Վարդան Պետրոսյանը հիշեցրեց. «Ես «Նուբարաշենում» գտնվում եմ տուժածների նամակի ֆոնի վրա»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դերասան Վարդան Պետրոյանի մասվակցությամբ վթարի գործի քննությունը: Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի` դեպքի վայրի զննության արձանագրությունը անթույլատերլի ճանաչելու միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելով, մեղադրող դատախազն ասաց.

«Պարոն Բաղդասարյանի այս ծավալուն ելույթը իմ մոտ, համենայնդեպս, տպավորություն թողեց վստահորդի և նրա հարազատների մոտ մեծածավալ աշխատանք կատարելու միտում ունենալու, քանի որ, ըստ էության, բազմիցս անգամներ վկայակոչվեցին օրենքի հոդվածները բառացիորեն, այնուհետև պարոն Բաղդասարյանը չզլացավ երևի իր կարծիքով մեզ համար հասկանալի լեզվով բացատրել, թե ինչ է գրած օրենքում և անընդհատ շեշտել՝ նույն հոդվածը, նույն պարբերությամբ ընթերակայի մասով և՛ միջնորդության սկզբում, և՛ միջակայքում, և՛ վերջում, և՛ մնացած բոլոր հանգամանքների հետ կապված:

Նորից եմ ասում, սա ընդամենը աշխատանք ցույց տալու, ըստ ինձ, տպավորություն էր ստեղծում, և կարծում եմ՝ դա նրան հաջողվում է»:

Դատավորը կոչ արեց կարծիք հայտնել ըստ էության:

Արթուր Սարգսյանն ասաց, որ առարկում է միջնորդության դեմ. «Ընդունելով հանդերձ միջնորդությունում նշված արձանագրության կազմման թերությունները, գտնում եմ, որ դրանք բոլորը ձևական բնույթի են և որևէ կերպ չեն առնչվում բովանդակությանը»:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում գործող բոլոր քննչական մարմինները ճանապարհատրանպորտային պատահարի վայրի զննությունը կատարում են սահմանված ձևաթղթի վրա, որտեղ մասնակիցների իրավունքները բացատրելու, ընթերցելու հնարավորություն տալու մասին գրելու սահմանված տեղ չկա.

«Եվ նրանց այդ իրավունքները չբացատրելը կամ, ինչպես իրենք ասացին, մասնակի բացատրելը կամ չբացատրելն այն էական խախտումը չէ, որի արդյունքում արձանագրությունը պետք է դառնա անթույլատրելի»:

Անդրադառնալով դեպքի վայրի զննությանը որպես մասնագետ մասնակցած անձին՝ դատախազն ասաց, որ նրա հաստիքն է այդպես ձևակերպված՝ փորձագետ:

«Սկզբից պաշտպանական կողմը գրում էր, թե նա եթե փորձագետ է, ինչու փորձագետի իրավունքները չեն պարզաբանվել; Ընդամենը այդ մարդու հաստիքն է զբաղեցրած այդպիսին, և նա որպես փորձագետ չի հանդես եկել: Նա, ինչպես նաև ոստիկանության տեղամասային տեսուչը կամ ճանապարհային ոստիկանության շատ աշխատակիցներ կամ հրշեջ-փրկարարական ջոկատի ներկայացուցիչը ընդամենը օժանդակող անձինք են նախաքննություն իրականացնող մարմնին՝ տվյալ քննչական գործողությունը կատարելու պայմաններում:

Եվ Եգորյանը արձանագրության ո՞ր մասում է ստորագրել, չեմ կարծում, դա փոխում է արձանագրության կազմման իսկությունը կամ կասկածի տակ է դնում»,- ասաց դատախազը:

Զննությանը մասնակցած անձի՝ մասնագիտական հմտությունների չտիրապետելու դիտարկմանն էլ անդրադառնալով՝ դատախազն ասաց, որ նա դատարանում հայտնել է, որ փորձագետ նշանակվելու համար անցել է համապատասխան դասընթացներ, որից հետո նշանակվել այդ պաշտոնում:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ մասնակցած անձանցից մեկը չի ստորագրել արձանագրության տակ, մեղադող դատախազն ասաց. «Ես կարծում եմ, որ դա ընդամենը տեխնիկական վրիպակ է»:

Նա նշեց նաև, որ արձանագրությունը չկեղծելու կամ որև բան չավելացնելու մասին է վկայում այն հանգամանքը, որ ցուցմունք տալիս այդ անձը նշեց, որ հաջորդ օրը ցանկացել է ստորագրել, սակայն քննիչը չի թույլատրել:

«Հետևաբար՝ ընդունելով հանդերձ, որ պաշտպանական կողմի միջնորդության մեջ ներկայացրած բացթողումներն իրականում տեղ են գտել սույն արձանագրությունը կազմելիս, բայց դրանք էական չեն և չեն ազդել սույն ապացույցի թույլատրելիության վրա, ուստի դատարանին առաջարկում եմ մերժել միջնորդությունը, քանի որ օրենքը նախատեսում է անթույլատրելի ճանաչել էական խախտումների դեպքում, մինչդեռ սրանք որպես այդպիսիք ես չեմ դիտում»,- ասաց մեղադրող դատախազը:

Նա անդրադարձավ նաև պաշտանական կողմի այն պնդմանը, որ հնարավոր չի եղել գտնել դեպքի վայրի զննությանը մասնակցած երկրորդ ընթերակային:

«Նշեմ, որ իրականում նման անձ, ես նախորդ նիստում էլ ասացի, նման տվյալներով մարդ չկա, սակայն զննության մասնակիցների ցուցմունքներով պարզվեց, որ երկու ընթերակա եղել են ներկա: Հիմա ես ընդունեցի, որ քննիչը միգուցե պարտավոր էր նաև ստուգել այդ ժամին անձնագրի կամ քաղաքացի լինելու հանգամանքը, բայց եկեք բոլորս էլ իրականությունից չհեռանանք: Գիշերը ժամը 23-ի սահմաններում երկու մահով վթարի դեպքի վայրում… այս իրավիճակը չէ, որ մարդիկ հանգիստ՝ եկեք, դուք նայեք, սա 10 մ է, չափեցինք, սա ընթերակաները, ձեզ բացատրում եմ: Ոչ մեկ այդքան ժամանակ չունի: Սա արվել է շատ խառը իրավիճակում և չի բացառվում, որ, իրոք, քաղաքացին ներկայացել է այլ տվյալներով: Բայց սա նույնպես, կարծում եմ, որ որևէ էական ազդեցություն չի թողել գործի ընթացքի և այս արձանագրությունը կազմելու վրա»:

Տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ կարծում են՝ դատաքննությունը ձգձգտելու միտում կա: «Եթե մի միտք 7-8 անգամ կրկնվում է, բնականաբար, դրա համար ժամանակ է ծախսվում: Մենք չենք ցանկանում, որ ամբաստանյալը ավելորդ օրեր անցկացնի, բնականաբար, մեկուսարանում, բայց պարտավոր ենք նաև մեր դիրքորոշումը հայտնել: Մեր կողմից որևէ ձգձգումներ չկան՝ կապված դատաքննության ներկայանալու և այլ միջնորդությունների առումով: Բայց, հարգելի դատարան, հաշվի առնելով միջնորդության կարևորությունը՝ ես ստիպված ժամանակ պետք է խնդրեմ, քանի որ պաշտպանական կողմը խիստ կարևորեց այս միջնորդությունը»,- ասաց Ռ. Բալոյանը՝ 20 օր ժամանակ խնդրելով, նշելով, որ միջնորդության մեջ նշված փաստերը պետք է ստուգի:

«Մենք մի ռուսական հաղորդում ունեինք՝ чмо, где, когда: Ինձ չպիտի մեկ րոպե ժամանակ տրվի, որ ես մեկ րոպեում իմ դիրքորոշումը միջնորդության վերաբերյալ հայտնեմ»:

Դատավարության մասնակիցները կարծիք հայտնեցին Ռ. Բալոյանի միջնորդության մասին: Վարդան Պետրոսյանն այդ կապակցությամբ ասաց. «Թույլ տվեք ասել, որ շատ զգացված եմ հարգելի քաղաքացի Բալոյանի հայտարարությունից, որ նա չի ուզում, որ ես ավել մի քանի օր նստեմ «Նուբարաշենի» մեկուսարանում՝ հաշվի առնելով այնտեղի պայմանները: Ուղղակի հիշեցնեմ, որ ես «Նուբարաշենում» գտնվում եմ տուժածների նամակի ֆոնի վրա»:

Ապա շարունակեց. «Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ ես կալանքը այսքան ժամանակ կրում եմ լուռ, անտրտունջ, այնպես,  որ ես ինձ հարգեմ իմ այդ կալանքում»:

Դիմելով դատարանին՝ նա ասաց, որ թողնում է դատարանի հայեցողությանը ժամանակ ընտրելը, դա իր համար նշանակություն չունի. «Ինձ համար կարևոր է, որ լինի օբյեկտիվ որոշում»:

Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ հաջորդը նշանակելով նոյեմբերի 19-ին:

Տեսանյութեր

Լրահոս