Փաշինյանի աշխատակազմը տարեսկզբին շուրջ 802 միլիոն դրամ է հատկացրել  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ հայտնի «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին

168.am-ը նախօրեին հրապարակմամբ տեղեկացրել էր, որ տարվա մեկնարկը սկսվել էր Փաշինյանի աշխատակազմի կողմից ՊՈԱԿ-ներին տրվող ավանդական դրամաշնորհներով:

Ամենախոշոր դրամաշնորհը՝ 785 միլիոն 487 600 դրամ (2071069.93 դոլար), ստացել էր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը տարբեր շրջանակներ անվանում են «Ֆեյքերի պոակ»: Դրամաշնորհը տրվել էր «Հանրային իրազեկում և հասարակական ու քաղաքագիտական հետազոտություններ» միջոցառման շրջանակում:

Ըստ պայմանագրի՝ այս միջոցառումը ենթադրում է՝ միջազգային և տեղական ԶԼՄ-ների, սոցցանցային տիրույթի մշտադիտարկում, սոցիալական հարթակներում Կառավարության պաշտոնական էջերի կառավարում, արտաքին գործընթացների մասին ամփոփագրերի պատրաստում, տարածաշրջանային զարգացումների մասին թեմատիկ տեղեկանքների պատրաստում, հայերեն, ռուսերեն, թուրքերեն լեզուներով կայքերի վարում, Օրբելի վերլուծական ծառայության հետազոտություններ, հակահայկական քարոզչության վերաբերյալ վերլուծություններ,Սփյուռքին առնչվող «Հայերն այսօր» հարթակում հրապարակվող նյութեր, Կառավարության ծրագրերի մասին անիմացիոն նյութերի պատրաստում, իրազեկման արշավներ («Մեր ժամանակների հերոսը» ֆիլմաշար, «Արձակուրդը Հայաստանում», «Ընտրիր հայկականը» հաղորդաշարեր), սոցիալ-տնտեսական թեմաներով ամփոփագրերի պատրաստում, համաժողովների, քննարկումների կազմակերպում:

Նկատենք՝ բացի այս՝ շուրջ 788 միլիոն դրամի չափով դրամաշնորհից, ՊՈԱԿ-ը զուգահեռ միշտ ստանում է լրացուցիչ ֆինանսավորում՝ սովորաբար՝ 16,5 միլիոն դրամի չափով, որպեսզի  «աջակցի» Սփյուռքի հայկական լրատվամիջոցներին՝ հայ ազգաբնակչությանը հայալեզու ԶԼՄ-ներով  ներկայացնելու տարածաշրջանային քաղաքական, սոցիալական, մշակութային իրողությունները:

Կարդացեք նաև

Այսինքն, միայն այս տարվա համար ՊՈԱԿ-ը ստացել է 801 միլիոն 987 600 դրամ:

Նշենք, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը էլեկտրոնային գնումների հարթակում հայտնվում է 2019 թվականից. Հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով վարչապետի աշխատակազմն այդ թվականին իր ենթակայության ՊՈԱԿ-ից ձեռք էր բերել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայություններ՝ 1 միլիոն 924 000 դրամ ընդհանուր արժեքով:

Ապա՝ 2022 թվականից սկսած, ըստ հանրայնացված տեղեկությունների,  միմյանց հաջորդել էին այս ՊՈԱԿ-ին ուղղվող հարյուր-միլիոնավոր դրամների 13 դրամաշնորհներ՝ ինչպես, օրինակ,  2026 թ. հունվարի 16 -16 մլն 500 000 դրամ և 785 մլն 487 600 դրամ,  2025 թ. հունվարի 17 -16 մլն 500 000 դրամ և 728 միլիոն 187 600 դրամ, 2024  սեպտեմբերի 2 -3 մլն 160 000 դրամ, 2024 թ. հունվարի 19 -16 մլն 500 000 դրամ, 2024 թ. հունվարի 19 -731 մլն 763 100 դրամ, և այլն:

168.am-ը, ի դեպ, տեղեկացրել էր նաև, որ Պետության կողմից ֆինանսական աջակցության 3 միլիոն 160 000 դրամով 2024 թվականին բարելավվել են ՊՈԱԿ-ի աշխատանքային պայմանները՝ ձեռք բերելով տեխնիկական սարքավորումներ, իսկ  2023 թվականին էլ ՊՈԱԿ-ը 74 միլիոն 800 հազար դրամով բարելավել էր շենքային պայմանները:

Տեսանյութեր

Լրահոս