Զինվորներին առնչվող նախկինում կայացված կարևոր որոշումներ, որոնք վաղուց մոռացվել են

Մոտ մեկ ամիս է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձին տեսահոլովակների միջոցով ներկայացնում է իր պաշտոնավարման հատկապես վերջին 2-3 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերում կատարված բարեփոխումները, ներդրված ծրագրերը: Մեծ հաշվով, որևէ վատ բան չկա, երբ ներկայացվում է արվածը, թեև, գուցե վերապահումներ կան մատուցման ձևի, շեշտադրումների, ընտրված ժամանակի առումով, և թե՝ արդյո՞ք հենց պաշտպանության նախարարը պետք է տեսահոլովակների միջոցով ներկայացնի հատկապես «փոքր» ծրագրերը:

Ընդ որում, բացարձակ կասկածի տակ չենք դնում Պապիկյանի՝ զինվորի համար դրական որևէ բան անելու ազնիվ մղումները։

Օրինակ, ամրացված շրջաններ և նոր սպառազինության ցուցադրության փակ այցերից մեկի ժամանակ մի անգամ նրան մոտեցան և բողոքեցին, որ շոգ ամռանը զինվորը դիրքերում «չստիկներով» է եղել, ինչին Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Պատկերացնո՞ւմ եք այս շոգին «սապոգներով» 24 ժամ մնալ, մարտական հերթապահության իր ժամը չի եղել, թող մի փոքր ոտքերը հանգստանար, դուք էլ չնկարեիք»: Գուցե շատերն այստեղ կարգապահական խնդիրներ նկատեն, բայց այս պահին խոսքն այլ բանի մասին է:

Այլ հարց է՝ որքանով են որոշ ծրագրեր արդյունավետ, ճիշտ, որքանով վերանայման կարիք ունեն: Օրինակ, արդյո՞ք չէր կարելի 2026 թվականի հունվարից՝ ձմեռային զորակոչից ուժի մեջ մտած պարտադիր ժամկետային ծառայության կրճատման որոշումը նախ տարածվեր միայն բարդ հատվածներում մարտական հերթապահություն իրականացնողների վրա, ինչպես ժամանակին առաջարկվել է: Հնարավոր է՝ այս դեպքում անարդարության մասին խոսակցություններն ավելի քիչ լինեին:

Կարդացեք նաև

2018 թվականի իշխանափոխությունից հետո բազմիցս գրել ենք՝ բանակում պոպուլիզմն անթույլատրելի է, և չի կարելի «փոքր» ծրագրերը դրոշակ դարձնել, գաղափարը չի կարող վերցվել, և գլխավոր շեշտադրումը լինի միայն նյութականը, ինչը, անշուշտ կարևոր է, բայց ոչ առանց գաղափարի, առանց հստակ «մարտական» խնդիրների, երբ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից, ատելություն գեներացնելու, ՀՀ ինքնիշխան տարածքները, հայերի հողերն իրենը ներկայացնելու պետական քաղաքականությունից:

2025 թվականի դեկտեմբերի 10-ին հրապարակված «Պատմաբան և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը. Ինչո՞ւ է պատմաբանը պարտվում «իրական Հայաստանին»» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք դրվագի, թե ինչպես էր ժամանակին Սուրեն Պապիկյանը դպրոցների ավագ դասարաններում (2010-2016թթ. աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011-2018թթ. դասավանդել է «Քվանտ» վարժարանում) որպես պատմաբան՝ ճիշտ շեշտադրումներով ներկայացրել՝ ովքեր են ադրբեջանցիները, կամ, ինչպես ինքն է որակել՝ կովկասյան թաթարները, ինչ ճանապարհով են ներթափանցել մեր տարածաշրջան…

ՀՀ զինված ուժերում կատարված բարեփոխումների և իրականացվող ծրագրերի՝ Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացմանը զուգահեռ՝ իշխանության ներկայացուցիչները փորձում են ապացուցել, որ իրենք մտածում են զինվորի մասին, բայց այ, նախկինում՝ ոչ: Կամ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտածում է զինվորների արձակուրդների մասին, բայց նախկինում իբր ոչ մի «կենցաղային» կարևոր խնդիր չի լուծվել: Իհարկե, Սուրեն Պապիկյանը հիմնականում գնահատականներ է հնչեցնում իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին, և գրեթե հետադարձ հայացքներ չի նետում:

Ամեն դեպքում, վերը նշվածի համատեքստում մինչ իշխանությունները դրոշակ են սարքել երդման արարողության կապակցությամբ երկօրյա արձակուրդի թեման կամ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կուրսանտների համար ստեղծված պայմանները՝ «ցեխ շպրտելով» ՀՀ ռազմական նախկին ղեկավարության ուղղությամբ, հարկ ենք համարում մի քանի կարևոր դրվագ հիշեցնել:

 Առաջին, Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում միջանձնային հարաբերությունների կարգավորման և զինվորի արժանապատվությունը նվաստացնող երևույթների դեմ պայքարի շրջանակում 20 տարի առաջ փակվեց զինվորի՝ զուգարան մաքրել-չմաքրելու թեման, ներդրվեց նոր հաստիք՝ պայմանագրային հիմունքներով զուգարանի ու բաղնիքի մաքրության պատասխանատուներ, և աստիճանաբար այս երևույթն իսպառ վերացավ բանակից: Համաձայն եք, չէ՞, որ զուգարան մաքրել-չմաքրելու հարցը երբեմն զինվորի կյանքի գին էր արժենում:

Երկրորդ, զինվորների համար կերակուրի պատրաստման և սնունդի մատակարարման ոլորտում ևս բարեփոխումներ եղան, այդ թվում՝ սկսեցին ոչ թե թթու դնել զորամասերում, այլ պատրաստի ստանալ՝ համագործակցությամբ կոնկրետ ընկերությունների: Ավելին, իշխանափոխությունից հետո զինված ուժերում ներդրված սնունդ ծրագիրը ևս մշակվել է Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք, պարզապես այն իրագործելուն դեռ չէին հասել:

 

Երրորդ, տարբեր բարդություններից խուսափելու համար, 2015-ին որոշում էր կայացվել, որ զորակոչիկները զորահավաքակայանում այլևս բժշկական պատվաստումներ չեն անցնում, այլ դրանք իրականացվելու են նախքան զորակոչը՝ քաղաքացիական բուժհիմնարկներում կամ զորակոչի ավարտից հետո՝ արդեն այն զորամասում, որտեղ երիտասարդն անցնում է ծառայության: Դրանից առաջ արդեն ներդրվել էր վիճակահանության սկզբունքը:

Չորրորդ, 2016 թվականին որոշվել էր, ր ՀՀ ԶՈւ նորակոչիկները համազգեստ պիտի ստանան անմիջապես կենտրոնական հավաքակայանում:

Հինգերորդ, 2017 թվականի ամառային զորակոչից սկսած, երբ պաշտպանության նախարարն արդեն Վիգեն Սարգսյանն էր, որոշվել էր, որ հենց հավաքակայանում զորակոչիկներն անցնելու են բանակային սնունդի, և տնից որևէ սնունդ բերելու կարիք, անհրաժեշտություն այլևս չի լինելու:

Վեցերորդ, ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի 983-Ն որոշմամբ՝ ռազմամարզական վարժարանը վերանվանվել էր «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի, և արդեն սույն թվականի սեպտեմբերի 1-ից վարժարան ընդունվածները Դիլիջանում են իրենց ուսումնառության շրջանն անցկացնում:

«Մեր հասարակությունում լայն քննարկվում էր, թե ինչ է պետք անել Դիլիջանի հիասքանչ համալիրի հետ, որտեղ դեռ շինարարական աշխատանքները չէին ավարտվել և կառուցվում էր պետական եկամուտների կոմիտեի կողմից ուսումնական կենտրոն: Մեր հասարակությունը շատ մտահոգ էր՝ արդյո՞ք իմաստ ուներ այդ միջոցները ծախսել հենց այդպիսի կենտրոն ունենալու համար: Եվ այդ ժամանակ իմ մտքում ծագեց մի գաղափար՝ սա պետք է լինի հենց Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանը, և այդ առաջարկով դիմեցի Հայաստանի Հանրապետության նախագահին: Նախագահը շատ արագ ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլև հանձնարարեց մշակել այս ծրագիրը և կյանքի կոչել այն: Մեր հասարակությունում քննարկումները միանգամից դադարեցին և, կարծում եմ՝ բոլորը մեծ ուրախությամբ ընդունեցին, որ հենց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն է լինելու այս համալիրում: Այդ օրվանից շատ մարդիկ ամենօրյա աշխատանք են կատարել, որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք կան այսօր»,- Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի հանդիսավոր բացման արարողությանը հայտարարել էր Վիգեն Սարգսյանը:

Ի դեպ, այսօր բանակը սեփական անձի և իշխանության փիառի համար օգտագործող Նիկոլ Փաշինյանը, ով, օրինակ, պաշտպանության նախարարին «հուշել է» առանձին տեսահոլովակներով պատմել իրենց իշխանության օրոք բարեփոխումները, որոնք արդեն նորություն չեն, 2017 թվականին՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, Դիլիջանում մասնակցելով Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի պաշտոնական բացմանը և Մոնթե Մելքոնյանի 60-ամյակի միջոցառմանը, շատ ծանր էր տարել մի դրվագ, ինչի մասին անգամ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել.

«Դահլիճի ձևավորման սպասումն այն էր, որ պետք է Մոնթեի մասին ֆիլմ լինի, բայց սկսեց ֆիլմ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հարցազրույցով՝ այն մասին, թե ինչպես Կինեմատոգրաֆիստների տունը դարձավ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, և, որ նույնիսկ աշխարհի առաջատար կրթօջախները նման պայմաններ չունեն։

Հիմնական գործող անձը Վիգեն Սարգսյանն էր, կտորներ հարցազրույցից, ելույթից, խորհրդակցությունից՝ կարծես նրա պապն էր կառուցել Կինեմատոգրաֆիստների տունը։ Մոնթեի մասին էլ ֆիլմ եղավ, իհարկե։ Բայց հետո…»:

Այս նույն գրառման մեջ Փաշինյանը շեշտել էր նաև, որ բուն միջոցառումը սկսելուց առաջ վարժարանի սաներին ու ծնողներին ասել են, որ պետք է դուրս գան դահլիճից, որ բարձրաստիճան հյուրերին տեղ լինի, իսկ վարժարանի կուրսանտները և ծնողները ծառի տակ են սպասել դրսում, մինչև ամեն ինչ ավարտվի և ավտոբուսներով հետ գնան: Իհարկե, գուցե ինչ-որ բան ճիշտ չի եղել, բայց այսօր իշխանության ղեկին նստած Նիկոլ Փաշինյանը նույնը չի՞ անում, եթե չասենք՝ ավելի վատ երանգներով:

Ի դեպ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այս գրառումը տարակուսանք էր առաջացրել այդ ժամանակ Վիգեն Սարգսյանի մամուլի խոսնակ, այսօր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հովանավորությունը վայելող Արծրուն Հովհաննիսյանի մոտ:

«Տարակուսանքով կարդացի ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որում քաղաքական գործիչն անդրադառնում է նոյեմբերի 21-ին, Դիլիջանում տեղի ունեցած միջոցառմանը և փաստացի մեղադրում պաշտպանության նախարարությանը, թե ՊՆ-ն անուշադրության է մատնել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոսի ծննդյան 60-ամյակի միջոցառումները ծրագրելիս։ Փորձում եմ հավատալ, որ դա ընդամենը թերի տեղեկացվածության հետևանք է։

Իրականությունն այն է, որ նոյեմբերի 20-ին, այսինքն՝ վարժարանում Նիկոլ Փաշինյանի գտնվելուց մեկ օր առաջ, նույն համերգը՝ նույն երգիչներով ու նույն կատարումներով, կազմակերպվել է բացառապես վարժարանի սաների համար։ Ինչո՞ւ համերգը չի կազմակերպվել մեկ անգամ և բոլորի համար, որովհետև դահլիճը նախատեսված է ընդամենը 200 մարդու համար, և ուղղակի անհնար կլիներ այնտեղ տեղավորել վարժարանի 200 սաներին, նրանց ծնողներին, բանակի ղեկավարությանը, պետական կառույցների, ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, այդ թվում հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ տոնական համերգն առաջինը դիտել են հենց վարժարանի սաները։

…Համերգի սկզբում ցուցադրվեց ֆիլմ ռազմամարզական վարժարանի, սաների, նրանց նպատակների և ձգտումների, ընդունելության քննությունների, ընտանիքների մասին, որում պաշտպանության նախարարի հարցազրույցը մի կարճ հատված էր, որում նա պատմում էր վարժարանի առաքելության և ռազմական կրթության հեռանկարների մասին:

Իսկ համերգի ավարտից հետո էլ վարժարանի սաները, Հանրապետության նախագահի, կառավարության անդամների, հրավիրված բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել են տոնական հյուրասիրությանը։ Նիկոլ Փաշինյանը դահլիճից շուտ հեռացավ և չմասնակցեց ամբողջ միջոցառմանը։

Այս ամենում վարժարանի սաների հանդեպ անուշադրություն պեղելու համար առնվազն վառ երևակայություն պետք է ունենալ։

Եվ ամենակարևորը. իրականում թե՛ համերգը, թե՛ տարատեսակ միջոցառումները երկրորդական են՝ պետության և մասնավորապես՝ ՊՆ վերաբերմունքը վարժարանի սաների հանդեպ լիարժեք ընկալելու համար։ Կարևորն ինքնին վարժարանի տեղափոխումն է Դիլիջանի հոյակերտ այդ համալիր և Հայրենիքի վաղվա պաշտպանների կեցության, ուսումնառության, ժամանցի և հանգստի համար լավագույն պայմանների ստեղծումը։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այսօր հաստատուն քայլերով գնում է հանրապետության լավագույն ավագ դպրոցը դառնալու ճանապարհով։

Խորապես ցավում եմ պարոն Փաշինյանի դառնացած այդ հրապարակման համար։ Մեծ ցանկության դեպքում, իհարկե, կարելի է չնկատելու տալ այս ամենը։ Բայց կարելի է գոնե թյուրիմացության մեջ չգցել մարդկանց, ովքեր միջոցառմանն անձամբ չեն մասնակցել»,- մասնավորապես ընդդիմադիր խմբակցության ղեկավար Փաշինյանին պատասխանել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Չմոռանանք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմիցս փորձեց աճուրդի միջոցով վաճառքի հանել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի այսօրվա շենքը:

«Ցանկացած գույք պետք է ըստ նշանակության օգտագործել, տվյալ դեպքում սա կառուցված է որպես հյուրանոց: Հիմա երբ որ մանիպուլյացիաների են դիմում և ասում՝ զինվորն արժանի չի սրան և այլն, տեսեք, վարժարանին ըստ նպատակի չի տրված: Հիմա նույն ձևով բարձր առաստաղով մի հատ ֆուտբոլի դահլիճ վերցնենք և տանք մանկապարտեզին և ասենք՝ մեր մանուկներն արժանի չե՞ն»,- 2019 թվականի մարտին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր այդ ժամանակ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Դիլիջանի այս շենքը վաճառելու որոշումը Վիգեն Սարգսյանը բացասաբար էր ընդունել, ինչը հաջողությամբ չպսակվեց: Արդյո՞ք նման որոշում երբևէ նորից կլինի, չենք կարող ասել, բայց արձակուրդների շրջանում վարժարանի շենքի մի հատված ինչ-որ միջոցառումների, ճամբարային հավաքների համար վարձով հանձնվում է:

Իսկ այն, որ որոշ ծրագրերի և գաղափարների նախապատմությունը մոռացվում է՝ սերժանտական համակարգ, «Հրամանատրում առաջադրանքով» ՆԱՏՕ-ական հայեցակարգային նախաձեռնություն և այլն, այլ առիթներով անդրադարձել ենք: Իհարկե, սա չի նշանակում, որ նախկինների օրոք անցանկալի մարդիկ, վատ երևույթներ, թերացումներ, բացթողումներ, մարտունակության ամրապնդման հարցում ուշացումներ չեն եղել։

Տեսանյութեր

Լրահոս