ԱՄՆ-ը ու Իրանը՝ պատերազմի ու բանակցությունների միջև. ԱՄՆ-ը շարունակում է ուժեր կուտակել Իրանի հարևանությամբ
«Իրանի դեմ ամերիկյան հարձակման դեպքում մեր պատասխանը կատաղի բնույթ կկրի», -Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղերին։ «Նույնիսկ սահմանափակ ծավալի հարվածները դիտարկվելու են՝ որպես ռազմական ագրեսիա։ Եվ ցանկացած պետություն իրավունք ունի ագրեսիային արձագանքել ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքի շրջանակներում»,- պնդել է Բաղերին։ ԻԻՀ ԱԳ նախարար Արաղչին էլ CBS NEWS-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններում դիվանագիտական լուծման հասնելու «մեծ հնարավորություն» կա: Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանն ունի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու և միջուկային էներգիա արտադրելու բոլոր իրավունքները: Ըստ նրա, մեկ բան միանշանակ է, եթե ԱՄՆ-ը ցանկանում է խնդրին խաղաղ լուծում գտնել, ապա միակ ճանապարհը դիվանագիտությունն է։
«Կարծում եմ՝ կա լավ հնարավորություն դիվանագիտական լուծման համար, որը շահեկան կլինի բոլորին, և լուծումը հնարավոր է։ Այնպես որ, ռազմական ուժի կուտակման անհրաժեշտություն չկա, դա չի կարող օգնել խնդրի կարգավորմանը և չի կարող ճնշել մեզ»,- ասել է Իրանի արտգործնախարարը: Արաղչին նաև հայտնել է, որ կողմերը հինգշաբթի օրը կրկին կհանդիպեն Ժնևում: Մինչդեռ ամերիկյան Axios-ը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է հանդիպել, եթե առաջիկա 48 ժամում ստանան միջուկային համաձայնագրի վերաբերյալ Թեհրանի առաջարկը։ Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ-ը շարունակում է ուժեր կուտակել Պարսից ծոցում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ, ով «Խաղաղության խորհուրդ» է ձևավորել, օրեր առաջ հայտարարեց, որ քննարկում է Իրանին սահմանափակ հարվածներ հասցնելու հարցը:
«Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ ես քննարկում եմ դա»,- ասել էր Դոնալդ Թրամփը:
Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ երեկ ասել է՝ Թրամփի մոտ հարց է առաջանում, թե ինչու Իրանը դեռ չի համաձայնել սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը այդքան զորք է կուտակել Մերձավոր Արևելքում: Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին ասել է, թե Թեհրանը շատ մոտ է միջուկային զենք ստեղծելուն: «Նրանք ուրանը հարստացնում են քաղաքացիական միջուկային էներգիայի համար անհրաժեշտ մակարդակից շատ ավելի։ Այն հասնում է մինչև 60 տոկոսի։ Նրանք գուցե մեկ շաբաթից կարողանան արդյունաբերական մակարդակի ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ նյութ ունենալ: Իսկ դա իսկապես վտանգավոր է»,- նշել է Ուիթքոֆը: Ուշագրավ է նաև հանգամանքը, որ այս ֆոնին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բանակցային ընթացքն ու ամերիկյան ճնշումների քաղաքականության դիտարկումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չի ցանկանում լայնածավալ ռազմական գործընթացի մեջ մտնել, թեև ճնշման քաղաքականությունը շարունակում է:
Սակայն, ըստ նրա, տեսնում ենք, որ ԱՄՆ նախագահի ռազմատենչ հռետորաբանությունում ևս փոփոխություններ կան, այն չունի նախկին ուժգնությունը:
«ԱՄՆ-ը, ակնհայտորեն այս փուլում կարող ենք արձանագրել, որ ցանկանում է համաձայնության հասնել, վերացնել Իրանից միջուկային ռիսկը, սակայն հասկանալի է նաև այն, որ Իրանը ցանկանում է պահպանել իր այդ լծակը, որն անվտանգության յուրատեսակ երաշխիքի է վերածվել: Ուստի ներկայումս այս երկու դիրքորոշումներն են բախման մեջ, սակայն կա ցանկություն պայմանավորվել, քանի որ բոլորն են հասկանում, որ Իրան-ԱՄՆ բախումը կարող է անկանխատեսելի ընթացք ու աշխարհագրություն ունենալ, կարող է վերաճել մի իրավիճակի, որից դուրս գալը, որը հաղթահարելը չափազանց բարդ է:
Ուստի ԱՄՆ-ը, որն էլ ռազմական գործողությունների նախաձեռնողը պետք է լինի, ճնշումը շարունակում է, ամերիկյան ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում աննախադեպ ծավալների է հասել, սա ինքնին արդեն իսկ վտանգավոր իրավիճակ է, իսկ քաղաքական որոշումը կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ, և դա ԱՄՆ-ում շատ լավ են հասկանում»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ում լավ են հասկանում, որ Իրանն Իրաք կամ Վենեսուելա չէ, Իրանն այնպիսի երկիր է, որին մեկ կամ մի քանի հարվածով բարդ է ստիպել համաձայնության գալ, ընդհակառակը՝ դա կարող է փակել բանակցությունների դուռն ԱՄՆ-ի համար:
«Իսկ ներկայումս վերսկսված բանակցությունները, որքան էլ դժվար են, որքան էլ դիրքավորումները բարդ են, թույլ է տալիս ժամանակ շահել, գտնել կոնսենսուս, որը կարող է ձեռնտու լինել կողմերին կամ պահպանել նրանց բանակցային «դեմքը»: Սակայն ասել, որ չկա ռազմական սպառնալիք, սխալ կլինի, քանի որ դատելով միջազգային մամուլից և ընդհանուր առմամբ գործընթացի տրամաբանությունից, ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ունի ռազմական սցենարներ, հնարավոր թիրախներ է դիտարկում, հետագա զարգացումների հնարավոր տարբերակներ: Սակայն հենց հետագա զարգացումների կանխատեսումն է, կարծում եմ, ետ պահում այս շաբաթների ընթացքում այդ քայլից: Մենք տեսնում ենք նաև, որ ԱՄՆ-ը Իսրայելի հետ է բանակցում, փորձում մեղմել Իսրայելի ռազմատենչ ձգտումները, դրանով է պայմանավորված նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա այցն Իսրայել, որտեղ կքննարկվի հենց այս հարցը:
Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Թրամփը ձևավորել է «Խաղաղության խորհուրդ» և անընդհատ խոսում է իր աշխատակազմի բացառիկ խաղաղասիրական, խաղաղարար ունակությունների մասին, որը հակասում է Իրանի հետ պատերազմ սկսելու քաղաքական գծին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի այցին Իրան, ապա, վերլուծաբանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում Իրանը սերտորեն աշխատում է հնարավոր բոլոր հարևանների հետ, փորձելով ամրապնդել գործընկերությունը, ստանալով հավաստիացում, որ այդ երկրներն աջակցելու են Իրանին կամ ունենալու են չեզոք դիրքավորում:



