Երկու պատերազմները, տեսողության կորուստն ու լավատեսությունը

«Մեզ զուգարան չէին թողնում, ջուր անգամ չէին տալիս, իսկ իրենք հայկական կոնյակ էին խմում»,- իր գլխովն անցածն է պատմում 91-ամյա Երվանդ Իսկանդարյանը, ով արցախյան պատերազմի օրերին գերեվարվել էր ՕՄՕՆ-ականների կողմից եւ գրեթե մեկ ամիս տանջանքների ու նվաստացումների էր ենթարկվել, զրկվել ձախ աչքի տեսողությունից:

Երվանդ պապն ապրում է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում եւ, ինչպես ինքն է ասում, «ինչերի միջով ասես, որ չի անցել»։

Երկու պատերազմն էլ շատ լավ է հիշում հաթերքցի պապը. «Թամանյան դիվիզիայում էի, Գրոզնիից մինչեւ Բեռլին եմ հասել, մեկ տասնյակ մեդալներ ունեմ, արցախյան գոյամարտի ժամանակ էլ արդեն ծեր էի, կռվել չէի կարող, բայց… գերի ընկա»,- պատմում է Երվանդ պապը, ով մոտակա օրերին կատարվածները դժվարությամբ է հիշում, սակայն տասնամյակների պատմություն ունեցող դեպքերը երբեք չի մոռանում:

«91 թ. մայիսի 16-ին գյուղում մի քիչ քայլելուց հետո սովորականի պես տուն էի վերադառնում, մեկ էլ տեսա մի ավտոմեքենա եկավ. հորեղբորս տղան էր՝ Իսկանդարը։

-Հի՞նչս անում, եկ քինանք մոստը, Հուլիին փռնալն /Ի՞նչ ես անում, արի գնանք կամրջի մոտ, Հրանտիկին են գերի վերցրել/։

-Լավ,-ասացի,- պատերազմի ժամանակ կռվել եմ, փաստաթղթերս նորմալ են, անձնագիրս էլ մոտս է, ես էլ 70-ն անց եմ, ինձ չեն ձերբակալի։ Գնացինք:

Կամրջի մոտ 4 ՕՄՕՆ-ական էր կանգնած, մեքենաներն էլ մյուս կողմում կանգնեցրած, մեր տղաներն էլ ներսում նստած, որոնցից 3-ը՝ մեր գուղացի:

Մոտեցանք հրամանատարին եւ փորձեցինք պարզել, թե ինչու են մեր հաթերքցի տղաներին բռնել, քանի որ իրենք բան չէին անում, ընդամենը Ստեփանակերտ էին գնում։ Էս հրամանատարը կատաղեց, թե ի՞նչ գիտեք, որտեղի՞ց գիտեք, որ բռնել ենք, սա գաղտնի գործողություն է… Արդյունքում մեզ էլ բռնեցին:

-Մեզ ի՞նչի համար եք բռնում:

-Լավ չես կռվել պատերազմի ժամանակ, կտանենք, կսովորեցնենք:

Հայհոյեցի դրանց ու ասացի. «Սկի ֆաշիստնեն ծզնման չն ըրալ» /Նույնիսկ ֆաշիստները ձեզ նման չեն արել/:
Երվանդ պապիկին ու նրա հորեղբորորդուն տարան նույն մեքենան, որտեղ մյուս տղաներն էին: Մեքենայում նստատեղերը շատ էին, բայց նրանց գետնին էին նստեցրել ու դարման կապելու համար նախատեսված պարանով պինդ կապել էին ձեռքները:

«Հրեցին ինձ ու հրամայեցին նստել գետնին, հակաճառեցի՝ ասելով, որ ծեր մարդ եմ, չեմ կարողանա նստել գետնին, չէին համաձայնում, բոլոր տղաները միաբերան խնդրում էին, որ թողնեն նստատեղին նստեմ, վերջը մի կերպ համաձայնեցին»։

Մեքենաները 10 րոպեից շարժվեցին. 5 մարտական մեքենաները 5-6 կիլոմետրանոց ճանապարհահատվածը մի ժամում գնացին, իբր վտանգավոր հանցագործներ են տանում եւ պետք է զգուշանալ,-պատմում է նա ու շարունակում,- հասանք Չարեքտար գյուղ: Ճամբար էր: ՕՄՕՆ-ականները եւ ադրբեջանցիներն ուտում, խմում, քեֆ էին անում:

«Երեկոյան տարան գյուղի դպրոցի մոտ. գյուղացիները հավաքվել էին՝ ոչ միայն մեզ տեսնելու, այլ ծեծելու նպատակով: Հորեղբորս տղային որ տեսան ավելի կատաղեցին՝ հին կռիվ ունեին: Նա մեր կոլխոզի նախագահն էր, չարեքտարցիք էլ մեր հողից մի կտոր վարել էին ու կռիվ էր դարձել, կրակել էին մեր գյուղացիներից մեկին, վերջը թեման փակեցին, որ չստացվի ազգամիջյան ընդհարում էր տեղի ունեցել»,-այսօրվա պես հիշում է Երվանդ Իսկանդարյանը:

Իր պատմելով՝ Իսկանդարն էլ «ախմախի պես այնպիսի տեղ էր նստել, որ բոլորը տեսնում էին», գյուղացիները հարձակվեցին, որ ծեծեն՝ զինվորականները չթողեցին:
-Ո՞վ է Իսկանդարյանը,- մեքենային մոտենալով հարցրեց զինվորականներից մեկը:

-Ես եմ:

-Իջիր մեքենայից:

Ինձ տարան, հետո 5 րոպեից բերեցին, ասելով, որ իրենց ուզած Իսկանդարյանը չեմ. Իսկանդարն էլ էր Իսկանդարյան, նրան էլ տարան:
Մի առ ժամանակ անց ՕՄՕՆ-ականները հետ եկան Երվանդ պապիկի տանելու: Բռնեցին, ճանապարհին ծեծեցին, ակնոցները ջարդեցին, գլխարկը հանեցին, գրպանները դատարկեցին: Երբ ուղղաթիռի մոտ հասան՝ տեսավ, որ Իսկադարն էլ է այնտեղ, նույնիսկ ձերբակալել էին Ստավրոպոլից եկած մի տղայի, ով հոր թաղմանն էր եկել։
Արդեն ուղղաթիռի մեջ մի սպա բացատրեց, որ տանում են այդ վայրից, այլապես կսպանեն իրենց:

Ուղղաթիռն իջավ Ումութլու գյուղում: Գերիներին տարան կոլխոզի նկուղներից մեկը, որտեղ 15 րոպե անց հայտնվեցին ձեռնափայտերով, հրացաններով մարդիկ եւ անխնա ծեծի ենթարկեցին նրանց:

«Երկար ժամանակ պահեցին մեզ, արդեն ողջ գյուղը գիտեր, որ մենք այնտեղ ենք: Ինձ լավ էին ճանաչում, հաց ու ջուր էին տալիս: Այնտեղ էր նաեւ տղայիս ընկերը։ Հարցրեց. «Կուզե՞ս գիշերը մոտդ մնամ, որ քեզ չվնասեն»… Մնաց, հաջորդ օրն էլ առաջարկեց ինձ փախցնել այնտեղից, բայց չհամաձայնեցի»։
Երկու պատերազմի բովով անցած Երվանդ Իսկանդարյանը հիշում է, որ հարցաքննության ժամանակ իրենից «ոչինչ պոկել չկարողացան»։

-Ովքե՞ր են ձեր գյուղի «բոյավիկները»:

-Չգիտեմ, ես բոյավիկ միայն հեռուստացույցով եմ տեսել:

-Ովքե՞ր ունեն հրացաններ։

-Չգիտեմ, հո հրացանը ձեռքներին գյուղով չեն զբոսնում, որ իմանամ։

Մի ցուցակ վերցրեց, 16 հոգու անուն գրած ու հարցրեց, թե ճանաչում եմ նրանց։
Հավաստեցի, որ մեր գյուղացիներն են, մեկը վարորդ է, մեկը գյուղատնտես:

-Ո՞վ է զինվորական:

-Չգիտեմ:

-Սրան էլ չգիտե՞ս, զենք է պատրաստում:

-Չէ, տեղյակ չեմ:
Կանչեց դռնապանին ու հրամայեց տանել ինձ, ասելով, որ ինձնից բան դուրս չի գա:

Գերեվարվածներին անընդհատ այս ու այն կողմ էին տանում, հարցաքննում, օրվա մեջ մի քանի անգամ: Հարցաքննության ժամանակ պատասխան չլսելուց հետո ծեծի էին ենթարկում, մի անգամ այնքան ծեծեցին, որ Երվանդ պապն ուշաթափվեց, սակայն դա խնդիր չէր նրանց համար, ուշքի բերեցին եւ շարունակեցին հարցաքննությունը նույն ոճով:

3 վերահսկիչներից մեկն իր հերթապահության օրերին ներս էր թողնում գյուղի խուժանին ու ծեծում էին գերեվարվածներին։ Մի օր էլ, հերթական հարձակման ժամանակ նրանցից մեկը ուժգին խփեց Երվանդ պապիկի աչքին, որն, իր պատմելով, «ասես տեղից դուրս եկավ»։ Այնուհետեւ աչքը սկսեց այտուցվել։ Մտածում էր՝ կանցնի ու կսկսի տեսնել, բայց այդպես էլ տեսողությունը չվերականգնվեց։ «Կատաղած ադրբեջանցիները հանում էին մեր շորերը եւ վերցնում, երբեմն էլ ասում՝ «սրանց հագին էլ մի կարգին կոստյում չկա, որ վերցնենք»։

Երվանդ պապիկը սկզբից հավատում էր ՕՄՕՆ-ականների խոստմանը, թե իբր 3 օրից կազատեն, սակայն 3 օրից հետո նրան հայտեցին, որ 20 օր էլ կպահեն։
Այդ 20 օրերը կարծես դարեր տեւեցին: Երվանդ պապիկին շատ չէին ծեծում՝ տարիքի պատճառով, ջահելներին խփում էին անխնա: Արդյունքում տղաներից մեկին այնքան ծեծեցին, որ մահացավ։ «Տարան իբր տեսնելու ինչի՞ց է մեռել, բերեցին լարերով որովայնը կարված։ Ասացին՝ վաղուց պիտի մեռներ, ինչպե՞ս է այսքան դիմացել, հիվանդ էր…»։

21-րդ օրը լրացավ ու Երվանդ պապիկին ազատեցին՝ փեսան ու տղան փող էին տվել։ Նրա հետ էր նաեւ Իսկանդարը։
«Տուն դառնալու ճանապարհին, երբ քաղաքացիական հագուստով մարդկանց էինք հանդիպում, մտածում էինք, որ էլի կհարձակվեն մեզ վրա»,-ասում է նա, ով գերեվարությունից վերադարձել էր ուրիշի շապիկով՝ ճանապարհին մի կին էր տվել, որ չմրսի:

Երվանդ պապիկը ցավով է հիշում այդ օրերը, ու պատմելու ժամանակ էլ երբեմն-երբեմն խորը շնչում, ասես վերապրում էր այն պահերը, երբ մութ սենյակում էր եւ շնչել չէր կարողանում: Մերթընդմերթ կոկորդում փղձուկ էր հավաքվում, եւ ջանում էր ամեն կերպ աչքիցս հեռու պահել իր արցունքոտվող ծերունական աչքերն ու շարունակում. «Հիշում եմ, երբ տուն եկանք՝ աղջիկս տոլմա էր պատրատել, սոված էի, երկու հատ կերա»:

Ողջ գյուղը հավաքվել էր տեսնելու 45 տարվա մանկավարժին. ֆիզիկայի մասնագետ Իսկանդարյանին սիրում եւ հարգում էին գյուղում, եւ աշակերտները ցավով էին նշում, որ իրենց սիրելի ուսուցիչը մեկ ամսում 20 տարով ծերացել է:

Եւ ինչպես չծերանար, եթե երիտասարդ տարիքում արդեն ստիպված էր հոր հետ պատերազմի դաշտ գնալ ու վերադառնալ առանց հոր, ում վերջին անգամ պատերազմից /Հայրենական մեծ պատերազմ/ առաջ էր տեսել։ Այդ օրից ծնողների միակ տղան դարձավ ընտանիքի սյունը։

Բազում դժվարություններ ապրած Երվանդ պապն այժմ Հաթերքում թոռան հետ է ապրում։ Միակ տղան Ռուսաստանում է՝ ընտանիքը պահելու համար, իսկ աղջիկներն ամուսնացել ու իրենց ընտանիքի հոգսերով են տարված։

13 թոռ եւ 14 ծոռ ունեցող պապիկն, ով իր կյանքի երկրորդ հատվածում ծանր հարվածներ ստացավ մեկ այլ հակառակորդից՝ ադրբեջանցիներից, նրանց հանդեպ ատելություն չի զգում. նշում է, որ ատում է նրան, ով իրեն զրկել է տեսողությունից, իսկ պատերազմներն, ըստ նրա, հրահրում են կառավարությունները՝ «հասարակ ժողովուրդը երբեք պատերազմ չի ցանկանում»:

-Պապի:

-Հա ջան ,- ու այդ ջանի մեջ այնքա՜ն ջերմություն կա:

-Բա որ կռիվը սկսի…

Շտապում է ինձ հանգստացնել, իմաստուն պապը, ձեռքը դնելով ուսիս.

-Ոչ մի կռիվ էլ չի սկսի, մատաղ, հանգիստ եղիր:

karabakh-open.info

Մարիամ Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս