապ ունի ապաբյուրոկրատացման հետ: Չէ՞ որ օլիգարխն ինքնին վտանգավոր է և իր ազդեցությունն իրականացնում է տարբեր մակարդակի կոռումպացված պաշտոնյաների ու պատգամավորների միջոցով:
Անհրաժեշտ է խզել օլիգարխների կապը քաղաքական գործիչների, պատգամավորների, դատախազների ու դատավորների հետ: Դրանից հետո պետք է հարկադրել վճարել հարկերը: Անհնար է լինել օլիգարխ և ազնվորեն վճարել հարկերը»: