«Մեր ներկայիս զինանշանն ինձ «Մարլբորոյի» նշան է հիշեցնում»
Գեղանկարիչ Սամվել Սևադայի կարծիքով՝ Սովետական Հայաստանի զինանշանը շատ լավ էր արված, պարզապես մուրճ ու մանգաղը կարելի է փոխարինել կամ հավերժության նշանով, կամ էլ խաչի պատկերով. «Վերջիվերջո, մենք քրիստոնյա պետություն ենք»,- ասում է նա: Խոսելով ներկայիս զինանշանի փոփոխության անհրաժեշտության մասին՝ գեղանկարիչն առաջարկում է շրջագծի մեջ գրել՝ Հայաստանի Հանրապետություն, իսկ ներքևի մասում ռուսերեն լեզվով գրվածը փոխարինել անգլերենով: Նրա կարծիքով՝ ամեն ինչի մեջ պարզն ու հասարակն է գեղեցիկ:
«Կարծում եմ՝ նորից նոր բան հնարելու կարիք չկա, ու մնացած շատախոսությունները լրիվ ավելորդ են: Ես դեմ եմ շատախոսությանը, ամեն ինչի մեջ հաճելի ու գեղեցիկ է մինիմալիզմը, ու հատկապես նման պարագաներում, երբ խոսվում է այնպիսի սիմվոլի մասին, որը պետք է հետո հիշվի: Մեր ներկայիս զինանշանն ինձ հիշեցնում է, ասենք, «Մարլբորոյի» նշան, կամ, ասենք՝ «Ֆիլիպ Մորիսի» նշան: Որևէ հայի հարցրեք՝ թող գերբը մեկնաբանի, ասի՝ որն ինչ է նշանակում. շատ բարդ է արված, պետք է պարզ ու դիպուկ բան լինի, բարի մի բան, բարիությունն է պակասում»,- ասում է Սամվել Սևադան:
Իսկ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի կարծիքով՝ հայկական զինանշանի վերաբերյալ քննարկումները տեղին չեն: «Ես մտածում եմ՝ ժամանակ առ ժամանակ այդ հարցը մեջտեղ է գալիս, ու հարցը նոր չէ, հիշում եմ՝ նույնիսկ մի անգամ էլ մրցույթ հայտարարվեց օրհներգի վերաբերյալ, հիմա էլ գերբին հասան: Ժամանա՞կն է արդյոք. ինչքա՜ն պրոբլեմներ ունենք այսօր, հիմա էլ գերբն են ուզում փոխել»: Բանախոսները նաև խոսեցին հայկական դրոշի մասին՝ ասելով, թե ներկայիս դրոշը նորմալ ու մինիմալիստական է արված, բայց եթե համեմատում ենք այլ երկրների դրոշների հետ, օրինակ՝ Վրաստանի, այնտեղ խաչ է պատկերված, ու, ըստ բանախոսների՝ վրացիներն ուզում են հստակ ասել՝ մենք քրիստոնյա ազգ ենք, իսկ մուսուլմանական պետությունների դրոշների վրա կիսալուսինն է պատկերված, և նրանք չեն խուսափում խաչից: Ըստ բանախոսների՝ այստեղ հարց է առաջանում. մենք ինչո՞ւ ենք խաչից խուսափում, երբ մենք ենք առաջինն ընդունել քրիստոնեությունը: Սամվել Սևադայի խոսքով՝ պարտադիր չէ դրոշի վրա խաչ պատկերված լինի, բայց կարելի է հավերժության նշանը պատկերել, չէ՞ որ շատերի դրոշակներն են միանման եռագույն:
Թե՛ Սամվել Սևադան, թե՛ Հովհաննես Թոքմաջյանը կողմ են, որպեսզի փոփոխվի նաև Հայաստանի հիմնը: Ըստ քանդակագործի՝ ներկայիս հիմնի բառերն ամենևին չեն համապատասխանում մեզ, իսկ երգի վերնագիրը՝ «Իտալացի աղջկա երգը», առավել ևս կապ չունի մեզ հետ:
Գեղանկարիչ Սամվել Սևադան նշեց, որ իրեն շատ դուր է գալիս Տիգրան Մանսուրյանի՝ «Ես իմ անուշ Հայաստանի» երաժշտության տարբերակը, ինչը, ըստ նրա՝ կարող է մեզ որպես իսկական հիմն ծառայել. «Վերջերս ուշադիր լսեցի Տիգրան Մանսուրյանի «Ես իմ անուշ Հայաստանի» երաժշտության տարբերակը ու հասկացա, որ Տիգրանը մտքում հիմն է գրել, ու դա իսկական հիմնի նման է, այդ երաժշտությունը շատ լավ կարող է հիմն դառնալ: Եթե Տիգրանն այսօր կենդանի է, ու նրա տարբերակը չցանկացողները շատ են, ապա Արամ Խաչատրյանի երաժշտությունը կա ու կա: Մենք երկու տարբերակ ունենք, բայց այս «խեղճ ու կրակ» հիմնը պետք է հանել»: