Միրզոյան-Կասիս հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել «Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին»
Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելուն ուղղված աշխատանքները:
Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ դա նոր խթան կհանդիսանա երկկողմ ավելի սերտ համագործակցության համար։
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ Շվեյցարիայի նախագահության ներքո: Անդրադարձ է կատարվել նաև այլ ձևաչափերում փոխշահավետ ներգրավածությանը, առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին՝ ներառյալ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը:
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրա ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի, Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին»,- մանրամասնել են Արտաքին գերատեսչությունից:



