Թրամփը պատմել է, թե ինչպես կարող է «սшրսափելի բաներ» անել այլ պետությունների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բացի ներմուծման մաքսատուրքերից, այժմ կարող է օգտագործել առևտրային լիցենզիաներ՝ օտարերկրյա պետությունների հետ «սարսափելի բաներ» անելու համար։
«Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը պատահաբար և ակամա ինձ՝ որպես Միացյալ Նահանգների նախագահի, շնորհեց շատ ավելի մեծ լիազորություններ և ուժ, քան ես ունեի մինչև նրանց անհեթեթ, հիմար և միջազգային պառակտում առաջացնող որոշումը»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։
Անցյալ ուրբաթ Սպիտակ տան ղեկավարը հանձնարարել է 10 տոկոսանոց սակագներ սահմանել աշխարհի բոլոր երկրների համար։ Նոր միջոցն ուժի մեջ կմտնի փետրվարի 25-ին և կգործի 150 օր։
Դրանից մի քանի ժամ առաջ ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել էր, որ այն օրենքը, որով Թրամփը ներմուծման մաքսատուրքեր էր սահմանում, նրան նման լիազորություններ չի տալիս. ըստ Սահմանադրության՝ դրանցով օժտված է միայն Կոնգրեսը։
Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը Սպիտակ տուն վերադառնալուց գրեթե անմիջապես հետո։
Սկզբում նա մաքսատուրքեր սահմանեց Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ՝ դեպի Նահանգներ անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով, իսկ հետո՝ Չինաստանի դեմ, քանի որ Պեկինն իբր չի խոչընդոտում ֆենտանիլի մատակարարմանը ԱՄՆ։
Ապրիլին քաղաքական գործիչը փոխադարձ սակագներ սահմանեց ավելի քան 200 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների համար։ Բազային դրույքաչափը կազմեց 10 տոկոս, սակայն մի քանի տասնյակ պետությունների համար, որոնց հետ Նահանգներն ունի մեծ առևտրային դեֆիցիտ, այն դարձավ բարձրացված, ինչը նրանց դրդեց բանակցությունների ամերիկյան կողմի հետ։
Թրամփը նաև բարձրացրել է պողպատի, ալյումինի, պղնձի և այլ արտադրանքի մաքսատուրքերը։



