Միլիարդների վնաս պետությանը. կառավարող եք՝ ձեր հիմնադրած ընկերությունները կառավարեք
ՀԷՑ-ն «օկուպացնելու» օպերացիայի շրջանակներում պատրաստվում են այն պետականացնել։ Պետականացումը ենթադրում է նաև պետական կառավարում։ Բայց որ պետությունը լավ կառավարիչ չէ, նորություն չէ։ Առավել ևս, երբ խոսքն այսօրվա կառավարիչներին է վերաբերում։ Նրանց կառավարման ունակությունները վաղուց գիտենք։ Պետության կառավարման մասին չենք էլ խոսում, տեսնում ենք, թե պետությունն ինչի են վերածել։
Խոսենք պետական ձեռնարկությունների կառավարման մասին։
Հայտնի ԱՆԻՖ-ը` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF), պարզ օրինակ է։ Այն պետական 100 տոկոս մասնակցությամբ ընկերություն էր, կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այն ստեղծել էր 2019թ., իրենք էլ կառավարում էին։ Տեսանք՝ ինչպես կառավարեցին։
Ընդամենը 3 տարում 65 մլն դոլարին հասնող պետական միջոցները քամուն տվեցին։ Բացելուց կարճ ժամանակ անց, միլիոնավոր դոլարների կորուստներից հետո, փակեցին։ Նախաձեռնած գրեթե բոլոր ծրագրերը տապալեցին։ Ծրագրերը համատարած թաթախված էին կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության մեջ, պետական միջոցները ծառայեցրել էին սեփական բիզնես շահերին։ Այդպես էին կառավարել պետական միջոցները։
Տասնյակ միլիոններ մսխեցին, այդպես էլ ոչ մեկը պատասխան չտվեց դրա համար։ Ավելին, Տիգրան Ավինյանը հայտարարում է, թե ԱՆԻՖ-ին վերաբերող հարցերն իրեն չպետք է ուղղել: Այն նույն Ավինյանը, որի կնոջ ընկերուհու հետ կապված ընկերությանը, օրինակ,
ԱՆԻՖ հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամ է փոխանցել… Ավելին, այդ նույն հիմնադրամը 960 միլիոն դրամ էր հատկացրել Ավինյանի դասարանցու ընկերությանը: Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր հրապարակումների, ԱՆԻՖ-ով փոշիացված գումարի ծավալը շուրջ 25 միլիարդ դրամ է: Հիմա որևէ մեկը պետական միջոցները մսխելու համար պատասխանատվություն չի կրում՝ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Տիգրան Ավինյանը… Ովքեր լափեցին, ովքեր կերան այդ միլիարդները… թե բա՝ կոռուպցիա չկա:
Պետական ձեռնարկության կառավարման արդյունքն էլ սա էր։ Բայց ԱՆԻՖ-ն այս ճանապարհին ամենևին էլ եզակիներից չէ։ 4 տարի առաջ, 2022թ. կառավարության որոշմամբ, ստեղծեցին «Հայ-Ալմաստ» ընկերությունը։ Կրկին 100 տոկոսանոց պետական ընկերություն, որի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը պատկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Պայմանավորվել էին կոնյակի սպիրտ արտադրողների հետ, որ այս ընկերության միջոցով կգնեն նրանց արտադրած սպիրտի որոշ քանակներ, միայն թե խաղողի լրացուցիչ մթերումներ իրականացնեն։
Որպեսզի 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայ-Ալմաստը» հնարավորություն ունենար գնելու կոնյակի սպիրտը՝ պետական բյուջեից 2023թ. 2 մլրդ դրամի 0.01 տոկոսով, կարելի է ասել՝ անտոկոս վարկ տրամադրեցին, 2 տարի մարման ժամկետով։ Այդ գումարով ընկերությունը գրեթե ոչինչ չէր անելու՝ պիտի արտադրողներից կոնյակի սպիրտը գներ, որոշ ժամանակ հետո վաճառեր ու վերադարձներ պետության տրամադրած գումարները։
Բայց նույնիսկ այս տարրական տնտեսական գործարքը տապալեցին։
Կոնյակի սպիրտը գնեցին ՄԱՊ ընկերությունից ու հանձնեցին նրա պահպանությանը։ Այսինքն՝ պահեստավորեցին տեղում, որի համար նույն ընկերությանը, տրամադրված պետական միջոցների հաշվին, վճարեցին սպիրտի պահպանության համար։ Խոսքը տասնյակ միլիոնավոր դրամների մասին է։
Գնված 693 հազար լիտր սպիրտից 200 հազար լիտրը հետո վաճառեցին «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ին, մնացած 493 հազար լիտրը՝ նույն ՄԱՊ ընկերությանը։ «Բագրատ Գրուպը» վճարեց ամբողջությամբ, իսկ ՄԱՊ-ը՝ ոչ։
Արդյունքում պետական կառավարման 100 տոկոս մասնակցությամբ «Հայ-Ալմաստը» չկարողացավ պետությանը վերադարձնել վերցրած վարկը։ Չնայած պիտի ամբողջությամբ վերադարձրած լիներ անցած տարվա օգոստոսին, անցած տարվա վերջի դրությամբ 2 միլիարդից դեռ 1.5 մլրդ դրամի պարտք ուներ։ Պարտքը փակելու համար էլ՝ վերջերս, կառավարության որոշմամբ, վարկի մարման ժամկետը երկարացրեցին մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը։ Կասկած չկա, որ այդ ժամկետում էլ պարտքը չեն կարողանալու փակել։
Թե այս գործարքի արդյունքում պետությունը որքա՞ն ֆինանսական կորուստ կունենա, կերևա վարկի մարման երկարացված ժամկետը լրանալուց հետո։
Սա պետության կողմից ձեռնարկության ձախողված կառավարման ակնհայտ օրինակ է։ Նույնիսկ հասարակ գործարքից գլուխ չեն հանում։ Ձեռք բերված կոնյակի սպիրտն ընդամենը պիտի վերավաճառեին ու վերադարձնեին պետական բյուջեի փողը։ Բայց դա էլ չեն կարողանում անել։
2 մլրդ դրամից առնվազն 1.5 միլիարդի ճակատագիրն անորոշ է։ Փոխարենը՝ 2 տարում այդ 2 միլիարդն օգուտ բերեր պետությանը, մի բան էլ վնասներ է բերում։
Պետական անարդյունավետ կառավարման օրինակները մեզանում բազմաթիվ են։ Ժամանակին Երևանի աղբահանության ծառայությունն իրականացնում էր մասնավոր ընկերությունը։ Տարբեր պատճառաբանություններով, մասնավորից այն վերցրեցին ու ստեղծեցին պետական հիմնարկ։ Հիմա կրկնակի-եռակի ավելի շատ են վճարում՝ նույն ծառայությունը պետական հիմնարկով իրականացնելու համար։
Նույնը Երևանի հասարակական տրանսպորտի կառավարմանն է վերաբերում։ Պետական դարձնելուց հետո, քիչ է՝ տրանսպորտի ուղեվարձը կտրուկ բարձրացրեցին, մի բան էլ միլիարդավոր դրամներ են տալիս հարկատուների վճարած հարկերից՝ ֆինանսական ճեղքերը փակելու համար։
Մինչև մասնավորեցումը՝ նույն վիճակն էր բաշխիչ ցանցերում։ Պետությունը միլիարդների ճեղքեր էր փակում։ Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ ձեռքից ձեռք անցնելուց հետո, ցանցերի սեփականության իրավունքն ու կառավարումը ստանձնեց գործարար Սամվել Կարապետյանը։
Հաջորդող 10 տարիների ընթացքում պետությունը ոչ միայն որևէ լումա չի ծախսել ցանցերի վրա, այլև ՀԷՑ-ի պատճառով նույնիսկ սակագնի բարձրացում չի եղել։ Այն բանից հետո, երբ իշխանությունները քաղաքական հաշվեհարդարի ճանապարհով սեփականատիրոջից խլեցին ՀԷՑ-ի կառավարումը, խնդիրները սկսեցին աստիճանաբար գլուխ բարձրացնել։
Այդ կառավարման հետևանքները սպառողներն աստիճանաբար զգում են իրենց վրա։ Ամանորի նախօրյակին հազարավոր սպառողներ մնացին առանց հոսանքի։ Ներդրումները, որոնք պարտավոր էին կատարել ցանցերում տեխնիկական վերազինում իրականացնելու ու նման խնդիրներից խուսափելու համար, չկարողացան ժամանակին իրականացնել։ Առաջիկայում էլ, հարց է, թե ինչքանո՞վ են կարողանալու անել, որտեղի՞ց են բերելու այդ միջոցները։
Այս փուլում ինչ-որ կերպ հաջողացրին խուսափել հոսանքի սակագների բարձրացումից։ Բայց արդեն հնչում են խոսակցություններ, որ դա էլ քաղաքական ենթատեքստ ունի՝ ընտրություններից հետո սակագներն էլ են բարձրացնելու։
Այսպիսին է պետական կառավարումը։ Պետությունը երբեք էլ լավ կառավարիչ չի եղել, հատկապես, երբ կառավարիչներն էլ բանի պետք չեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
