Ո՞րն է Նարեկ Մկրտչյանի հանձնառությունը. Հայաստանը կրոնական առաքելությա՞մբ է դեսպան ուղարկել ԱՄՆ
Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հերթական հանդիպումն է ունեցել կրոնական կազմակերպության ներկայացուցիչների հետ. այս անգամ ՀՀ դեսպանը հանդիպել է «մորմոնների եկեղեցու» առաջնորդների հետ:
«Ինչպես մի շարք այլ կրոնական կազմակերպություններ, եկեղեցին Հայաստանում ազատ գործունեություն է ծավալում, քանի որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է»,- նշել է Նարեկ Մկրտչյան իր հանդիպման ընթացքում՝ նկատի ունենալով «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ մորմոնական կառույցին:
Իսկ Հայ Առաքելական եկեղեցու՝ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնի հանդեպ նման խոսքեր շռայլելն, իհարկե, ավելորդ կդիտվեր այս ալտրուիստ իշխանության պարագայում. Մկրտչյանի՝ ՀՀ-ում իշխող թիմակիցներն ամեն օր ապացուցում են, որ զրո հանդուրժողականություն ունեն Մայր Աթոռի ու նրա հոգևոր առաջնորդի, բարձրաստիճան այլ հոգևորականների հանդեպ:
Բայց մեկ այլ հանգամանք է տեսանելի. Նարեկ Մկրտչյանն իր նշանակումից ի վեր՝ աչքի է ընկնում ամենատարբեր կրոնական կառույցների, կրոնին առնչվող հարթակների ու անձերի հետ շփումով, անհասկանալի է, թե այս հանձնառությունն ումի՞ց է ստացել երիտասարդ դեսպանը. արդյոք ռեգիոնալ լրջագույն մարտահրավերներով աչքի ընկնող տարածաշրջանում պայքարող իր պետությո՞ւնն է այսօր առաջնահերթություն դիտարկում կրոնական հարցերը, թե՞ սեփական նախաձեռնություն է:

Ամեն դեպքում, պատահական ժամանակագրությամբ հետաքրքիր մի քանի հրապարակումներ՝ նրա նշանակումից՝ 2025 թվականի օգոստոսից ի վեր.
2025թ. սեպտեմբեր– ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը, որի եղբայրը վերջին օրերին հայտնվել էր հայտնի աղմկոտ պատմության մեջ, ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել pray.com կրոնական կայքի համահիմնադիր Մաթ Փոթթերի հետ: Հաղորդագրության մեջ նշվում է, թե «հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հարուստ քրիստոնեական պատմությունը և ժառանգությունը Pray.cօm հարթակում ներկայացնելու հնարավորությունները»: Ի դեպ, ինչպես նշել էին հանրային շրջանակներից՝ սա «աղանդավորական քարոզի» հարթակ է:
2025 թ. սեպտեմբեր– ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Բիլի Գրեհեմի Ավետարանչական Ասոցիացիայի (Billy Graham Evangelistic Association ) փոխնախագահ, հոգևոր առաջնորդ Վիկտոր Համմի հետ: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն համագործակցել քրիստոնեական օրակարգին առնչվող հարցերում։
2025 թ. հոկտեմբեր- ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանատանը հյուրընկալել է ԱՄՆ Աղոթքի ազգային օրվա հանձնախմբի նախագահ տիկին Քեթի Բրենզելին։ Այս մասին հայտնել է դեսպանությունը: «Զրուցակիցները կարևորել են Հայաստանն ու ԱՄՆ-ը միավորող քրիստոնեական արժեքների դերը, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հնարավոր ձևաչափերին և գաղափարներին։
2025թ. դեկտեմբեր- ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են. «Դեկտեմբերի 9-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ պաշտոնյա Այզաք Սիքսի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է»:
2025թ. դեկտեմբեր – Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նորանշանակ գործադիր տնօրեն և նախագահ Փոլ Մյուրեյին, ինչպես նաև հասարակական գործիչ Սթիվեն Վագներին։
2026թ. հունվար– Եվ վերջում, ընդամենն օրեր առաջ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, տարբեր քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության գործադիր տնօրեն և նախագահ Փոլ Մյուրեյը։ Հիշեցնենք՝ այս կառույցը չափազանց ակտիվ է վերջին տարիներին՝ նաև Հայաստան այցերի ու տարբեր իշխանավորների հետ հանդիպումների համատեքստում:
Չմոռանանք, նաև, որ նախորդ տարի փետրվարին ԱՄՆ նախկին ու ներկա դեսպանների առաջնորդ ու քաղաքական հայր Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին. ի դեպ, ըստ IRF SUMMIT կայքի, Նիկոլ Փաշինյանի հետ հիմնական բանախոսների թվում են եղել դերասան Ռեյն Ուիլսոնը, նախագահ Թրամփի հատուկ խորհրդական Փոլա Ուայթը, Երեց Ահմադ Քորբիթը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց (ի դեպ, այս կրոնական կառույցն առավել հայտնի է «Մորմոններ» անունով), Moutain Gateway-ի հիմնադիր Բրիթ Հենքոքը, Նորին Սրբություն Պատրիարք Մորան Մոր Իգնատիուս Աֆրեմ Բ-ն, Վիետնամի քաղաքական և կրոնական բանտարկյալների բարեկամության ասոցիացիայի ղեկավար Նգուեն Բակ Տրույեն, Նորին Սրբություն Շեյխ Աբդալլահ բին Բայահը։
Կրկնում ենք մեր հարցը՝ ինչո՞վ է առհասարակ զբաղվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը: Հայ Առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի և բարձրաստիճան այլ հոգևորականների դեմ հակասահմանադրական, կատաղի, խուլիգանական հարձակումներ իրականացնող ՀՀ ՔՊ-ական իշխանությունը և ԱՄՆ-ում նշանակված նրա ներկայացուցիչ-դեսպան Նարեկ Մկրտչյանը կրոնական, աղանդավորական կազմակերպությունների հետ ի՞նչ հանդիպումներ են կազմակերպում, ի՞նչ ծրագրեր են իրագործում:
