Մեր գիտակցությունը փորձում են փոփոխել այնպես, որ կործանողներին անվանենք փրկիչներ․ դիմադրե՛լ է պետք․ Անուշ Սեդրակյան
Դիմադրությունը մի երևույթ է, որը յուրաքանչյուր կոլաբորացիանիստական ռեժիմ խնդիր ունի ջարդելու։ Շատ հնարավոր է՝ Հայաստանը երկար ժամանակ ի վիճակի չլինի արտաքնապես դիմադրելու այս սոսկալի մարտահրավերներին, թելադրելու խաղի իր կանոնները։ Մենք կարողանում էինք խաղի կանոններ թելադրել, երբ համաշխարհային եռանկյունու մեջ էինք, այսինքն՝ Արցախը մերն էր, գերտերությունները դրա շուրջ բանակցում էին, և այդ հարցի տարբեր լուծումներ էին հնարավոր՝ շատ ավելի բարենպաստ, քան այսօր։ Մենք այդ հնարավորությունը կատարելապես տանուլ տվինք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

«Կարող ես հաղթել պատերազմը և տանուլ տալ խաղաղությունը, բայցև կարող ես տալուլ տալ պատերազմը և հաղթել խաղաղությունը։ Մեզ միշտ թվում էր, թե չի կարող լինել ավելի վատ սցենար, բայց պարզվում է՝ կարող է, այն է՝ ռուս-թուրքական դաշինքի համատեղ շահերի սպասարկումը։ Ցավոք, հայերս պատրաստ ենք գոյություն ունենալու ցանկացած տեղում՝ ցանկացած ճնշման տակ և ցանկացած հանգամանքներում։ Հայրենիքն այն է, ինչի համար դու պատրաստ ես զոհողություն անելու, ինչը պատրաստ ես պաշտպանելու»,- ասաց հասարակական գործիչը։
«Ժամանակին մենք հաղթեցինք Արցախյան պատերազմում, թեև ավելի ծանր վիճակ դժվար էր պատկերացնել՝ երկրաշարժ, շրջափակում։ Բայց կար միասնական ծրագրային կամք, մենք ուղղակի ինտուիտիվ զգացինք՝ ինչ պետք է անել, բայց դա կարճ տևեց։ Այսօր Հայաստանում դասական բռնապետություն է, որը նույնիսկ չի փորձում ծածկվել ժողովրդավարության քողով։ Ամբողջատիրության համար դու պիտի ունենաս հզոր ինստիտուցիոնալ հենք, որը չկա, քանի որ այդ ժողովրդին հայերից սարքելը միշտ դժվար է՝ նույնիսկ Ստալինի օրոք։ Վարչախումբն ուղղակի թռիչքաձև աճ է գրանցել իր եկամուտներում և պարգևավճարներում, բայց նույնիսկ դա նրանց սատարող ամբոխին բնավ չի շեղում նվիրվածությունից»,- նշեց Սեդրակյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր հատուկ ծրագրով՝ գլխարկ, թմբուկ նվագել և այլն, ցույց է տալիս, թե իբր՝ ես ձեզնից մեկն եմ, չեմ մեծամտածել, խոսում եմ ձեր բառապաշարով, ինձ պահում եմ ձեզ նման․ «Մեր ազգը սթրեսից սառել է։ Ոչ ոք չգիտի՝ ո՞րն է ճիշտը, ո՞րը՝ սխալը, մարդիկ քաղաքական ուժերին ասում են՝ բոլորդ մի սանրի կտավ եք։ Իսկ եթե մարդն այլևս ոչ ոքի չի հավատում, պետք է հավատա ինքն իրեն։ Մեր գիտակցության մեջ փորձում են կատարել լծակների փոփոխություն, որ մենք կործանողներին անվանենք փրկիչներ։ Դա ամենավտանգավոր միտումն է, որի դեմ պետք է իմունիտետ ձևավորվի»:
«Ցավոք, միակ ելքը լինելու է շոկային թերապիան։ Մենք հիմա գտնվում ենք հարաբերական խաբկանքների մեջ, ծուռ հայելիների թագավորությունում, որտեղ մեզ անընդհատ թույլ դեղաչափով թմրանյութ են տալիս։ Պետք է հասկանալ, որ Փաշինյանը եկել է իշխանության աշխարհաքաղաքական փոխհամաձայնության հետևանքով, և շատ մարդիկ են նպաստել նրա իշխանության գալուն։ Մոսկվան այս անգամ էլ կաջակցի Փաշինյանին, որովհետև սա նախօրոք գծված ծրագիր է, որտեղ Հայաստանը մշտապես տանուլ է տալիս»,- ամփոփեց Անուշ Սեդրակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
