Պանդան կդառնա բազմաթիվ հիվանդությունների բուժման բանալին

Պանդան դարձել է գիտնականների ուշադրության օբյեկտ: Ճապոնացի գիտնականների վերջին հետազոտությունների շնորհիվ հայտնի է դարձել, որ այս փափլիկ բուսակերների արյան մեջ առկա է ուժեղ ազդեցության հակաբիոտիկ, որն ունակ է ոչնչացնել մի շարք ախտածին մանրէներ:

Հարկ է նշել, որ կատելիցիդին-ԱՄ կոչվող նոր հակաբիոտիկը պատահաբար է հայտնաբերվել՝ այս կենդանու ԴՆԹ-ն ուսումնասիրելիս: Հետազոտողները ենթադրում են, որ հակաբիոտիկը սինթեզվում է իմունային համակարգի կողմից՝ օրգանիզմը պաշտպանելու համար վարակներից, որոնք սպառնում են պանդաներին իրենց ապրելու հիմնական միջավայրում:

Հայտնաբերված նյութը բավականին արագ սպանում է բակտերիաներին: Կատարված հաշվարկների համաձայն, հակաբիոտիկի ազդման ժամանակը մոտ 1 ժամ է, այն դեպքում, երբ այլ հակաբիոտիկների համար այն կազմում է մոտ 6 ժամ: Բնականաբար, դեղի ստացման համար կենդանիներին ոչ ոք չի պատրաստվում սպանել: Նոր հակաբիոտիկը նախատեսում են սինթեզել և ապա օգտագործել բժշկական նպատակներով՝ տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի մեջ, ինչպես նաև՝ որպես անտիսեպտիկ միջոց:

Գիտնականները պնդում են, որ պանդայի արյան մեջ հայտնաբերված այդ հակաբիոտիկը շատ մեծ դեր ունի կենդանու բնածին իմունիտետի ձևավորման մեջ: Բացի այդ, գոյություն ունեցող վիրուսային շտամներից և ոչ մեկը չի կարողանում դիմադրել կամ հարմարվողականություն դրսևորել կատելիցիդինի նման նյութի նկատմամբ:

Կարդացեք նաև

Շատ մտահոգիչ է, որ պանդաների պոպուլյացիան բնական պայմաններում անգամ արդեն շատ արագ կրճատվում է: Հնարավոր է, որ ճապոնացի կենսաբանների նոր հայտնագործության շնորհիվ ավելի լուրջ մեթոդներ կսկսեն կիրառվել պանդաների պաշտպանության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս