ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԵՆԶԻՆԸ՝ ՈՐՊԵՍ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ. 1,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ ԵՎ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ. ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման Քաղաքական խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։
Խոսելով «ՔՊ» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին երեկ՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված օրինագծի մասին՝ Արմեն Մանվելյանը հայտարարեց, որ այն հիմնականում ուղղված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «ՀայաՔվե»-ի դիտորդական առաքելությանը խոչընդոտելուն, որը փորձում է թույլ չտալ տեղական կամ համապետական ընտրություններում գործող իշխանությունների կողմից ընտրակեղծարարությունը։
««ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորումը բավական լայն դիտորդական առաքելություն է իրականացնում և ամենախոշոր դիտորդական կառույցներից մեկն է։ Մենք մեր մուտքով լրիվ փոխել ենք դիտորդական առաքելություն հասկացությունը, քանի որ մեզ համար ժողովրդավարությունը և ընտրությունների համակարգի թափանցիկությունը շատ կարևոր են, և սա միանշանակ դուր չի գալիս օրվա քաղաքական ռեժիմին։ Սա նաև խոսում է այն մասին, որ նրանք փորձում են սրա դեմն առնել և փորձում են սահմանափակել մեր մասնակցությունը դիտորդական գործընթացին՝ նաև փորձելով ազդել խոսքի ազատության մեր իրավունքի վրա։ Իրենց հիմնական թեզն այն է, թե «ՀայաՔվե»-ն քաղաքականապես չեզոք չէ, բայց ներեցեք, քաղաքական չեզոքությունը միայն ընտրություններին է վերաբերում»,- պարզաբանեց «ՀայաՔվե»-ի ներկայացուցիչը։
Արմեն Մանվելյանի խոսքով՝ Փաշինյանի ռեժիմը ոչ միայն լայնորեն չարաշահում է վարչական ռեսուրսը և կիրառում այլ մեթոդներ, այլև առաջիկա ընտրություններին ընդառաջ աջակցություն է ստանում արտաքին դերակատարներից՝ շահարկելով Ադրբեջանից ներկրված էժան բենզինը։
Փորձագետի խոսքով՝ արդեն Ադրբեջանն է ներխուժում հայաստանյան ներընտրական գործընթաց՝ Հայաստան ուղարկելով էժան բենզին, որն իշխանությունները բաժանում են որպես ընտրակաշառք՝ հայտարարելով, որ, եթե ընտրեք ընդդիմադիր ուժերին, ապա Ադրբեջանից էժան բենզին կամ էժան ցորեն չի գա։
Արմեն Մանվելյանի խոսքով՝ խաղաղության այս օրակարգն առաջ քաշելով՝ իրականում իշխանությունները տանում են Հայաստանի թուրք-ադրբեջանական գաղութացման, տանում են նոր ցեղասպանության։
«Հայաստանը վերածվում է կիսագաղութային մի համակարգի, որտեղ Բաքվից ու Անկարայից են որոշելու՝ ով է լինելու այս վիլայեթի ղեկավարը՝ Փաշինյան ազգանունո՞վ, թե՞ այլ ազգանուն է կրելու այդ անձը, ուստի այս ճանապարհին նրանք քանդում են այն խորհրդանիշները, որոնց շուրջ կառուցված է եղել հայ ազգային ինքնությունը՝ Արցախի հաղթանակը, հզոր հայկական բանակը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ցեղասպանության հիշողությունը։ Սա մի բանի մասին է խոսում, որ այս մարդիկ իրական վտանգ են ներկայացնում հայ ժողովրդի համար, և եթե, Աստված չանի՝ իրենք ընտրվեն, ապա մեզ հետ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Արցախում»,– հայտարարում է Արմեն Մանվելյանը։
«ՀայաՔվե»-ի ներկայացուցիչը ցավով արձանագրում է, որ Արցախի բռնազավթումից, ըստ էության, որևէ դաս չենք քաղել։
Ըստ նրա՝ այսօր գոյություն ունի միայն մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության գոյության և շարունակականության խնդիրը, հակառակ դեպքում Հայաստանը շատ արագ տեմպերով վերածվելու է թուրք-ադրբեջանական վիլայեթի։
«Այսօր մարդիկ չեն խոսում Արցախի մասին։ Եթե Աստված չանի՝ սրանք վերարտադրվեն ու Սյունիքն էլ հանձնեն, վաղը Սյունիքից էլ չեն խոսելու։ Իհարկե, վատ բան եմ ասում, բայց եկեք վատագույն սցենարով նայենք իրավիճակին։ Սրա կանխելու լավագույն ձևն ընտրությունների միջոցով այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է։ Ընդդիմությունը պետք է հասկանա՝ կան մի շարք հարցեր, որոնց շուրջ մենք պետք է միավորված լինենք, միասնական լինենք»,- կարծում է Արմեն Մանվելյանը։
Հայաստանի գաղութացմանը կամ «վիլայեթացմանն» ուղղված փաշինյանական նախաձեռնություններից մեկը փորձագետը համարում է Հայաստանն Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեծ դնելուն ուղղված քայլերը, և այդ թվում՝ Փաշինյանի այս շաբաթվա այն հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Մանվելյանի գնահատմամբ՝ էներգետիկ համակարգերի հետ կապված հիմնական վտանգն ատոմակայանն է, ավելի ճիշտ՝ Ադրբեջանի պահանջը՝ փակել Մեծամորի ատոմային էլեկտրակայանը։
Արմեն Մանվելյանը ծանր հարց է համարում այն, թե ինչպե՞ս է Հայաստանը հետագայում դուրս գալու ներկա իշխանությունների ստորագրած ԹՐԻՓՓ նախագծի տակից, և արդյոք ապագա իշխանությունները համարձակություն կունենա՞ն այն չեղարկելու։
ԹՐԻՓՓ նախագծի շուրջ քննարկումների համատեքստում զրուցակիցը շեշտում է՝ Արցախի բռնազավթումից հետո Սյունիքը վտանգի մեջ է և այդ վտանգը ոչ մի կերպ չի լուծվում։ Իսկ խաղաղության պատրանքներով խաբված մարդկանց հիշեցնում է, որ Բաքվի ռեժիմը շարունակում է զինվել, և տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ւմ դեմ։
Արմեն Մանվելյանի խոսքով՝ Ադրբեջանի գնած 1,5 մլրդ դոլարի զենքն ուղղվելու է Հայաստանի դեմ։
«Ժողովո՛ւրդ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Միացյալ Նահանգները՝ ոչ ոք չի գա ձեզ օգնելու, եթե դուք ինքներդ պատրաստ չեք ու ցանկություն չունեք ինքներդ ձեզ օգնել։ Իսկ հայ ժողովուրդը կարող է ինքն իրեն օգնել, եթե Հայաստանում գոնե լինի ներքին համերաշխություն, այլ ոչ թե պառակտում»,- հավելեց Արմեն Մանվելյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
