Ռուսաստանը պատրաստ է որոշակի ակտիվներ ստանալու դիմաց Հունաստանին տրամադրել գազային զեղչ ու նոր վարկեր. աղբյուր
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Մոսկվան պատրաստ է դիտարկել Հունաստանին գազային զեղչ և նոր վարկեր տրամադրելու հարցը, սակայն նրանից ակնկալելու է պատասխան քայլեր: Խոսքը մասնավորապես գնում է Հունաստանում Ռուսաստանի կողմից որոշակի ակտիվներ ստանալու մասին:
Այս մասին թերթին հայտնել է Ռուսաստանի կառավարությունում նրա աղբյուրը. «Մենք պատրաստ ենք դիտարկել Հունաստանին գազային զեղչ հատկացնելու հարցը. դրա գինը պայմանագրով շաղկապված է նավթի գնի հետ, որը վերջին ամիսներին էականորեն նվազել է:
Մենք նաև պատրաստ ենք քննարկել Հունաստանին նոր վարկեր հատկացնելու հնարավորությունը: Սակայն այստեղ մենք մեր հերթին շահագրգռված ենք հանդիպակաց քայլերում, ինչը մասնավորապես վերաբերվում է Հունաստանում Ռուսաստանի կողմից որոշակի ակտիվներ ստանալուն»:
Թերթի զրուցակիցը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչպիսի ակտիվներով է շահագրգռված Մոսկվան: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այսօր ժամանելու է Մոսկվա և վաղը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իր ռուսական այցի շրջանակներում Ցիպրասը հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և պատրիարք Կիրիլի հետ: