Սբ.Վարդանն ու դավաճան Վասակը դադարել են զուտ պատմական ֆիգուրներ լինելուց ու վերածվել են «արխետիպերի. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցու ակնառու վերելքի դրսևորումներից մեկը գրատպությունն է։ Հարյուրավոր գրքեր են լույս տեսնում՝ թե՛ թարգմանություններ և թե՛ ինքնուրույն աշխատություններ։

Ահավասիկ, օրեր առաջ լույս է տեսել Տեր Արարատ քհն Պողոսյանի անչափ հետաքրքիր հետազոտությունը՝ «Սուրբ Էջմիածնի դերը 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարում» վերտառությամբ։ Այսօր մի քիչ ազատ ժամանակ ունեցա ու որոշեցի ընթերցել։

Պիտի խոստովանեմ՝ վաղուց այսքան հետաքրքիր գիրք չէի կարդացել՝ գիրք, որն այդքա՛ն ուղիղ խոսեր իմ ինքնության ու «ներքին Սահմանադրության» հետ, լուսաբաներ այնպիսի բաներ, որ ինտուիտիվ զգում էի, բայց խորապես չէի հասկանում։

Հատուկ ուզում եմ ընդգծել «Խաղաղության և պատերազմի ընկալումներն Աստվածաշնչում ու Եկեղեցում» խորագրով բաժինը։

Փաստորեն, մեր Մայր Եկեղեցին դեռ 4-րդ դարում աներևակայելի խորագիտություն է դրսևորել՝ Հայրենիքի նահատակներին Հավատի նահատակների հետ նույն պատվին արժանացնելով։ Իսկ 5-րդ դարում Ավարայրը ոչ միայն նորոգել է այդ մոտեցումը, այլև այն դարձրել է հիմնարար ու «համակարգաստեղծ»։

Սբ.Վարդանն ու դավաճան Վասակը դադարել են զուտ պատմական ֆիգուրներ լինելուց ու վերածվել են «արխետիպերի»։

Սա՛ է պատճառը, որ հայ ազգի հակառակորդները դեռ տասնամյակներ առաջ սկսել են թիրախավորել այդ «արխետիպային համակարգը»։ Սա՛ է պատճառը, որ նույն ուժերի հանձնակատարները փորձում են «գոյափոխել» Հայոց Եկեղեցին, այն վերածել բովանդակազուրկ, անավանդույթ, մոդայիկ ու «քյութ» մի հիմնարկի։ Փորձում են խաչի փոխարեն բարձրացնել սրտիկը, փորձում են Վարդանի փոխարեն սրբացնել Վասակին։

Հ.Գ.

Էնքա՜ն հավանեցի Սբ.Գրիգոր Տաթևացու արիության բանաձևը, որ մեջբերված էր Տեր Հոր գրքում. «ո՛չ ի նեղութեան խորտակիլ եւ ո՛չ ի հեշտության կակղանալ»։

Ցավոք, հեշտությունից իրոք փափկել էինք ու կորցրել արիությունը։ Գոնե հիմա՝ այս խռով օրերին, վերագտնենք մեր ներքին զորությունը, որ «ի նեղութեան» ոչ թե խորտակվենք, այլ վեր հառնենք»։

Տեսանյութեր

Լրահոս