Դուք խուլիգան եք. Էդգար Ղազարյանը՝ Ռուստամ Բաքոյանին

Այսօր խորհրդարանում, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ: Քննարկվեց «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունն ու երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեման։

Լսումներին մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Նա ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։ Ի սկզբանե նրա ելույթը դուր չեկավ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանին, այդ պատճառով էլ նա ԱԺ անվտանգության աշխատակիցներին հորդորեց Էդգար Ղազարյանին նիստերի դահլիճից դուրս հանել։

Էդգար Ղազարյանն իր խոսքը սկսեց հետևյալ տողերով.

«Խորհրդարանական լսումների հարգելի մասնակիցներ, բացառությամբ ՔՊ խմբավորման անդամների և Կառավարության ներկայացուցիչների։ Սիրելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք, ես Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին հարց տվեցի, որը չէի պարզել նրա կենսագրական տվյալներից, հետաքրքրվեցի, թե արդյո՞ք նա ունի երեխա, թե՞ ոչ։ Ընդհանրապես դա հրապարակում են ցանկացած հանրային պաշտոնյաներ, և բոլորի կենսագրություններում այդ տեղեկությունը կա, այդ թվում՝ իմ։

Կարդացեք նաև

Ինչո՞ւ էի հարցնում, որովհետև պարզվում է, որ այսօրվա լսումների առանցքային դերակատարներից առնվազն 3 բարձրաստիճան պաշտոնյա երեխա չունեն։ Ասենք՝ չիմացանք տեղեկություն Տաթևիկ Ստեփանյանից, ՄԻՊ-ը նույնպես երեխա չունի, պարոն Բաքոյանը նույնպես այդ երջանկությանը չի արժանացել»։

Շարունակելով միտքը, Էդգար Ղազարյանն ասաց՝ պարզվում է, որ այս մարդիկ, ովքեր անգամ մեկ երեխայի դաստիարակությամբ չեն զբաղվել, նրանց խնամքով չեն զբաղվել, ողջ հասարակությանն ուղերձներ են հղում, թե ընտանիքներում ինչպես պետք է զբաղվեն երեխաների դաստիարակությամբ։

Էդգար Ղազարյանի խոսքը փորձեց ընդհատել Ռուստամ Բաքոյանը՝ ասելով, թե խոսի ըստ էության, սակայն Էդգար Ղազարյանն օգտվելով ելույթի իր իրավունքից՝ խոսքը շարունակեց։

«Ես այս մասին խոսում եմ՝ լինելով 4 երեխաների հայր, և մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ իմ ծնողների հոգածության տակ գտնվել է 4 երեխա։ Այն ամենը, ինչ խոսվում էր այս դահլիճում, առավելապես, դա, անկեղծ ասած՝ խորթ է ինձ ու իմ ընտանեկան, սոցիալական ու հասարակական միջավայրին։ Լայն առումով, մեր հասարակությունն ապրում է այնպիսի արժեքներով, ավանդույթներով ու մոտեցումներով, որ նման խնդիրներ լայն առումով գոյություն չունեն։ Հետևաբար՝ հարց է առաջանում՝ այս օրենքի անհրաժեշտությունը որտեղի՞ց է առաջացել, ինչո՞վ է պայմանավորված»,- շեշտեց Է. Ղազարյանը։

Նա նաև նկատեց՝ ի վերջո, հասարակական հարաբերությունները միայն օրենքով չեն, որ կարգավորվում են, այնուհետև թվարկեց՝ դրանք կարգավորվում են ավանդույթներով, բարոյական նորմերով, ծնողների թողած ժառանգությամբ, նրանց խորհուրդներով, Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի տված պատգամներով, դարերով փոխանցված ուսմունքներով և մոտեցումներով։

«Ինչո՞ւ են այս ժամանակաշրջանում այս խնդիրներն այսքան սրվել, որովհետև հասարակության մեջ արժեքային խեղում կա 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, որովհետև եկեղեցու հոգևոր հայրերը ոչ թե հրավիրվում են այս կարգի քննարկումներին պատգամները փոխանցելու համար, այլ…»,- Էդգար Ղազարյանի խոսքը կիսատ մնաց, քանի որ Բաքոյանը հորդորեց անջատել խուսափողը։

Թեև Էդգար Ղազարյանն իր խոսքն ասաց առանց խոսափողների, սակայն այն լսելի էր միայն դահլիճում գտնվողների համար։

Բաքոյանն անմիջապես ներս հրավիրեց ԱԺ անվտանգության աշխատակիցներին, որոնք էլ հորդորեցին Էդգար Ղազարյանին դուրս գալ։ Էդգար Ղազարյանը դուրս գալուց առաջ շրջվեց դեպի Բաքոյանը և ասաց. «Դուք խուլիգան եք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս