«Չի կարող իրավունքը կախված լինել նրանից, թե ով է դա իրականացնում». փաստաբանը զուգահեռներ է անցկացնում Շանթ Հարությունյանի և եռյակի երթի միջև

Հարցազրույց Շանթ Հարությունյանն և նրա ընկերների գործով ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հետ

– Պարոն Զաքարյան, ի՞նչ տպավորություններ ունեք դատավճռից:

– Հերթական անգամ խորին հիասթափություն եմ ապրել դատավճռից, որովհետև, ըստ էության, դատավճիռը մեղադրական եզրակացության արտատպումն է՝ որոշակի հանգամանքներ հաշվի չառնելով: Մնացած առումներով, ըստ էության, պաշտպանական կողմի ոչ մի փաստարկ դատավճռի մեջ բերված չէ, Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը (խուլիգանություն) վերլուծված չէ, մեր բոլոր պնդումներին, որ տվյալ դեպքում վերագրվող գործողությունները չեն կարող խուլիգանություն համարվել, բերված չափորոշիչներին ընդհանրապես անդրադարձ չի արվել դատարանի կողմից: Դատարանի կողմից ոչ մի նշում չի կատարվել, հետևապես` նաև գնահատական չի տրվել այն հանգամանքին, որ մենք ասում էինք, որ մեր պաշտպանյալներն, ըստ էության, իրականացրել են երթ, որը երաշխավորված է միջազգային պայմանագրերով, Սահմանադրությամբ, մեր օրենքներով, և որևէ նորմ այս առթիվ չեն խախտել, և նրանց բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ իրավունքի իրականացման պաշտպանությանը:

Դատարանը չի անդրադարձել անմեղության կանխավարկածի ոտնահարմանը, որը ևս պարտավոր էր անել: Դատարանը, դրա հետ մեկտեղ, չի անդրադարձել ապացույցների թույլատրելիության վերաբերյալ այն չափորոշիչներին, որոնց մասին պաշտպանական կողմն ասաց իր ճառում: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր նրան, որ կան Եվրոպական դատարանի նախադեպեր՝ որոշումների տեսքով, որոնց համաձայն՝ ոստիկանների ցուցմունքները չեն կարող դրվել մեղադրանքի և մեղադրական դատավճռի հիմքում, եթե դրանք հիմնված չեն այլ ապացույցների վրա և չեն հաստատվում դրանցով: Այս հանգամանքների վրա դատարանն ուշադրություն չի դարձրել: Կարծում էի, որ դատարանը դատավճռում պարտավոր էր անդրադառնալ այս հանգամանքներին և տալ իր գնահատականը: Բացասակա՞ն, թե՞ դրական՝ ուրիշ հարց է, բայց չի կարող դատավարությունն արդար համարվել, եթե կողմն ասում է ինչ-որ բան, որն ակնհայտորեն վերաբերում է գործին, իսկ դատարանն ուղղակի անտեսում է դա:

Մենք այնպիսի բան չենք ասել, որը գործին վերաբերելի չէր: Մեր փաստարկներն ուղղակիորեն առնչվում էին մեր պաշտպանյալների գործողություններին, իրավունքի վերլուծությունը և այն հանգամանքներին, որոնք էական նշանակություն ունեն գործի համար: Հետևապես` դատարանը պարտավոր է դրանցից յուրաքանչյուրին անդրադառնալ և պատճառաբանել՝ համաձա՞յն է, թե՞ ոչ, եթե համաձայն չէ, ապա ինչի՞ց ելնելով: Դատարանը պարտավոր էր Եվրոպական դատարանի որոշումներից մեր մեջբերած փաստարկներին անդրադառնալ, գնահատական տալ: Եթե համաձայն չէր դրանց հետ, ապա բերեր ծանրակշիռ փաստարկներ, թե ինչո՞ւ համաձայն չէ:

Դատավճռում, ցավոք, չկա ոչ մի նման վերլուծություն: Բացի այդ` բոլորի համար ակնհայտ է և հանրաճանաչ հանգամանք է, որ դատավճռի հիմքում կարող են դրվել բացառապես դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, և դատարանն իրավունք չունի անդրադառնալու որևէ նյութի, որը դատաքննության ընթացքում չի հետազոտվել: Եթե չեմ սխալվում, բոլոր դատավարություններին եղել եք, հետևել եք:

Դատաքննության ընթացքում 2-3 վկայի նախաքննական ցուցմունքներ են հրապարակվել, այն էլ` այն պատճառով, որ վերջիններս դատարան չէին ներկայացել: Մնացած ոչ մեկի նախաքննական ցուցմունք դատաքննության ընթացքում չի հետազոտվել: Սակայն դատարանը, բացահայտորեն անտեսելով օրենքի այս պահանջը, դատավճռի հիմքում դրել է անձանց նաև նախաքննական ցուցմունքներ, վկայակոչել դրանք և, ըստ էության, դրանց վրա հիմնվելով՝ կայացրել մեղադրական դատավճիռ: Բերեմ օրինակ: Տիգրան Պետրոսյանը՝ իմ պաշտպանյալը, դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ ոստիկան Արա Մարտիրոսյանին միայն հրել է: Ոստիկան Ա. Մարտիրոսյանը եկավ, դատարանում նույն բանն ասաց, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում Տ. Պետրոսյանն իրեն միայն հրել է: Տ. Պետրոսյանի մեղադրանքի մեջ նշված է, որ Ա. Մարտիրոսյանին քաշքշել է և հարվածել:

Որպեսզի այս հանգամանքը հաստատված համարեր, դատարանը ստիպված դատավճռի մեջ Ա. Մարտիրոսյանի նախաքննական ցուցմունքն է վկայակոչել` այն դեպքում, երբ դա նույնիսկ հետազոտված չի եղել: Այսինքն՝ ակնհայտ էր, որ Տ. Պետրոսյանի մեղադրանքը չի կպնում, ու դատավորը շահագրգռված լինելով հանդերձ է նախաքննական ցուցունքը դատավճռի մեջ շարադրել, որպեսզի կարդացողի մոտ գոնե տպավորություն ստեղծվի, թե ինչից ելնելով դատարանն ասաց, որ Տ. Պետրոսյանին վերագրված ոստիկանին հրելու և հարվածելու հանգամանքները հաստատված է համարել: Անդրադառնամ նաև պատժաչափերին:

Թեպետ մեր պաշտպանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, բայց, եթե դատարանը մեղավոր էր ճանաչում, պետք է պատժաչափի մասով էլ ակտերը համահունչ լինեին մինչ այդ կայացրած դատական ակտերին և բխեին նաև վճռաբեկ դատարանի նախադեպային մեկնաբանություններից: Այս առումով պատժաչափերն ակնհայտորեն աչքի են ընկնում իրենց խստությամբ: Որևիցե տրամաբանություն, բացատրություն, թե ինչու է մեկին այսքան տվել, մյուսին՝ այսքան, չկա: Դրա հետ մեկտեղ` երբ համադրում ենք նույն հոդվածի նույն մասերով և կետերով մեղադրյալների պատժաչափերին, ակնհայտ է դառնում, որ այստեղ դատարանը, որպես այդպիսին, ոչ թե մեկին` խիստ, մյուսին՝ համեմատ մեղմ պատիժ տալով` ապահովել է օրենքի պահանջը, այլ հակառակը. դատարանն, ըստ էության, անձանց պատժաչափը որոշել է՝ հաշվի առնելով նրանց պահվածքը, նրանց՝ դատարանում արած հայտարարությունները: Որպես վառ օրինակ` ներկայացնեմ՝ Տիգրան Պետրոսյան, Արմեն Հովհաննիսյան, Սևակ Մնացականյան:

Երեքն էլ մեղադրվում էին նույն հոդվածով՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Տ. Պետրոսյանը դատավարության ընթացքում գրեթե հայտարարություններով հանդես չի եկել: Սևակը հայտարարություններով հանդես եկել է՝ քննադատելով իշխանություններին: Ա. Հովհաննիսյանը ոչ միայն քննադատել է իշխանություններին, այլև իրեն համարել է քաղբանտարկյալ և հայտարարել է, որ իշխանությունները պլանավորել են իր, իր ընտանիքի, հարազատների նկատմամբ հաշվեհարդար տեսնել, և լրագրողներին դիմելով՝ փորձում է կանխել այդ երևույթը:

Արդյունքում` ի՞նչ ստացվեց. Տ. Պետրոսյանը ստացավ 1 տարի, Սևակը՝ 1 ու կես տարի, Ա. Հովհաննիսյանն, ով իրեն քաղբանտարկյալ համարեց, ստացավ 2 տարի: Այսինքն՝ ակնհայտ է, որ նման պայմաններում դատարանը նաև թույլ է տվել խոսքի ազատության իրավունքի խախտում՝ նման խիստ պատիժ տալով: Նշեմ, որ որպես այդպիսին, մրցակցային դատավարություն տեղի չունեցավ, քանի որ նախաքննության մարմնին տրվել էր բացարձակ հնարավորություն` ապացույցներ հավաքելու, ապացույցները դատարանում ներկայացնելու և հետազոտելու առումով:

Չի եղել որևէ նյութ, որը Դատախազությունն ուզենա՝ հետազոտվի դատական նիստում, բայց դատարանը դա թույլ չտա: Դրա հետ մեկտեղ` պաշտպանական կողմի որոշ միջնորդություններ մերժվեցին այն դեպքում, երբ դրանք պաշտպանական կողմի համար էական նշանակություն ունեին և էական նշանակություն ունեին պաշտպանական կողմի փաստարկները հիմնավորելու համար: Առաջինը վերաբերում է նրան, որ պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատարանին է ներկայացրել սկավառակ, որտեղ պատկերված էր ՀՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Շանթ Հարությունյանն ու իր գործընկերները խուլիգանություն են կատարել:

Սա այնպիսի միջնորդություն էր, որ դատարանը միանշանակ պարտավոր էր հետազոտել, քանի որ խոսքը վերաբերում էր պաշտպանական կողմի իրավունքների ոտնահարումը հաստատող ապացույցին: Խոսքն անմեղության կանխավարկածի մասին է: Երկրորդը դատարանի վրա ազդեցություն ունենալու հանգամանքի մասին է:

Դատարանը մերժեց այս միջնորդությունը՝ որպես այդպիսին չբերելով, ըստ էության, փաստարկ: Այսինքն՝ պաշտպանական կողմը, համեմատ մեղադրանքի կողմի, հայտնվեց ավելի վատ պայմաններում: Հաջորդը նախագահին դատարան որպես վկա հրավիրելու, հարցաքննելու միջնորդությունն էր:

Նախագահի ելույթից հստակ երևում էր, որ վերջինիս հայտնի էին գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, պաշտպանական կողմի համար խիստ անհրաժեշտ էր պարզել աղբյուրը, նախագահն անձա՞մբ է տեսել, թե՞ ինչ-որ մեկի միջոցով է ինֆորմացիան ստացել, միգուցե իրեն ապակողմնորոշե՞լ են, և մի շարք այլ հանգամանքներ: Ես համոզված եմ, որ եթե վկան չլիներ ՀՀ նախագահը, այլ լիներ սովորական քաղաքացի, դատարանն այդ միջնորդությունը կբավարարեր:

– Բոլոր տուժողներն այս գործով ոստիկաններ էին, ընդ որում, մեծ մասը տուժել էր միայն այն պատճառով, որ աչքերն արցունքոտվել էին: Այս պայմաններում ինչպե՞ս կարող էին նրանք տուժող ճանաչվել:

– Իմ կարծիքով՝ իշխանությունը տվյալ դեպքում «խուլիգանությունը» հիմնավորելու համար փորձել է տուժողների քանակն արհեստականորեն ավելացնել, որպեսզի ցույց տա, նայեք՝ ինչքան մարդ է տուժել: Բայց ոստիկանների անօրինական գործողություններից առաջին հերթին տուժել են Շ. Հարությունյանն ու գործընկերները և հասարակությունը, խախտվել է այդ մարդկանց իրավունքը, հավաքի ազատության իրավունքը ոտնահարվել է տվյալ դեպքում: Տեսանյութը դիտելիս` ակնհայտ երևում է, որ նման կերպ վարվելու, նման կոպիտ կերպով երթը դադարեցնել փորձելու անհրաժեշտություն չկար, ինչպես տեղի էր ունեցել տվյալ դեպքում: Այնուհանդերձ, այս հանգամանքին որևէ մարմնի կողմից ոչ մի գնահատական չի տրվել, ուղղակի ի սկզբանե փորձում են հաստատված համարել, որ Ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ: Զուգահեռ տանելով՝ այսպես ասեմ. վերջերս, երբ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համատեղ հանրահավաք տեղի ունեցավ, ընթացքում ժողովրդի մի զգալի մաս դուրս եկավ և՛ փողոց՝ երթևեկելի մաս, և՛ երթևեկությունը որոշ ժամանակով փակվեց:

Եթե զուգահեռներ տանենք Շ. Հարությունյանի և գործընկերների և այդ երթի ընթացքում գործողությունների հետ, ակնհայտ է, որ երևույթը նույնն է. մարդիկ դուրս են եկել, երթևեկությունն, ըստ իշխանության, որոշակի ժամանակահատվածով փակվել է: Ինչո՞ւ այն դեպքում այդպես վարվեցին, այս դեպքում ոչ մի բան չարեցին: Չի կարող իրավունքը կախված լինել նրանից, թե ով է դա իրականացնում:

Այսինքն՝ Շանթին չի՞ կարելի, ուրիշին կարելի՞ է: Սա է մեր իշխանության տրամաբանությունը:

Կհիշեք նաև` նիստի ընթացքում Օսիպյանն ինքը` հարցին՝ մոտ 10 հոգի, այդ թվում` լրագրողներ, դուրս էին եկել երթևեկելի մաս, եթե դա իրավախախտում է, ինչո՞ւ այդ անձանց չեք զգուշացրել, որ դուրս չգան, իսկ դուրս գալուց հետո` խնդրել, պահանջել, որպեսզի ազատեն երթևեկելի մասը, պատասխանեց, որ մենք համատեղ հրահանգ ունենք, որով պետք է հնարավորություն տանք լրագրողներին` իրենց աշխատանքը կատարել և չխոչընդոտել: Այսինքն՝ լրագրողը կարող է փողոց դուրս գալ՝ երթևեկելի մաս, խաթարել երթևեկությունը, դա կհամարվի իրավաչափ, իսկ Շ. Հարությունյանը, եթե դուրս է գալիս, իրավաչափ չի կարող համարվել: Սա հաջորդ աբսուրդն է: Ուղղակի սա վկայում է մի բանի մասին՝ իշխանություններն, իրոք, ամեն ինչ արել են, որպեսզի մեր պաշտպանյալները չկարողանան իրենց իրավունքն իրականացնել, իսկ հետո էլ պատժում են նրա համար, որ նրանք իրենց իրավունքի իրականացման համար համաչափ, ադեկվատ քայլեր են արել:

– Տպավորություն էր, որ դատարանը շտապում էր ավարտել գործի քննությունը. ամբաստանյալներից մի քանիսը վերջին խոսք չասաց, դատավճիռը հրապարակվեց 19:30-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո: Համաձա՞յն եք և ինչո՞վ եք դա պայմանավորում:

– Ինչով պայմանավորել՝ չեմ կարող: Միգուցե երևի նաև հրահանգ էր եղել, որ այդ օրը դատական նիստը պետք է անպայման ավարտվի և մեղադրական դատավճիռը հրապարակվի: Հնարավոր է՝ դրանով, որովհետև իմ պրակտիկայում ես չեմ հիշում դեպք, որ դատարանն աշխատանքային ժամից հետո հեռանա խորհրդակցական սենյակ և 1-1.5 ժամ հետո վերադառնա ու հրապարակի դատական ակտ: Ընդ որում, բազմաթիվ հանգամանքներ կային, որ դատարանը խորհրդակցական սենյակում պարտավոր էր քննարկել և գնահատական տալ: Ընդհանրապես դրանց չի էլ անդրադարձել:

– Երկու ամբաստանյալ արդարացվեցին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքում «հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»: Դա ինչո՞վ եք պայմանավորում:

– 316-րդ հոդվածով քննությունն իրավասու էր կատարել միայն ՀՔԾ-ն, ինչի մասին ես ասել եմ ու շարունակում եմ պնդել: Խնդիրը նրանում էր, որ ոչ մի ապացույց չկա 316-ի հետ կապված: Սա` առաջինը: Ինչպես հասկացա, դատավճիռը դուք էլ եք կարդացել: Երկորդը՝ 316-րդ հոդվածի բացակայությունը հիմնավորելու համար դատարանը բերել է բազմաթիվ պատճառաբանություններ:

Նույն կերպ բազմաթիվ պատճառաբանություններ է բերել՝ հիմնավորելու համար, թե ինչու Շահեն Հարությունյանի նկատմամբ պետք է կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նրան դատապարտել պայմանական ազատազրկման: Եթե դատարանը նույնչափ ջանասիրություն փորձեր գործադրել պաշտպանական կողմի մյուս փաստարկներին և ունակ լիներ դա անելու, այսինքն՝ դատարանին թողնեին դա անել, ես կարծում եմ՝ այդ դեպքում դատական ակտը կլիներ արդարացման:

Դատարանը չի անդրադարձել ոչ մի փաստարկի, չի վերլուծել խուլիգանության հոդվածն իրավունքի տեսության առումով, 1-2 նախադասություն է ընդամենը գրել: Ինչքան փորձեր դատարանը խորանալ, այնքան ավելի ակնառու էր դառնում, որ չի կարելի այդ գործողությունները խուլիգանություն համարել. ոչ շարժառիթ կա, ոչ նպատակ կա, ոչ որպես այդպիսին` Ոստիկանությունը կարող է տվյալ դեպքում հասարակություն համարվել: Չի կարող Ոստիկանությունն իր պարտականությունների կատարման կապակցությամբ նույնացվել հասարակության հետ, առավել ևս, որ հենց առաջինը Ոստիկանության գործողության արդյունքում է ամեն ինչ սկսվել:

Ոստիկանությունն իշխանության ներկայացուցիչ է, իսկ իշխանությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել կոնվենցիայով երաշխավորված իրավունքների իրականացման, հետևապես` նա ոչ մի դեպքում տվյալ պարագայում չէր կարող համարվել հասարակություն: Եվ ընդհանրապես, երբ խոսքը գնում է մասսայական միջոցառումների մասին, առավել ևս, երբ դրանք վերաբերում են իշխանության վարած քաղաքականության դեմ բողոքներին, հասարակության գործողությունները չեն կարող դիտվել` որպես խուլիգանություն, իսկ Ոստիկանությանը ներկայացնել` որպես հասարակություն կամ դրա մաս:

Այնպես չի եղել, որ ոստիկաններն ուղղակի այնտեղ հավաքված են եղել, իսկ Շ. Հարությունյանը ու գործընկերները որոշել են խուլիգանություն կատարել, աղմկել, բղավել, ոչ պարկեշտ արտահայտություններ անել, ոստիկաններն էլ եկել-ասել են՝ խնդրում ենք, հասարակական կարգը մի՛ խանգարեք, մի հատ էլ ոստիկանների նկատմամբ սկսել են ուժ կիրառել:

– Կառանձնացնե՞ք ամենաաղաղակող խախտումները` սկսած նախաքննության փուլից:

– Առաջին խախտումն անձանց կալանավորելն ու կալանքի տակ պահելն է: Սա հիմնարար խախտումներից է: Երկրորդ հիմնարար խախտումն այն է, որ անձանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար` այն դեպքում, երբ օբյեկտիվորեն նրանցից և ոչ մեկի գործողություններում խուլիգանության հատկանիշներ չկան: Հենց այս հանգամանքը տվյալ գործը` որպես քաղաքական, իսկ մեր պաշտպանյալներին` որպես քաղբանտարկյալ որակելու առաջին չափորոշիչն է: Հաջորդ կոպիտ խախտումը, ըստ էության, կասեի՝ նախագահի կողմից անմեղության կանխավարկածի ոտնահարումն է: Եվ, ի վերջո, կարևորագույն խախտումը դատարանի անկախության բացակայությունն է: Մենք այսօր չունենք այնպիսի դատական համակարգ, որը լինի բավարար չափով անկախ, անկախ իշխանությունից, որպեսզի կարողանա արդար դատական ակտեր կայացնել:

– Ձեր պաշտպանյալներին այս ընթացքում տեսե՞լ եք, ինչպե՞ս է նրանց տրամադրվածությունը:

– Այո, տեսել եմ: Տրամադրվածությունը՝ բարձր, մարտական:

– Հայտնել էիք վերաքննիչ դատարան դիմելու մտադրության մասին: Ի՞նչ կարող ենք սպասել վերաքննիչից:

– Անկեղծ ասած՝ վերաքննիչից ոչ մի սպասելիքներ չունեմ, որովհետև քաղաքական գործերով որոշում կայացնողները ոչ թե դատարաններն են, այլ բոլորովին այլ անձինք: Ես դրա համար էլ իմ ճառը հասցեագրում էի գործով քավորին, ով ինքն է որոշում է, թե ինչ պետք է լինի տվյալ գործով: Ուղղակի վերաքննիչ և վճռաբեկ դատարաններն այն անհրաժեշտ ատյաններն են, որը պետք է սպառել, որից հետո արդեն դիմել եվրոպական դատարան:

– Դատարանը Շահեն Հարությունյանին դատապարտեց պայմանական ազատազրկման՝ փորձաշրջան սահմանելով` 4 տարի ժամկետով: Որպես փաստաբան՝ Ձեր կարծիքով`սահմանված ժամանակահատվածը շա՞տ չէր:

– Եթե նույնիսկ համարենք, որ Շանթ Հարությունյանի և իր գործընկերների գործողություններում խուլիգանություն կա, ապա Շահենի գործողություններում ընդհանրապես խուլիգանություն չի կարող լինել, որովհետև տեսանյութն էլ ցույց տրվեց, որ, երբ Շանթ Հարությունյանի նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվում, և նրան գցում են գետնին, այս ընթացքում ոստիկաններից մեկը, ով այդ ուժն էր կիրառում, նրան է Շահենը հարվածել, իսկ Շահենի գործողություններն ակնհայտորեն ուղղված էին հորը պաշտպանելու համար: Այսինքն՝ որպես այդպիսին` Շահենի գործողությունները չեն կարող ոչ մի պարագայում խուլիգանություն համարվել: Ինչ վերաբերում է փորձաշրջանի ժամկետին, ապա, կարծում եմ՝ սա ևս միտումնավոր է արվել՝ Շահենի գլխին մի թուր կախելով, որ՝ գիտե՞ս ինչ, Շահեն, դու պետք է քաղաքականությամբ չզբաղվես, դու պետք է սուսիկ-փուսիկ տանը նստես, երթերին, ցույցերին չմասնակցես և, ի վերջո, ձեզ մոտ ժառանգաբար եկող իշխանությանն ըմբոստանալու վարքագիծը պետք է թարգես: Հակառակ դեպքում, եթե դու շարունակես, մի պատմության մեջ քեզ կգցենք, որի պարագայում եթե մի դատավճիռ էլ եղավ, ապա գումարվելու է նաև այս 4 տարին: Այսինքն՝ ամբողջ նպատակը սա էր` ինչքան հնարավոր է` երկար ժամանակով աշխատել Շահենին չեզոքացնել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս