Բաժիններ՝

«Ալյուրի մեկ պարկը, որը նախկինում արժեր 15 դոլար, այժմ արժե 1000 դոլար». բժիշկը՝ Գազայում տիրող իրավիճակի մասին

Պատահական հրետակոծություններ և ռմբակոծություններ, սիրելիների մահ, աշխատատեղերի կորուստ, սով և սննդամթերքների չափազանց բարձր գներ. սա է Գազայի բնակիչների ամենօրյա իրականությունը: Այս մասին РИА Новости-ին ասել է բժիշկ Սամի Աբու Սնիման, որն անցյալ շաբաթ ընտանիքի հետ տարհանվել է Ռուսաստան։

Բժիշկ Սամին պատմել է, որ ինքը ղեկավարում էր անոթային վիրաբուժության բաժանմունքը Խան Յունիսի Եվրոպական հիվանդանոցում, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում: Հիվանդանոցը շարունակել է գործել պատերազմի սկսվելուց հետո: Սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը վատթարացել է: «Մենք ապրում էինք Ռաֆահի շրջանում, որտեղ մարդիկ ամեն օր մահանում էին պատահական ռմբակոծություններից… Ահա թե ինչպես մահացավ իմ ավագ դստեր ամուսինը՝ պատահաբար: Նա դուրս եկավ դեղորայք գնելու և հայտնվեց մի տարածքում, որը ռմբակոծվում էր»,- ասել է բժիշկը:

Բժիշկը հայտնել է, որ մարտից ի վեր խստացված շրջափակման պայմաններում Գազայում սննդամթերքի գները կտրուկ աճել են։ «Մեկ այլ խնդիր է սովը։ Սնունդ չկա, ջուր չկա։ Վեց ամիս է՝ սննդի պաշարներ չկան… Պատկերացրեք՝ ալյուրի մեկ պարկը, որը նախկինում արժեր 15 դոլար, այժմ արժե 1000 դոլար»,- շարունակել է նա։

«Գազայում մնացած մարդիկ սպասում են իրենց ճակատագրին՝ այսօր կմահանան, թե վաղը։ Կամ կդառնան փախստականներ… Երիտասարդներ, երեխաներ, կանայք։ Իրավիճակը շատ վատ է»,- ասել է բժիշկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս