Օրբանը Յուշչենկոյին հղած բաց նամակում շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ Ռուսաստանը թշնամի չէ Հունգարիային
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բաց նամակ է գրել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, որում նա, ի թիվս այլ բաների, «շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ Ռուսաստանը թշնամի չէ Հունգարիային։
Իր նամակում Օրբանը նաեւ դժգոհություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշման վերաբերյալ։
«Մենք այն պետությունն ենք, որը անվախ պայքարել է իր ազատության համար օսմանյան բանակների, Հաբսբուրգների, Երրորդ Ռայխի վերմախտի եւ Խորհրդային Միության կարմիր բանակի դեմ, որոնցում մի ժամանակ ծառայել են բազմաթիվ ազգերի զավակներ։ Մենք այսօր շարունակում ենք այս ավանդույթը։ Խնդրում եմ զգուշացրեք ձեր նախագահին. հեռացրեք ձեր ձեռքերը հունգար ժողովրդի ազատությունից։ Խնդրում եմ համոզեք ձեր նախագահին շանտաժի չենթարկել իմ երկիրը եւ չսպառնալ նրա առաջնորդներին»,- նշել է Հունգարիայի վարչապետը։
Օրբանի խոսքով՝ Ուկրաինայի ազատության համար պայքարը «իրավունք չի տալիս» շանտաժի ենթարկել Հունգարիային կամ նրա պայմաններ թելադրել։
«Խնդրում եմ, ձեր նախագահին հասկացրեք, որ պետական ահաբեկչությունը, որը նա կիրառել է գերմանական «Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցնելու համար, չի աշխատի Հունգարիայի դեմ։ Թույլ տվեք հիշեցնել ձեզ, որ երբ պատերազմը սկսվեց, մենք ընդունեցինք ձեր փախստականներին։ Մենք նրանց ապահովեցինք կացարանով, սննդով եւ անվտանգությամբ։ Ես հրամայեցի ձեր երեխաների համար բացել ուկրաիներենով դպրոցներ, ինչը դուք մերժում եք Անդրկարպատյան հունգարացիներին։ Ափսոս, որ Ուկրաինայում ազգային փոքրամասնություն կազմող հունգարացիների իրավունքներն այսօր ավելի նեղ են, քան հին վատ ժամանակներում։ Շնորհակալ եմ Աստծուն, որ այն երկիրը, որի դեմ դուք այժմ պատերազմի մեջ եք, Հունգարիայի կամ հունգար ժողովրդի թշնամին չէ, եւ մենք դա փոխելու մտադրություն չունենք»,- մասնավորապես նշել է Օրբանը։



