Մենք պատրաստ ենք բացել նաև մեր զինված ուժերի արխիվները. Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության մասին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախագահական նստավայրում թուրք արտահանողների մեջլիսի նախագահ Մեհմեթ Բույուքեքշիի ու նրա պատվիրակությանն ընդունելիս մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը.
«Հռոմի պապը կարճ ժամանակ առաջ այցելել էր Անկարա: Մեզ հետ հանդիպումներում մենք չնկատեցինք խտրականություն դնող քաղաքական գործչի: Ասում եմ կրոնական գործիչ, բայց տեսնում եմ քաղաքական գործչի: 1915 թվականին չեն տուժել միայն հայերը, տուժել են նաև մյուս ժողովուրդները: Նախորդ տարվա ապրիլի 23-ի իմ հայտարարությունը հայտնի է բոլորին:
Մենք նույն տեղում ենք: Եթե մենք ցանկանում ենք այսօր քննարկել հայկական հարցը, ապա անհրաժեշտ է վեր հանել ճշմարտությունը: Դա պատմաբաննների գործն է: Եկեք դա թողնենք պատմաբաններին, թող քննարկեն:
Մենք բացում ենք մեր բոլոր արխիվները: Եթե Հայաստանն էլ ունի արխիվներ, թող բացի, թող ցույց տա փաստաթղթերը: Մենք պատրաստ ենք բացել նաև մեր զինված ուժերի արխիվները»:
Էրդողանը Հռոմի պապին կոչ է արել չկրկնել այդ հայտարարությունը, որը նա որակել է որպես «կոպիտ սխալ և իրադարձությունների միակողմանի գնահատական»: