Շատ ձյուն և բարձր գներ

Վերջապես ձյուն եկավ: Արդեն երկու ամիս է՝ Գյուղնախարարության, Հիդրոմետվարչության, ջրային տնտեսության աշխատակիցները նույն բանն էին պատմում: Նրանց հրապարակավ ելույթները համարյա սարսափ պատումիկներ էին հիշեցնում: Բոլորը միաբերան երաշտ էին գուժում` հնարավոր սարսափելի հեռանկարներով: Ամենասահմռկեցուցիչը, իհարկե, Սևանա լճի նկատմամբ կանխագուշակվող ապագան էր: Հանրապետության ջրամբարները համարյա դատարկ էին:

Հետևաբար` հնարավոր բոլոր ոռոգելի հողերը մնացել էին Սևանի հույսին: Իսկ այն հատվածները, որոնք Սևանի ջրերով հնարավոր չէր ոռոգել, ըստ խոստումների` ջուր ստանալու էին փակված խորքային պոմպակայաններից: Այս խոստումն էլ պակաս սարսափազդու չէր: Վերջին տարիներին բնապահպաններն անընդհատ խոսում են ընդերքային ջրերի անխնա օգտագործման մասին, հատկապես` ձկնաբուծական լճակային տնտեսությունների կողմից:

Մամուլն էլ իր հերթին` գրում էր, որ այս ոլորտը վերջին տարիներին խոշորացել է: Խոշորացել ու դարձել է հայրենի օլիգարխների ու ազդեցիկ պաշտոնյաների սեփականություն: Հետևաբար` բարդ չէր ենթադրելը, թե ինչ էր կատարվելու Սևանա լճի ու խորքային ջրային ռեսուրսների հետ: Ոչ մի հասարակական կարծիք կամ բնապահպանական մասնագիտական վերլուծություն աղետի դեմը չէր առնի: Բայց տեղի ունեցավ անսպասելին՝ ձյուն եկավ: Առատ ձյուն: Բոլորն ուրախացան՝ մեկ օրում` մեկ ամսվա նորմայի չափով: Լրատվամիջոցները դեռ գրում են, որ բազմաթիվ մարզերում ձյունը չի դադարել:

Վերջապես կարելի է լրատվությանը հետևել՝ առանց վախենալու, որ կկարդաս կամ կդիտես հարազատ Գյուղնախարարության համապատասխան պաշտոնյայի լալահառաչ կանխատեսումը: Բայց որպեսզի պարզ սպառողի համար կյանքը մեղր չթվա, ոչ պակաս հարազատ ու Ազգային վիճծառայությունը տվյալներ հրապարակեց: 2015թ. հունվարին սպառողական գների ինդեքսը մեր երկրում իրեն լավ չի պահել: Խոսքը հատկապես պարենային ապրանքների մասին է:

Հենց պարենային ապրանքների հաշվին է 4,5 տոկոսանոց գնաճ արձանագրվել: Դրանց շարքում կատաղած թանկացել է թե՛ տեղական արտադրության, թե՛ ներմուծվող պարենը: Մեր վիճակագիրները վաղուց են հմտացել մեղմ ու համաչափ գնաճ արձանագրելու գործում: Բայց այս անգամ ո՛չ մեղմությունն է ստացվել, ո՛չ համաչափությունը: Օրինակ՝ հունվար ամսին հացամթերքի գինը դիտարկվել է հանրապետության տասը քաղաքներում: Եվ պարզվում է` «2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ` արձանագրվել է հացամթերքի 0,7-14,2 տոկոս գնաճ (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում), իսկ մեկում՝ 0,5 տոկոսի գնանկում»:

Այսպես է նշված պաշտոնական հաղորդագրության մեջ: Ոչ մի բացատրություն չկա: Այնպես որ, ընթերցողն ազատ է վերլուծության հարցում, և Կապանի գնաճը, օրինակ` կարող է կապել հանրահայտ մարզպետի նույնքան հանրահայտ վերադարձի հետ: Կամ՝ այլ պատճառ գտնել: Դավադրությունների տեսություններին հավատացողների համար առավել հետաքրքիր կլինի կենդանական ու բուսական յուղի (ձեթի) 3-5 տոկոսանոց գնաճը: 2015-ի հունվարի 2-ից մենք նոր մաքսային միության կազմում ենք, ինչից կարելի էր ենթադրել, որ ռուսա-բելառուսա-ղազախական արտադրության շատ ապրանքներ կարող են էժանանալ: Մաքսատուրքերի բացակայության պարագային: Բայց իրականում բոլորովին այլ ու ահագին այլանդակ փաստ է արձանագրվել, ասենք, շաքարավազի շուկայում:

2015-ին շաքարավազը Հայաստանում թանկացել է 10,8 տոկոսով՝ նախորդ ամսվա նկատմամբ: Թանկացել են նաև Ռուսաստանից ներմուծվող հնդկացորենը, ոսպը, մակարոնը և այլն: Գնաճի այս ցատկոտումները, իհարկե, կարելի է բացատրել ՌԴ ռուբլու արժեզրկմամբ: Կարելին՝ կարելի է, բայց ճիշտ չի լինի:

Որովհետև մեր ու ՌԴ վճարամիջոցներն անցած դեկտեմբերին համարյա սինքրոն (կարելի է ասել՝ բրուդերշաֆտ) արժեզրկվեցին: Իսկ նշված ապրանքատեսակների գները Ռուսաստանում բավական զիջում են Հայաստանում արձանագրվածներին:

Ավելին՝ պարենային ապրանքների միջին գնաճը մեր երկրում 2015-ը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 4,5 տոկոս, մինչդեռ մեր ազգային դրամը նույն ժամանակաշրջանում արժեզրկվել է ընդամենը 2,5 տոկոսով: Այսինքն` պարենային ապրանքների գները համարյա կրկնակի առաջանցիկ տեմպերով են բարձրանում` դրամի արժեզրկման համեմատ: Ու այս փաստի մասին պաշտոնական վերլուծություններ ու եզրահանգումներ չկան:

Իսկ Տնտեսական մրցակցության (և այլն) հանձնաժողովը շարունակում է ըմբռնումով տեքստեր տարածել գնաճի անխուսափելիության ու օրինաչափության մասին՝ այն բացատրելով` որպես ազգային դրամի արժեզրկման տնտեսական հետևանք: Բա հո չե՞ն ասելու, որ ներմուծողներն օգտվում են տնտեսական լարվածությունից, գերշահույթ ստանում, իսկ իշխանությունները պարզապես դիտորդի կարգավիճակում են հայտնվել: Համանման բացատրություններ ամռանը մենք հավանաբար կլսենք, երբ կառավարությունը որոշում ընդունի Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին:

Ամռանը բոլորը մոռացած կլինեն, որ ձյունը դեռ շարունակվում է, իսկ մարտ ամիսը, ըստ Հիդրոմետ ծառայության` անձրևային է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս