ՎԱԽԵՆԱԼԻՔ Է. ԻՆՉՈ՞Ւ ՎԱԶԵՑԻՐ ԴԱՎՈՍ, ՍՈ՞ՒՐՃ ՊԻՏԻ ԵՓԵՍ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԱԼԻԵՎԸ ԳԻՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԻՐ ՁԵՌՔՈՒՄ Է. ՐԱՖՖԻ ՖԻԼԻՊ-ԿԱԼՖԱՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Վաշինգտոնից օրերս հնչած հայտարարությունները TRIPP-ի փաստաթղթի վերաբերյալ հստակ չեն։ Միայն գիտենք, որ բաժնեմասերի հարաբերակցությունը հետևյալն է՝ 74%-ն ԱՄՆ-ինն է, 26%-ը՝ Հայաստանինը, և, որ կառուցապատող ընկերությունն ու այդ տարածքներն ԱՄՆ վերահսկողության տակ են լինելու։ Եվ թեպետ թղթի վրա տարածքը դեռ Հայաստանի սահմաններում է, բայց այլևս վերահսկողություն չկա, ինչը նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսելն ավելորդ է։
  • Դավոսում Ալիևը հստակ ասաց՝ TRIPP-ի ճանապարհին Միջին Ասիայի և Եվրոպայի միջև ընկած երկիրն Ադրբեջանն է։ Նա չասաց՝ Սյունիքը կամ Հայաստանը, այլ՝ հենց Ադրբեջանը։ Սա նշանակում է, որ ինքն իր ուզած ձևով, իր ուզած պայմաններով կշահագործի այդ ճանապարհը։ Ալիևը վերահսկողություն ունի ողջ այս գործընթացի վրա։
  • Ալիևը հիմա ավելի լուռ է, չի դիմում ռազմական միջամտության, որովհետև գիտի՝ Հայաստանի ապագան իր ձեռքերում է։
  • Այսօր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունները որոշում է Իսրայելը, և Իսրայելը պնդում է, որ ԱՄՆ-ը հարվածի Իրանին։ Իսրայելը չի ուզում, որ Իրանը ոչ միայն միջուկային զենք, այլև բալիստիկ հրթիռներ ունենա։ Իսրայելի պլանը շատ հստակ է՝ թուլացնել ու քանդել Իրանը, ինչպես քանդեցին Իրաքն ու Սիրիան։ Այս խաղի մեջ Հայաստանը ոչ մի դեր չունի։
  • Այսօր Հայաստանը ռազմավարություն չունի, թեթև, պրիմիտիվ քաղաքականություն է վարում, և ոչ ոք չի մտածում՝ ինչ կլինի, երբ Թրամփն իշխանություն չունենա ավելի շուտ, քան մենք մտածում ենք։ Թրամփն ԱՄՆ ներսում լուրջ խնդիրներ ունի:

Կարդացեք նաև

  • Այո, ճիշտ են այն տեսակետները, որ այսպիսով Հայաստանը վերածվում է Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի:
  • Եթե ԱՄՆ-ը ուզենա իր բաժնեմասերը հանձնել Թուրքիային կամ Ադրբեջանին, Հայաստանը ոչինչ անել չի կարող։ Եվ հավանաբար հենց այդպես էլ կլինի․ այդ ճանապարհը կվերահսկի Թուրքիան։
  • Կանադայի վարչապետն օրեր առաջ շատ լավ բացատրեց՝ ինչ պետք է անեն փոքր երկրները։ Ավելի լավ էր՝ դրան ականջալուր լինել, քան վազել Դավոս։ TRIPP-ի ճանապարհով Հայաստանը խնդիրներ է ստեղծում Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի համար։
  • TRIPP-ի փաստաթուղթն իրավական ուժ չունի․ այն պարզ պայմանագիր է բիզնեսի մասին, այլ ոչ՝ միջազգային պայմանագիր։
  • Գետնի վրա մենք այդ ճանապարհից ոչինչ չենք ստանում, բացի կեղծ «խաղաղությունից»։ Հայաստանը ժամանակավոր խաղաղություն կունենա։ Ինչո՞ւ ժամանակավոր․․․ Որովհետև Ադրբեջանի նպատակը շատ հստակ է՝ նրանք պատրաստվում են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձին։ 

Նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» կոչված կազմակերպությունը միջազգային կոնֆերանս էր կազմակերպել, որին մասնակցում էին 60 երկրների 100 ղեկավարներ։ 3 հարց էր քննարկվում՝ ադրբեջանցիների վերադարձ, Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանություն, Արցախում Ադրբեջանի մշակութային արժեքների ոչնչացում… Նրանք հետամուտ են և ամեն ինչ անելու են, որ իրենց այս ծրագրերն իրականություն դարձնեն: Եթե իրենք իրենց այս ծրագիրն էլ իրականացնեն, Հայաստանից ի՞նչ կմնա։

  • Հիմա Հայաստանն ամբողջությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ազդեցության ներքո է, և Իրանը դա տեսնում է։ Կրկին հանգում ենք այն մտքին, որ Հայաստանը ռազմավարություն չունի։ Եվ եթե այս պայմաններում Իրանը թշնամի էլ չդառնա, ապա հաստատ որևէ վստահություն չի ունենա Հայաստանի վերաբերյալ։
  • Ինչպե՞ս կարող է Փաշինյանը գնալ Դավոս ու ստորագրել «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը, երբ տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, մերժեց ստորագրել ու դիմադրում է, որովհետև նպատակը պարզ է՝ Թրամփը և Իսրայելն ուզում են քանդել ՄԱԿ-ը, իսկ Հայաստանն ինքնակամ մտավ այդ ծրագրի մեջ և օգնում է նրանց քանդել ՄԱԿ-ը։ Այն դեպքում, երբ ՄԱԿ-ն այսօր միակ կազմակերպությունն է, որը պաշտպանում է միջազգային իրավունքը, միակ կազմակերպությունն է, որ դատապարտում է Իսրայելին։ Չմոռանանք, որ Երուսաղեմում ՄԱԿ-ի շենքերը լուծարեցին ու աշխատակիցներին հանեցին։

Հիշեցնենք. 2024թ. Իսրայելի իշխանությունները քայլեր ձեռնարկեցին UNRWA-ի (ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպություն) դեմ։ Իսրայելի հողային վարչությունը հայտարարել էր Արևելյան Երուսաղեմում գտնվող UNRWA-ի կենտրոնակայանի տարածքը բռնագրավելու մտադրության մասին։ Իսրայելի Կնեսետը (խորհրդարան) օրենք էր ընդունել, որն արգելում է UNRWA-ի գործունեությունը Իսրայելի տարածքում՝ մեղադրելով կազմակերպության որոշ անդամների՝ ՀԱՄԱՍ-ի հետ կապեր ունենալու մեջ։ Դրանից անմիջապես հետո Իսրայելի հողային վարչությունը հրամայեց UNRWA-ին 30 օրվա ընթացքում ազատել Երուսաղեմի Մաալոտ Դաֆնա թաղամասում գտնվող իրենց գլխավոր գրասենյակը (կենտրոնակայանը)։ Պատճառաբանությունն այն էր, որ նրանք խախտել են վարձակալության պայմանները և տարածքն օգտագործել են առանց թույլտվության։ Սկսվեցին գրասենյակների փակման և աշխատակիցների դուրսբերման գործնական քայլերը։ Իսրայելական կողմը հայտարարեց, որ այդ տարածքում կառուցվելու է բնակելի թաղամաս։

  • Ալիևը հարուստ է, կմուծի «Խաղաղության խորհրդի» անդամության վճարը՝ 1 միլիարդ դոլարը, ու կդառնա հիմնադիր անդամ։ Իսկ Հայաստանն ի՞նչ պիտի անի… Սո՞ւրճ պիտի եփի նրանց համար։ Մենք այդտեղ ի՞նչ գործ ունենք։
  • Այո՛, հիմա Հայաստանն Իրանի համար վտանգավոր դարձավ, բայց չեմ կարծում՝ Իրանն ագրեսիվ քայլերի կդիմի Հայաստանի դեմ։ Եթե նման բան անի, Թրամփին ու Իսրայելին իր վրա հարձակվելու առիթ կտա։ Դժբախտաբար, հիմա տարբեր պատճառներով Ռուսաստանն ու Իրանը շատ լուրջ խնդիրների մեջ են։
  • Եվրոպայի այսօրվա թշնամին միայն Ռուսաստանն է, և իրենց այդ մտասևեռման պատճառով տանուլ տվեցին ողջ եվրոպական արժեքները։ ԵՄ-ն իրենցից հիբրիդային վտանգ ներկայացնող անձանց ցանկ ունի, սև ցուցակ։ Սա ուղղակի ծիծաղելի է։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ռուս-ուկրաինական պատերազմի մասին իրականությունն են ասում։ Ում ուզում են, կարող են մտցնել այդ ցանկի՝ սև ցուցակի մեջ․ ոչ մի բացատրություն ու չափանիշ այդ ցուցակում հայտնվելու համար չկա։

  • Հիբրիդային պատերազմ ասվածը Հայաստանում իշխանությունները կօգտագործեն ընտրություններից առաջ՝ բոլոր մրցակիցների, իրենց քննադատողների, քաղաքական ուժերի, բոլորի դեմ։ Պատահական չէ, որ այսօր Խորհրդարանում հրատապության կարգով բերվեց դիտորդական առաքելությունների մասին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որ ոչ իշխանական դիտորդներին թույլ չտան դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ։ Այս գործում Հայաստանն ունի Եվրամիության աջակցությունը։
  • Հստակ է, որ Ադրբեջանն ուզում էր իր վարկանիշն ու դիրքը բարձրացնել, դրա համար հանձնեց 4 հայ գերիներին։ Բայց մենք տեսնում ենք, որ անգամ այդ պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան իրենց շահն են առաջ տանում։ 4 գերիներից 2-ն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեին, Ալիևը գիտեր՝ ում է տալիս։ Փոխարենը՝ ստացան 2 հանցագործների՝ սիրիացի վարձկան ահաբեկիչների։ Ադրբեջանն իր գործն է անում, ես դատապարտում եմ Հայաստանի անգործությունը։

  • Ոչ միայն Սփյուռքն է խենթանում՝ այդ վիճակը տեսնելով, այլև Հայաստանում իրավաբանները չեն հասկանում՝ ինչպե՞ս կարելի է հրաժարվել միջազգային հայցերից։
  • Հայաստանում մարդու իրավունքների խախտումների, քաղբանտարկյալների առկայության վրա եվրոպական միջազգային իրավապաշտպան կառույցներն աչք են փակում, որովհետև ուզում են, որ Հայաստանում շարունակի իշխանության մնալ հակառուսական իշխանություն։ Այսօր Հայաստանում մեկ կուսակցության, մեկ մարդու իշխանություն է։
  • Սփյուռքի ժողովուրդն ամբողջովին չի գիտակցում՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում՝ կապված Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ իշխանության հարձակումների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս