Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը հրաձգության Եվրոպայի առաջնության ֆավորիտների թվում է. Սեյրան Նիկողոսյան

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը իր գլխավորած թիմին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության ֆավորիտներից է համարում:

«Նախապատրաստական աշխատանքները նորմալ տեմպերով առաջ են գնում, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին: Մեր հավաքականը շարունակում է մարզումներն ու պատրաստվում է երևանյան առաջնությանը»,-փետրվարի 23-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Նիկողոսյանը:

Վերջինս ընդգծեց, որ տարիներ առաջ ինքը երազում էր միջազգային մրցաշարերին գոնե 5 մասնակից ունենալ, այժմ Հայաստանում կայանալիք առաջնությանը մասնակցելու է 26 մարզիկով: «Լիահույս եմ, որ այս առաջնության անցկացմամբ մենք զարկ կտանք մարզաձևի առավել տարածմանն ու մյուս քաղաքներում ենթակառուցվածքների ստեղծմանը: Վստահ եմ, որ մեդալներ կունենանք: Իսկ ինձ համար մրցաշարին մասնակից ֆավորիտ երկրները շատ են, մենք ֆավորիտների թվում ենք: Հրաձգությունը եվրոպական երկրներում շատ զարգացած է»,-առանձնացրեց նա:

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։ Մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս