«Այժմ ունենք երկիմաստ և նաև Ղարաբաղի օգտին մեկնաբանելու տեքստ»
2014 թ. սեպտեմբերի 4-ից 5-ը ուելսյան Նյուպորտ քաղաքում (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով երեկ ընդունվեց հռչակագիր, որտեղ անդրադարձ կա նաև Հարվային Կովկասի հակամարտություններին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ըստ դրա` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանն աջակցելուն: «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»,- մասնավորապես ասված է հռչակագրում:
Այս փաստաթուղթը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կարևորվում է այն իմաստով, որ նախօրեին գագաթաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, զգուշացրել էր, որ ընդունվելիք փաստաթուղթը կապ ունի հայ ժողովրդի անվտանգության և մեր տարածաշրջանի խաղաղության հետ, և եթե այս անգամ էլ ՆԱՏՕ-ի հռչակագրում ընդգծվի տարածքային ամբողջականությունը` առանց հիշատակելու ազգերի ինքնորոշման իրավունքի եւ ուժի չկիրառման մասին սկզբունքները, դա, նրա խոսքով, «կխրախուսի սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող և նման թղթերից թևեր առնող Ադրբեջանին»:
168.am-ը թեմայի շուրջ զրուցեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ:
– Պարոն Սաֆարյան, Ձեր կարծիքով` արդյո՞ք Հայաստանն այս գագաթաժողովում հասավ իր նպատակին:
– Կարծում եմ, իհարկե, բոլորիս համար ցանկալի կլիներ շատ հստակ ամրագրված տեսնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, տարածքային ամբողջականության իրավունքը: Քանի որ մենք սեղանին ունենք տարիներ շարունակ բանակցված «մադրիդյան» առաջարկներ, և Հայաստանն էլ ո´չ ՆԱՏՕ-ի անդամ է, ո´չ էլ ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր երկիր, ուստի ստեղծված իրավիճակում, կարծում եմ, ոչ միայն նախագահի մակարդակով Հայաստանի մասնակցությունը գագաթաժողովին, այլ ընդհանրապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի` միջազգային հանրության համար անհասկանալի քայլերը պայմանավորեցին հռչակագրի այն տեսքը, ինչ ունենք: Իսկ դա տարբերվում է նախկին ձևակերպումներից, քանի որ եթե նախկին գագաթաժողովների ժամանակ ՆԱՏՕ-ն շատ հստակ, միարժեք ճանաչում էր Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությունը և գտնում, որ հակամարտությունները պիտի լուծվեն այդ սկզբունքի հիման վրա, ապա այս անգամ ՆԱՏՕ-ի ձևակերպումները մոտեցված են ԵԱՀԿ բառապաշարին, հղում է կատարված ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին` այն էլ, նկատենք, բոլոր հակամարտությունները մի զամբյուղի մեջ լցնելով:
– Ինչը հավանաբար այնքան էլ ճիշտ չէ:
– Ճիշտ չէ, բայց նաև հասկանանք, որ և´ այդ հակամարտությունների բանակցային ձևաչափերն են տարբեր, և´ հիմքերը, այսինքն` այդ խնդիրն էլ կա, պետք չէ կարծել` եթե դրանք մի զամբյուղի մեջ են, ապա դրանք բոլորը տարածքային ամբողջականության սկզբունքով են լուծվելու: Ճիշտ հակառակը. դրանք մի զամբյուղի մեջ լցնելով` ստիպված են եղել ընդհանրացնել որոշ բաներ, բայց, այնուամենայնիվ, հստակ են դարձրել, որ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի այլ սկզբունքներ նույնպես պետք է հիմք ընդունվեն: ՆԱՏՕ-ն շատ հստակ ասում է` ես խնդրի կարգավորմամբ չեմ զբաղվելու, դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հետևաբար` գնացեք և լուծեք այդ խնդիրը խաղաղ ճանապարհով:
– Այսինքն` նախորդ գագաթաժողովների համեմատ ինչ-որ առաջընթաց կա՞:
– Այո, տարբերություն կա. նախկին միանշանակ տեքստերի փոխարեն այժմ ունենք երկիմաստ և նաև Ղարաբաղի օգտին մեկնաբանելու տեքստ:
– Իսկ ի՞նչն էր դրա պատճառը:
– Պատկերացրեք`Թուրքիայի լոբբինգը չկա և կա Ուկրաինայի ճգնաժամն ու Ղրիմի խնդիրը: Ի՞նչ պիտի աներ ՆԱՏՕ-ն: Նա, իհարկե, պիտի ճանաչեր Ռուսաստանի քաղաքականության, այսպես ասած, հնարավոր թիրախների տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը: Պատահական չէ, որ այդ երեքն իրար կողք են դրվել, այսինքն`հռչակագրի 30-րդ կետն ավելի շատ ռուսական քաղաքականության հանդեպ անպաշտպան կամ նրա հնարավոր թիրախը դառնալու հավակնող երկրների` Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության ճանաչումն է, որպեսզի նրանք չարժանանան Ուկրաինայի ճակատագրին:
– Նշանակում է` ՆԱՏՕ-ի հակվածությունը տարածքային ամբողջականության սկզբունքին ավելի շատ գալիս է նրա իրական քաղաքական շահերի՞ց:
– Այո´, այն էլ ուկրաինական համատեքստից. 30-րդ կետը բառացիորեն խոսում է ուկրաինական խնդրի մասին:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դերակատարությունն այս գագաթաժողովում:
– Շատ անհաջող, տապալված, որովհետև, նորից եմ կրկնում, չլիներ Թուրքիան` միևնույն է, 30-րդ կետը լինելու էր Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը Ուկրաինայի ճակատագրից պաշտպանող, իսկ 31-րդ կետը լինելու էր այդպիսին, քանի որ Հայաստանը մասնակցում էր: Հետևաբար, կարելի է ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ընդամենը փորձում են չեղած բանն իրենց վերագրել, իբրև թե լոբբինգ են արել, և իրենց ազդեցության տակ նման բանաձև է ընդունվել: Չկա նման բան: Միայն Ուկրաինայի շուրջ ստեղծված այս իրավիճակը թելադրելու էր այդ դրույթները, ուստի սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ամենևին այդ դաշինքի հարգված անդամներից չէ: