Բաժիններ՝

«ՀՀ  խղճի և կրոնի ազատության մասին օրենքի նոր նախագծում տրված է հոգեորսության հստակ սահմանումը». Վարդան Ասցատրյան

«Գործառույթի տեսանկյունից մենք անզոր կառույց ենք»,-  այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անկեղծացավ  ՀՀ Կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը: Խոսելով կրոնական կազմակերպությունների վերաբերյալ վերջերս շրջանառվող լուրերի մասին, թե դրանց թիվը բավականին շատացել է, նա ասաց, որ վերջին 5 տարիների ընթացքում կրոնական կազմակերպությունների նոր գրանցում չկա: «Միայն մալականների մի փոքրիկ համայնք է գրանցվել Ծաղկաձորում, որը 3-4 տարի առաջ էր: Այսինքն` Հայաստանում նոր միավորների ձևավորման և գրանցման շարժում չկա կամ այնքան հասուն չէ, որ դիմեն գրանցման: Մենք ունենք 65 գրանցված կրոնական կազմակերպություն»,- պարզաբանեց նա:

Այդ կազմակերպությունների ակտիվ գործունեության  ու այն ինչ-որ չափով կասեցնելու մասին խոսելիս՝ նա ասաց, որ փողոցային աշխուժության առումով աչքի են ընկնում Եհովայի վկաներն ու մորմոնները, իսկ արտաքին գործունեության առումով` ակտիվ է «Կյանքի խոսքը», որը  մեծ տաճար է կառուցել: «Ակտիվությունը կարող է երևալ նաև սոցիալական գործունեությամբ, այսինքն` բարեգործական տարբեր ծրագրեր, ճամբարների կազմակերպում, և այլն: Բարեգործության մեջ կարող է մտնել գազիֆիկացումը և ջրագծերի կառուցումը տարբեր համայնքներում ու գյուղերում: Իսկ այս հարցերով զբաղվում են համապատասխան մարմինները, այլ ոչ մենք: ՀՀ խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքն ասում է, որ կրոնական կազմակերպությունը պետք է գրանցվի, իսկ միջազգային նորմերով` այն կարող է չգրանցվել, հետևաբար՝ օրենքը պետք է հարմարեցվի միջազգային նորմերին, կամ էլ որոշակի մշակված հայեցակարգ պետք է ունենալ ու հիմնավորել, թե ինչո՞ւ ոչ այսպես կամ այնպես: Այս առումով ոլորտն անվերահսկելի է»,- ասաց Վ. Ասցատրյանը:

Լրագրողների հարցին, թե կառավորությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս առումով, նա պատասխանեց. «Հիմա Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օրենքի նոր նախագիծ, որի անվանումն էլ է որոշ չափով փոփոխվել (ՀՀ  խղճի և կրոնի ազատության մասին օրենք): Առաջին նախագիծը կառավարության աշխատակազմի նախաձեռնությունն էր, որի մեջ մենք դրել էինք մեր առաջարկները, այն ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, որից հետո մեր նախարարություններում փոփոխություններ եղան, ու նոր կազմը ձեռնարկեց նոր նախագծի մշակում, որի ժամանակ մեր առաջարկությունները որոշ չափով ընդունվեցին: Նոր նախագծում մենք ներառել ենք բոլոր մտահոգությունները` փորձելով մի կողմից՝ նայել անկողմնակալ դիրքից, մյուս կողմից` ազգային անվտանգության, ազգային շահերի տեսանկյունից: Նախագիծը, արդեն երկու տարի է, ինչ շրջանառվում է, բայց իրականում չի էլ շրջանառվում. մնացել է Արդարադատության նախարարության մոտ: Վենետիկի հանձնաժողովն էլ իր քննադատական կարծիքը հայտնեց, բայց ասաց նաև, որ  առաջադեմ նախագիծ է»:

Խոսելով նոր նախագծում հոգեորսությանն առնչվող կետերի մասին, նա ասաց, որ  Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է «ոչ պատշաճ հոգեորսություն» տերմինը: «Մոտեցումն այն է, որ ցանկացած կրոնական կազմակերպություն պետք է հոգի որսա, դա իր առաքելությունն է, ինչպես ժամանակին արել է քրիստոնեությունը, բայց պետք է գտնել պատշաճության ձևը: Այս մոտեցումը կիսել են նաև կրոնական կառույցները` միջազգային քննարկման ժամանակ: Նոր նախագծում տրված է նաև հոգեորսության հստակ սահմանումը, որը մոտավորապես ասում է, որ արգելվում է նյութական միջոցներով մարդկանց շահագրգռելը և այդ ճանապարհով դավանանքի կամ համոզմունքի բերելը: Նախագծով նաև  սահմանվում է , որ պետք է հարգվի դիմացինի իրավունքները և բռնի կերպով ոչինչ չարվի»,- ասաց Վ. Ասցատրյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե նոր նախագիծն ինչո՞վ է  տարբերվում, ի՞նչ մտավախություններ են  առաջ քաշվել, և ինչի՞ն է ուշադրություն դարձվել, Վարդան Ասցատրյանը  պատասխանեց. «Նախ՝ առաջարկում ենք, որ այն չգրանցված կրոնական խմբերը, որոնք իրականում կան, բերվեն իրավական դաշտ, այսինքն` թեկուզ խմբի տեսքով հաշվառվեն, որ մենք իմանանք, թե ի վերջո քանիսն են դրանք: Իսկ օրենքի առանձնահատկությունն այն է, որ ՀՀ Սահմանադրության նման ամրագրում է, որ Հայ Առաքելական եկեղեցին պատմամշակութային մեծ դեր ունեցող կառույց է,  և պետք է նպաստել, որ նրա գործունեությունը շարունակի զարգանալ»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս