Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու հարցը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ զրուցակիցները քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակն ու հաստատել են, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող զինյալները պետք է հավատարիմ մնան հրադադարի ռեժիմին և կատարեն Մինսկյան պայմանավորվածությունների բոլոր կետերը՝ ներառյալ պատանդներին ազատ արձակելը:
Պորոշենկոն ու Մերկելը կողմ են արտահայտվել առաջիկա օրերին «նորմանդական քառյակի» արտգործնախարարների հանդիպում անցկացնելուն՝ քննարկելու համար այժմեական հարցեր: Դա, մասնավորապես, վերաբերում է Մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցում հետագա առաջընթաց գրանցելուն ու Դոնբասում խաղաղապահ առաքելություն իրականացնելուն: