
Ի՞նչ կքննարկեն Թրամփն ու Էրդողանը Հարավային Կովկասի մասին առաջիկա հանդիպմանը

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Այցի նախաշեմին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է առևտրային և ռազմական համաձայնագրեր կնքել Անկարայի հետ։
«Մենք նախագահ Էրդողանի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և ռազմական համաձայնագրերի վրա, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների լայնածավալ գնման, F-16-ի խոշոր գործարքի և F-35-ի բանակցությունների, որոնք, ակնկալում ենք, դրական կավարտվեն»,- գրել է նա Truth Social-ում։ «Նախագահ Էրդողանի հետ մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Անհամբեր սպասում եմ նրան տեսնել սեպտեմբերի 25-ին»,- գրել է Թրամփն իր սոցիալական էջում։
Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողան՝ ԱՄՆ իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ այս շաբաթ նախատեսված հանդիպումը կնպաստի հակամարտությունների լուծմանը։ Այս մասին նա գրել էր թուրքական NSosyal սոցիալական ցանցում.
«Համոզված եմ, որ նախագահ Թրամփի հետ հանդիպումը կնպաստի մեր տարածաշրջանում պատերազմների և հակամարտությունների դադարեցմանը՝ համընդհանուր խաղաղության մեր ընդհանուր տեսլականի և մեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման շրջանակներում»,- նշել է Էրդողանը։
Նա հայտնել է նաև, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հունիսի վերջին ենթադրել էր, որ Անկարան և Վաշինգտոնը մինչև 2025թ. վերջը կարող են կարգավորել Թուրքիային F-35-ի արտադրության ծրագրից հեռացնելու խնդիրը, որը ծագել էր Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց հետո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ ԱՄՆ-ում է մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստին: Նյու Յորքում գտնվող «Թուրքական տան» (Türkevi) դիմաց Էրդողանը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սպասվող հանդիպման մասին.
«Մենք Թրամփի հետ հանդիպում կունենանք: Մեզ համար կենսական է Մերձավոր Արևելքում իրականացվող յուրաքանչյուր քայլ, մեր այս հանդիպումները շատ-շատ կարևոր են»,- նշել է Էրդողանը:
Այս բանակցությունների վերաբերյալ հրապարակային հայտարարություններում որևէ խոսք չի եղել Հարավային Կովկասի շուրջ Թրամփ-Էրդողան հնարավոր քննարկումների մասին: Սակայն օգտոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ-Ալիև պայմանավորվածությունների ու Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի անձնական դերակատարության աճի ֆոնին՝ ուշագրավ է՝ արդյոք հարավկովկասյան օրակարգը քննարկվելո՞ւ է Թրամփ-Էրդողան հանդիպմանը:
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը մեզ հետ զրույցում ասաց, որ թուրքական կողմը շատ ավելի վաղ էր ակնկալում հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական բուռն զարգացումներն ու դրանցում Թուրքիայի դերակատարությունը և թուրքական շահերն առաջ մղելու ցանկությունը: Ըստ նրա՝ սպասվող բանակցությունների օրակարգն անակնկալ չէ որևէ մեկի համար:
«Ըստ իս, այն առաջնահերթ կերպով վերաբերելու է Թուրքիայի հավակնություններին՝ մաս կազմել Ուկրաինայի հարցով միջնորդական ջանքերին ավելի մեծ դերակատարությամբ, ինչին վերջին տարիներին ձգտում է Թուրքիան, և վերջին ամիսներին հաջողվել է ռուս-ամերիկյան, ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպել թուրքական հարթակում: Թուրքիան պատրաստակամություն էր հայտնում տրամադրել թուրքական հարթակը Պուտին-Թրամփ, Պուտին-Զելենսկի հանդիպումների համար: Սա գլոբալ ուղղություն է, որը Թուրքիան շարունակելու է պահել»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Սիմոնովը կարծում է, որ գլխավոր թեման վերաբերելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին.
«Խոսքը, մասնավորապես, Սիրիայի ու Պաղեստինի մասին է: Ի դեպ, այս օրերին Պաղեստինում տեղի ունեցող գործընթացների ֆոնին մի շարք երկրներ ճանաչեցին Պաղեստին պետությունը: Սա այն թեմատիկան է, որի շուրջ ծավալվելու է գլխավոր խոսակցությունը և որի շուրջ կողմերն ունեն գոնե թվացող էական տարաձայնություններ: Թուրքիան պայքարում է Գազայում Իսրայելի գործողությունների դեմ, իսկ այդ գործողություններն ինչ-որ տեղ հնարավոր են դարձել Իսրայելին ԱՄՆ ներկայիս վարչակազմի աջակցության շնորհիվ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ Իսրայելի աննախադեպ ազդեցությունն ԱՄՆ ներկայիս վարչակազմի նկատմամբ և ազդեցությունը հենց վարչակազմում: Այստեղ է, որ սպասվում է բարդ խոսակցություն»,- մեկնաբանեց փորձագետը:
Նրա խոսքով, F-35-ի թեման ևս ակտուալ է, կքննարկվի. «Սակայն այս թեման ներկայումս շատ ուռճացված է, կարծում եմ՝ շեշտը դրվելու է առավելապես աշխարհաքաղաքական մոտեցումները քննարկելու վրա, որից շատ բան է կախված, որից կախված է թուրք-ամերիկյան երկխոսության ապագան մի շարք ոլորտներում: Դատելով ԱՄՆ նախագահի գրառումներից՝ առաջիկա բանակցությունների օրակարգի շեշտը երկկողմ հարցերի վրա է: Դա, կարծում եմ, ամերիկյան կողմի ընկալումն է ու ակնկալիքն է»,- նշեց քաղաքագետը:
Այնուամենայնիվ Սիմոնովը կարծում է, որ թուրք-ամերիկյան բանակցությունները հագեցած են լինելու, փաստաթղթեր, ամենայն հավանականությամբ, կստորագրվեն: Նա չի բացառում, որ կողմերը քննարկեն նաև հարավկովկասյան թեմատիկան:
«Սակայն ես հակված եմ կարծել, որ ԱՄՆ նախագահը Հարավային Կովկասում իր ձեռք բերած հաջողությունը և հայ-ադրբեջանական հակամարտությունը չի դիտարկում ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական կոնտեքստում, նա այն դիտարկում է իր անձնական ջանքերի, որպես ղեկավար՝ իր միջնորդության հաջողության կոնտեքստում, ուստի, որոշ անդրադարձ Հարավային Կովկասին կլինի՝ թե՛ հայ-թուրքական հարաբերություններին, թե՛ հայ-ադրբեջանական զարգացումներին, սակայն թռուցիկ ու առանց արդյունքի հասնելու ակնկալիքների:
Ամերիկյան կողմը գտնում է, որ այս ռեգիոնում բացառիկ պայմանավորվածության է հասել, թեև դեռ բանակցությունները պետք է շարունակվեն շատ հարցեր համաձայնեցնելու ուղղությամբ, իսկ Թուրքիան ունի կոնկրետ ազդեցություն և կոնկրետ ռեգիոնալ մակարդակում ակտիվ աշխատում է Ադրբեջանի հետ միացյալ՝ թուրք-ադրբեջանական շահերն առաջ մղելու համար:
Այս ռեգիոնում ԱՄՆ-ի այսչափ ակտիվությունը գուցե Թուրքիայի սրտով չէ, բայց Թուրքիան մեծ անհանգստություն ակնհայտորեն չունի, քանի որ ռեգիոնում խնդիրներ չունի, ազդեցության պակաս՝ ևս: Ինչպես ասացի, ի տարբերություն Հարավային Կովկասի, խնդրահարույց են ԱՄՆ-ի ու Թուրքիայի դիրքավորումները Մերձավոր Արևելքում՝ Գազայի ու Իսրայելի շուրջ, իսկ Հարավային Կովկասի հարցով տեղի կունենա մոտեցումների քննարկում, ռազմավարական տարաձայնություններ այստեղ չկան, Թրամփի միջնորդությունը, ըստ էության, միջոց է, որպեսզի վերջին տարիներին այդքան քննարկվող ճանապարհը, որն անվանում էին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կամ «Թրամփի ուղի», իրականություն դառնա»,- ասաց վերլուծաբանը: