Հայաստանը որևէ պարագայում չպետք է մասնակցի հակաիրանական գործողությունների. այստեղից չպետք է հետախուզություն իրականացվի Իրանի հյուսիսի նկատմամբ. Հրանտ Միքայելյան

«Մենք հետևում ենք Իրանին… շատ նավեր շարժվում են այդ ուղղությամբ, համենայն դեպս…»։ «Մենք մեծ ուժեր ենք ուղարկում դեպի Իրան»,- նախօրեին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը՝ դրանք նկարագրելով՝ որպես «արմադա» և «հսկայական նավատորմ», բայց հավելելով՝ «Գուցե դրանք օգտագործելու հարկ չունենանք»։ Իրանական կողմն այս հայտարարություններին հակադարձեց հնարավոր ցանկացած հարձակման պարագայում լրջագույն պատասխանով:

Ի՞նչ հնարավոր զարգացումներ կհաջորդեն այս հայտարարություններին՝ հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց. «Երկու կողմն էլ բավականին կաշկանդված է. Իրանի իշխանությունները չեն ուզում ԱՄՆ-ի հետ հարաբերություններ սրել, որովհետև Իրանն առանց այն էլ բարդ իրավիճակում է, իսկ ԱՄՆ-ը ի վիճակի չէ կորուստներ ունենալ: Այսինքն՝ եթե ԱՄՆ-ը օպերացիա իրականացնի, բայց այն տապալվի, դա Թրամփի համար լրջագույն պարտություն է լինելու: Հենց այս պատճառով էր դիվանագիտական առևտրի փորձը, ինչին ականատես եղանք»:

Ամեն դեպքում «արմադա»-ի մոտենալու մասին Թրամփի հայտարարությունները քաղաքագետը սուր բնորոշեց՝ չբացառելով Իրանի ուղղությամբ հավանական հարվածի հեռանկարը:

«Իրանն ունի իր խոսքը քաշով ապահովելու կարիք, և սա լինելու է գլխավոր մարտահրավերը. այսինքն՝ ի՞նչ կարող անել Իրանը ու ի՞նչ գործողություններ է անելու՝ հաշվի առնելով ներքին ու արտաքին գործոնները:

Կարդացեք նաև

Իրանը զիջումների չի գնա, ԱՄՆ-ը ինչ-որ պահի հարվածելու է, բայց գլխավոր հարցն այն է, թե Իրանը կարողանալո՞ւ է արդյոք լուրջ վնաս հասցնել ԱՄՆ-ին: Անորոշությունները շատ են»,- հավելեց Հրանտ Միքայելյանը:

Հարցին, թե այս իրավիճակում ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը, երբ մի կողմում ավանդաբար բարեկամ համարվող Իրանն է, մյուս կողմում՝ ԱՄՆ-ը, որ դիրքավորվել է՝ իբրև տարածաշրջանի խաղաղարար, վերլուծաբանը պատասխանեց՝ շեշտմամբ, որ Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի:

«Հայաստանի համար Իրանը կարևորագույն և բարեկամական պետություն է, բայց մյուս կողմից՝ չենք կարող անտեսել Իրանի պարտության վտանգը: Հայաստանը պետք է բավարարվի հումանիտար աջակցությամբ՝ ըստ անհրաժեշտության, Հայաստանը չունի հնարավորություն իր դիրքորոշմամբ ինչ-որ բան փոխելու,- մանրամասնեց նա, ապա շեշտեց,- Հայաստանը չպետք է որևէ պարագայում մասնակցի հակաիրանական գործողությունների, Հայաստանից չպետք է հետախուզություն իրականացվի Իրանի հյուսիսի նկատմամբ և Հայաստանից չպետք է որևէ կրակոց լինի Իրանի ուղղությամբ»:

Քանի որ իրանական կողմը հայտարարեց, որ ռեգիոնի երկրների համար ծանր հետևանքներ կլինեն Իրանի դեմ ցանկացած գործողության աջակցելու պարագայում, Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ր երկրներն են այս հայտարարության հասցեատերը նախևառաջ. Ադրբեջա՞նը, Թուրքիա՞ն:

«Իրանի սպառնալիքն, ըստ իս, ուղղված է նաև Ադրբեջանին, Հայաստանին ու Իրաքին: Իրաքում ամերիկյան ու թուրքական ազդեցությունը շարունակում է բարձր մնալ, Ադրբեջանն արդեն իրեն ցույց է տվել իսրայելական հարձակման ժամանակ՝ թեև սահմանափակ մանակցությամբ, իսկ Հայաստանը, իհարկե, 2025 թվականի հունիսի իսրայելական հարձակման ժամանակ որևէ աջակցություն չի ցուցաբերել, սակայն այսօր իրանական մտահոգությունն այն է, որ Հայաստանում աճում է ամերիկյան ազդեցությունը:

Եթե հիշենք Իրանի նորանշանակ դեսպանի կոշտ հայտարարությունները, ապա տեսնում ենք՝ Իրանում մտահոգված են Հայաստանի դիրքորոշմամբ, Թրամփ-Ալիև-Փաշինյան ձևաչափով վերջին գործընթացներով»,- նշեց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս