Կարեն Ճշմարիտյան. Ի՞նչ պետք է բանակցեն, դա ղարաբաղյան թեմայով բանակցելու հարթակը չի
Մայիսի 29-ի Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրի ստորագրման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամկետ խնդրեց մինչև հունիսի 15-ը, Ղազախստանի նախագահն առաջ քաշեց Ղարաբաղի խնդիրն ու նշեց մինչև ամսվա վերջ, իսկ գագաթաժողովի որոշման մեջ ժամկետը մինչև հուլիսի 1-ն է:
«Ղարաբաղյան հարցի հետ կապված որևէ խնդիր չկա: Նազարբաևի ասածները, ես խնդրում եմ, դուք մի մեջբերեք»,- մեզ հետ զրուցյում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա` հունիսի 15-ի «աննկատ անցնելը» պայմանավորված է միայն նրանով, որ հայկական կողմը պետք է որոշակի ճշտումներ անի. «Ամսի 30-ին ճշտումները վերջնական հանրագումարի կբերենք ու կներկայացնենք»:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բանակցությունները շարունակվում են, հարցերի շրջանակը պակասել է, և վստահեցրեց, որ ղարաբաղյան խնդիրն այդ բանակցություններում չկա. «Ի՞նչ պետք է բանակցեն, դա ղարաբաղյան թեմայով բանակցելու հարթակը չի: Ես չեմ ուզում մեկնաբանել ինչ-որ ընթերցանություն»:
Նա նշեց, որ բանակցությունները կշարունակվեն այնքան, մինչև ավարտվեն, իսկ երբ ավարտվեն, կիմանանք:
«Ոչ միայն Եվրասիական տնտեսական միության հետ են բանակցություններ ընթանում, այլև անդամ առանձին երկրների: Այստեղ տարբերություն կա, որ, օրինակ, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելիս` բանակցում են նախ` անդամ երկրների հետ, և արդյունքը ֆիքսվում է անդամակցությամբ: ԵՄ-ի դեպքում բանակցում են միայն ԵՄ-ի հետ և ոչ թե` երկրների հետ, և բանակցություների արդյունքը ֆիքսվում է որոշակի համաձայնագրով: Այս դեպքում` և՛ երկրների, և՛ ԵՏՄ-ի հետ: Դրա համար ընթացակարգային առումով մի քիչ տարբերվում է մնացածից»,- ասաց նա:
Ըստ Ճշմարիտյանի` Բելառուսի կողմից որևէ խոչընդոտ չկա, իսկ Ղազախստանի հետ կապված նշեց. «Ընդհանուր առումով բոլորի հայտարարության մեջ էլ դրական կա, որ Հայաստանը պետք է անդամակցի»: Ի պատասխան մեր դիտարկմանը, որ մի բան է հայտարարությունը, մի այլ բան` իրականությունը, նա նկատեց` «դրա համար էլ բանակցում են: Աշխարհում ցանկացած երևույթի շուրջ բանակցությունները շարունակվում են այնքան, մինչև ընդհանուր համաձայնության հասնեն»: