«Ցույց տվեք մի բան, որ երկրի ղեկավարը վերջին տարիներին կառուցել է, բայց քայքայելու մեջ վերին աստիճանի հետևողական է». Լարիսա Ալավերդյան
Կառավարության նախորդ նիստից հետո, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցում այդպես էլ հստակ չասաց՝ Վեհափառ հայրապետի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ, այն պարագայում, երբ նրան արգելել են լքել ՀՀ սահմանները։
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այս հարցի պատասխանը հստակ ունի, ասում է՝ միանշանակ խախտված են Վեհափառ հայրապետի իրավունքները։
«Սա այս իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների շարունակությունն է, ընդ որում՝ երևացող մասով դա Հայ Առաքելական եկեղեցու դեմ է, իսկ խորքային մասով՝ արշավ է քրիստոնեության դեմ։
Այս իշխանությունը ոչ թե ոտնահարում է, այլ ոտնակոխ է անում մարդու իրավունքները։ Հասկանալի է, որ Վեհափառի դեմ այդ քրեական հետապնդումը հարուցվել է երկարաժամկետ նպատակով՝ ատելության խոսքի ներքո, նրա հասցեին իշխանությունը տարածում է հերյուրանք, որը չեն կարողանում ապացուցել։
Ճանաչում եմ այս իշխանության գլխին կանգնած որոշ մարդկանց, եթե նրանք ունենային ապացույցներն այն ամենի վերաբերյալ, ինչի մասին խոսում են՝ վաղուց կտարածեին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը։
Ըստ մեր զրուցակցի, երկրի ղեկավարը հայտարարում է, թե իբր կաթողիկոսը ցանկանում է եկեղեցու գանձերը դուրս տանել, նման հայտարարությունը հարիր չէ երկրի ղեկավարին։
«Նման հայտարարություններ կարող է անել միայն «դեղին թերթիկի», կներեք, այդ բառն ասեմ՝ իրեն «լրագրող» համարող որևէ մեկը։ Իհարկե, ես «դեղին թերթիկում» աշխատող մեկին չեմ կարող համարել լրագրող։
Հայաստանում այս բարձր պաշտոն զբաղեցնող անձը շարունակում է իրեն զգալ «Հայկական ժամանակ» թերթում տարիներ շարունակ տպվող ամենացածր մակարդակի հերյուրանքներ տարբեր մարդկանց հասցեին տարածող մեկը։
Սա նշանակում է, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը խախտված է։ Տվյալ դեպքում, այս քրեական գործի հարուցումը մարդու պատիվն ու աժանապատվությունն է ոտնահարել։ Կամ՝ երբ արգելում են մարդուն լքել երկրի սահմանները, դրա համար ծանրակշիռ հիմքեր են պետք, որն այս դեպքում բացակայում է»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Նա շեշտեց՝ այս համատեքստում մարդկանց խախտված իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվի Մարդու իրավունքների պաշտպանը։ Այդ պաշտոնը զբաղեցնող անձը գրեթե ունի անսահման լիազորություններ պաշտպանելու կաթողիկոսի իրավունքները, դրանով՝ Առաքելական եկեղեցին։
«Մայր Աթոռն ունի իրավաբաններ, կզարմանամ, եթե այդ իրավաբանները չստանձնեն մարդու իրավունքների պաշտպանությունը։
Ցավոք, այսօր մահակն իշխանությունների ձեռքին է, նրանք իրենց իշխանությունն օգտագործում են որպես մահակ՝ դա տարածելով բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք իրենց գաղափարների ու քաղաքականության հետ համաձայն չեն»,- ասաց նախկին ՄԻՊ-ը։
Ինչ վերաբերում է Եպիկոպոսաց ժողովին և դրան հաջորդած հայտարարությանը և հարցին՝ արդյո՞ք իշխանություններն ականջալուր կլինեն հոգևորականների տարածած հայտարարությանը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց՝ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, կարող է ասել, եթե նա որևէ բան սկսում է քայքայել, փորձում է գնալ մինչև վերջ։
«Ցույց տվեք ինձ մի բան, որ այս անձը վերջին տարիներին կառուցել է, բայց քայքայելու մեջ վերին աստիճանի հետևողական է։
Իսկ այն հոգևորականները, որոնք միացել էին Նիկոլ Փաշինյանին, և նրանցից մեկը ստորագրել է եպիսկոպոսաց ժողովի տարածած հայտարարության տակ, ինչ ասենք՝ սայթաքել են, հիմա ուզում են դարձի գալ։ Նրանք չեն դիմանում այն փորձություններին, որոնց հանդիպել են, ովքեր չեն դիմանում այդ փորձություններին՝ ափսոսում եմ»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։




