«Ամերիկյան մոդելի» ընդունումը կարող է բերել Հայաստանում մեծ հզորության ատոմային էներգաբլոկի փակմանը. Վահե Դավթյանը՝ ԱՄՆ նախագահի հայտարարության մասին
Այսօր լրատվամիջոցները տարածեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը, որով նա շնորհակալություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին ձեռք բերված համաձայնությունը պահպանելու համար:
Truth սոցիալական ցանցի իր էջում Թրամփը մասնավորապես գրել էր ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ փետրվարին երկու երկրներ սպասվող այցի մասին, ապա նաև հավելել, որ կամրապնդեն իրենց ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կկնքեն խաղաղ միջուկային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Ասվում էր նաև, որ կկնքվեն գործարքներ՝ կիսահաղորդիչների՝ ամերիկյան մեծ արտադրողների համար, և Ադրբեջանին կվաճառեն ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, մոտորանավակները և այլն:
Ի դեպ, հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում առկա են դիտարկումներ, ըստ որոնց՝ ամերիկյան կողմը Հայաստանին ու Ադրբեջանին տրված խոստումների ու նախագծված հեռանկարի հարցում ակնհայտ կերպով Հայաստանին մղել է հետին պլան:
Մի կողմ թողնելով այս հանգամանքը՝ 168.am-ը քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց միայն Հայաստանին տրված խոստման պարամետրերի մասին. ինչպե՞ս կմեկնաբանեք Թրամփի վերջին՝ «Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ» հայտարարությունը՝ հարցին ի պատասխան՝ Վահե Դավթյանը նկատեց.
«Այս հայտարարությունն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես տնտեսական կամ էներգետիկ համագործակցության հերթական քայլ, սակայն իրականում այստեղ ակնհայտ է ավելի լայն՝ աշխարհաքաղաքական ենթատեքստը, և առաջին հերթին՝ Հայաստանի էներգետիկ համակարգից Ռուսաստանի դիրքերի աստիճանական դուրսմղման փորձը։
Եթե անցնենք ռիսկերի կոնկրետ գնահատմանը, ապա ամենակարևոր խնդիրն այն է, որ «ամերիկյան մոդելի» ընդունումը կարող է բերել Հայաստանում մեծ հզորության ատոմային էներգաբլոկի փակմանը և դրա փոխարինմանը փոքր մոդուլային ռեակտորով՝ մինչև 100 ՄՎտ հզորությամբ։ Սա սկզբունքային փոփոխություն է․ նման ռեակտորը նախատեսված է բացառապես ներքին սպառման համար և լուրջ սահմանափակելու է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները։ Իսկ այդ դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մեզ պարզապես ներկրողի է վերածելու»:

Էներգետիկ հարցերով փորձագետն այս համատեքստում նաև հիշեցրեց՝ ԱՄՆ-ը այսօր չունի փոքր մոդուլային ռեակտորների շահագործման իրական փորձ:
«Առաջին նման կայանի գործարկումն ԱՄՆ-ում լավագույն դեպքում նախատեսվում է 2031 թվականին, այն էլ՝ բարձր ինքնարժեքի և անորոշ տնտեսական արդյունավետության պայմաններում։ Այսինքն՝ ամերիկյան մոդելի ընտրությունը Հայաստանը փաստացի դարձնում է փորձարարական հարթակ, ինչը հատկապես վտանգավոր է ատոմային էներգետիկայի նման զգայուն ոլորտում։ Համեմատության համար՝ Ռուսաստանը Երևանին առաջարկում է կոնկրետ և փորձված լուծում՝ ՎՎԷՌ-1200 տիպի 1200 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկ, որը գործում է, օրինակ, Լենինգրադի ԱԷԿ-ում։ Այս առաջարկն ունի հստակ տեխնիկական, տնտեսական և շահագործման չափորոշիչներ։ Գուցե մեր շուկայի համար դա կարող է չափազանց մեծ հզորություն թվալ, բայց ոչ այն դեպքում, եթե մենք իրապես նպատակ ունենանք կայուն արտահանում ապահովել ու նաև արդյունաբերական համակարգ զարգացնենք։
Մոսկվան այսօր մեզ նաև առաջարկում է մոդուլային ռեակտորի նախագիծ` ՌԻՏՄ-200Ն փոքր ռեակտորներ, որն ունի իր առավելությունները՝ բարձր սեյսմակայունություն, մինչև 60 տարվա շահագործման ժամկետ, 50-60 ՄՎտ հզորություն»,- մանրամասնեց Վահե Դավթյանը:
Նա, սակայն, շեշտեց, որ հարցը միայն տեխնիկան չէ. Խնդիրը գեոտնտեսական ընտրությունն է։
«Մեծ հզորության ԱԷԿ-ից հրաժարվելը երկարաժամկետ հեռանկարում կկրճատի Հայաստանի արտահանման ներուժը։ Միայն արևային էներգետիկայով կայուն արտահանում ապահովել հնարավոր չէ։ Երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն Իրանի հետ բացում է լուրջ հնարավորություններ՝ էլեկտրաէներգիա մատակարարելու Իրանի էներգետիկ դեֆիցիտ ունեցող հյուսիսային նահանգներին։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հենց մեծ հզորության արտադրություն։
Ուստի, ընտրությունը միայն տեխնոլոգիական չէ. սա ընտրություն է տարածաշրջանում Հայաստանի տեղի համար, նրա էներգետիկ ինքնիշխանությունն ու ռազմավարական կայունությունը պահպանելու հարցում»,- հավելեց Վահե Դավթյանը՝ արձանագրմամբ, որ այսօր տեղի ունեցողը, խոշոր հաշվով, TRIPP-ի տրամաբանության մեջ է:
