Կառավարությունն ականջալուր է քառյակի պահանջներին
Հունիսի 10-ին քառյակը հրապարակեց կառավարությանն ուղղված 12 կետանոց հայտարարություն-պահանջագիրը: Այդ պահանջների մեծ մասը տնտեսական էին. օրինակ, դրանցից մեկը վերաբերում էր շրջանառության հարկը երեք անգամ իջեցնելուն: Հունիսի 12-ին կառավարության նիստում որոշում կայացվեց շրջանառության գործող 3,5 տոկոսանոց հարկն իջեցնել 1 տոկոսի: Արդյո՞ք կարելի է արձանագրել, որ կառավարությունը սկսել է քառյակի պահանջների իրականացումը, և հնարավոր է, որ մինչև քառյակի կողմից այդ պահանջների համար տրված ժամկետի ավարտը կառավարությունը կատարի քառյակի տնտեսական պահանջները: Այս հարցերի շուրջ է զրույցը ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ:
– Քառյակի հայտարարությունից ընդամենը մեկ օր հետո կառավարությունը որոշեց շրջանառության հարկը 3,5 անգամ իջեցնել: Կարո՞ղ ենք արձանագրել, որ կառավարությունը սկսել է իրականացնել քառյակի պահանջները:
– Քանի որ քառյակի անդամ տնտեսագետ պատգամավորները, այդ թվում` և ես, քաջատեղյակ ենք կառավարության անցուդարձին, միտումներին, այդ պատճառով կառավարության որոշումը մեզ համար անակնկալ չէր: Իհա՛րկե, կառավարությունն ընդառաջ գնաց քառյակին և ավելի քան 3,5 անգամ իջեցրեց շրջանառության հարկը, բայց այստեղ կա մի այլ հանգամանք, որ դրվում է փաստաթղթավորման պահանջ: Այսինքն` եթե տնտեսվարողը չի կարողանում հիմնավորել, թե որտեղից է ձեռք բերել այդ ապրանքը, նա պետք է վճարի 11 տոկոս եկամտահարկ, և դա էլ իր հերթին` լրացուցիչ հարկային բեռ է:
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ քառյակի պահանջներից մեկը կատարվում է:
– Այո, միանշանակ կարող ենք ասել, որ կառավարությունն ականջալուր է լինում քառյակի պահանջներին, բայց դա մենք բավարար չենք համարում, քանի որ մեկ կամ երկու պահանջ կատարելը չի նշանակում, թե բոլոր պահանջները կատարվում են:
– Փորձենք հերթով քննարկել, թե քառյակի ներկայացրած մյուս տնտեսական պահանջներից որոնք կառավարությունը կարող է կատարել: Սկսենք սահմանի վրա ավելացված հարկը չգանձելու պահանջից. կարո՞ղ է կառավարությունը կատարել այդ պահանջը:
– Քառյակի հայտարարության մեջ գրված է` դադարեցնել սահմանի վրա ԱԱՀ գանձումը: Դադարեցնել` նշանակում է, որ երբ գործարքը կարվի, միայն այդ ժամանակ տնտեսվարողը պետք է վճարի ԱԱՀ-ն, հիմա առանց գործարքը կատարելու սահմանի վրա տնտեսվարողից այդ գումարը վերցնում է: Իմ ունեցած տեղեկություններով` այս հարցով ևս կառավարությունը պատրաստվում է օրենսդրական փոփոխության, բայց դադարեցնելու փոխարեն` կառավարությունն առաջարկելու է մեկ ամսով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը:
Շատ հետաձգումը կբերի բյուջետային մուտքերի, և դրա արդյունքում` նաև ծախսերի հետաձգման: Իսկ որտեղի՞ց պետք է կառավարությունը վերցնի այդ գումարը, որ դնի տեղը: Հնարավոր է, որ կառավարությունը սկզբում հետաձգի 1 ամսով, պատրաստակամություն հայտնելով, որ հետագայում այդ ժամկետը կերկարացվի կամ գուցե կհանվի: Այնպես որ, այս մի պահանջի հետ կապված ևս կարող ենք ասել, որ փոքր քայլ մինչև սեպտեմբերի 30-ն արվելու է:
– Քառյակը պահանջում էր, որ չթանկանա հանրային տրանսպորտի սակագինը. ի՞նչ եք կարծում, կառավարությունն ունի՞ ազդեցության լծակ` թույլ չտալու, որ մինչև սեպտեմբերի 30-ը տրանսպորտի սակագինը չթանկանա:
– Կարծում եմ, որ այժմ պատեհ պահը չէ, որ կառավարությունը կամ քաղաքապետարանը գնան թանկացման, քանի որ դա կբերի հանրային դժգոհությունների գեներացման, իսկ այդպիսի այլ պատճառներ ևս կան: Այնպես որ, կարծում եմ, որ առայժմ չեն գնա դրան: Չնայած ձեր կողմից նշված մինչև սեպտեմբերի 30-ը չթանկացնելը չի կարող պահանջի կատարում լինել: Այս հարցով պահանջի կատարում կլինի, եթե գրավոր երաշխիք տրվի, որ հանրային տրանսպորտը չի թանկանա, օրինակ, առաջիկա երեք տարում:
– Բայց քառյակը երեք կամ երկու տարվա ժամկետ չի տվել, այնտեղ բոլոր պահանջների կատարման ժամկետ է սահմանվել սեպտեմբերի 30-ը:
– Այդ իմաստով գուցե, բայց ես այլ կերպ եմ հասկանում, որ պետք է արմատական լուծում տրվի այդ հարցին:
– Քառյակը պահանջում էր կրկնապատկել գյուղատնտեսությանը հատկացվող սուբսիդիաների չափը, և դրանք տալ գյուղացիներին, որպեսզի նրանք կարողանան այդ գումարն օգտագործել ջրի վարձը վճարելու կամ այլ կարիքների համար: Կառավարությունը կիրականացնի՞ այս պահանջը:
– Մինչև սեպտեմբերի 30-ը նման բան չի կարող լինել, քանի որ բյուջեում բոլոր ծախսերը նախատեսված են: Այսինքն` այս մի պահանջը հաստատ չի կատարվի:
– Հնարավո՞ր է` կառավարությունը լրացուցիչ միջոցներ գտնի:
– Չեմ կարծում, քանի որ նման միջոցներ չկան:
– Եթե նման հնարավորություն չեք տեսնում, այդ դեպքում ինչո՞ւ եք նման պահանջ մտցրել ձեր պահանջագրի մեջ:
– Ես չեմ ասում` հնարավորություն չկա, ուղղակի իմ կարծիքով` կառավարությունը չի գնա դրան: Բայց կառավարությունը կարող է մինչև սեպտեմբերի 30-ն ասել, որ ինքը դա անելու է: Ուզում եմ ասել, որ ես բացառում եմ, որ մինչև սեպտեմբերի 30-ը կառավարությունը կկրկնապատկի սուբսիդավորումը, բայց, որ կարող է հաջորդ տարվա բյուջեում նման բան նախատեսել, կամ միջնաժամկետ ծախսերի ծրագրում նման կետ գրել, նման խոստում տալը միանգամայն հնարավոր եմ համարում:
– Հաջորդ պահանջը կուտակային կենսաթոշակային համակարգից պարտադիր բաղադրիչի բացառումն է: Սա որքանո՞վ իրականանալի պահանջ է:
– Կրկին տեղյակ եմ, որ որոշակի կոմպրոմիս լինելու է, հիմա չեմ ուզում փակագծեր բացել: Հնարավոր է, որ այն մտցվի ներկայումս գործող վճարներից մեկի մեջ. օրինակ` եկամտահարկը կրկին բաժանվի, և դա մտցվի սոցվճարների մեջ: Կարող եմ ասել, որ այս հարցում ևս մասնակի լուծում լինելու է:
– Քառյակը պահանջում է վճարել «Նաիրիտի» աշխատակիցների պարտքը և վերագործարկել այն:
– Կարծում եմ` «Նաիրիտն» այնպիսի գործարան է, որը վերագործարկելու համար հսկայական ներդրումներ է պահանջում`միլիարդ և գուցե ավելի: Իսկ Հայաստանն այն տարածքը չէ, որ կարողանա կլանել այդ ներդրումը: Այնպես որ, ամբողջական «Նաիրիտի» վերագործարկում չենք ունենալու, բայց կարող է հայտարարվել, որ բանակցություններ են վարվում «Ռոսնեֆտի» հետ, չնայած կարծում եմ, որ այդ խնդրի իրականացման համար ժամկետն իրատեսական չէ:
– Որքանո՞վ է ճիշտ` կառավարության առջև խնդիր դնել` վերագործարկել մասնավոր ընկերությունը, մանավանդ, ինչպես Դուք եք ասում, Հայաստանն այն միջավայրը չէ, որտեղ միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարվեն:
– Ես էլ եմ այդ հարցը դրել, գուցե ճիշտ կլիներ գրել` ստեղծել համապատասխան միջավայր: Ես կարծում եմ, որ պետությունն այնքան էլ օտարված չէ «Նաիրիտից», քանի որ այսօր պետությունն է բանակցում «Նաիրիտի» հարցով, և ազդեցության որոշ լծակներ կան:
– Դուք ասում եք, որ իրատեսական չէ «Նաիրիտի» վերագործարկումը, բայց պահանջում եք, որ համապատասխան միջավայր ստեղծվի, կամ պետությունն ինքը վերագործարկի:
– «Նաիրիտը» բազմաթիվ արտադրություններ էր տալիս, բայց հիմա մենք չենք պահանջում, որ այն ամբողջ արտադրատեսականին, որ թողարկել է «Նաիրիտը» ԽՍՀՄ տարիներին, վերականգնվի: Բայց ծրագրային մոտեցում ցուցաբերելու դեպքում, որոշ արտադրատեսակների արտադրությունը կարող է արդյունավետ լինել:
– Ի վերջո, «Նաիրիտի» մասով քառյակի պահանջը մինչև սեպտեմբերի 30-ը կատարվելո՞ւ է, թե՞ ոչ:
– Կարծում եմ, որ շատ մեծ ցանկության դեպքում ինչ-որ բան կարելի է անել, բայց թե որքանով է դա տեղավորվում կառավարության ծրագրերի, հնարավորությունների կամ կարողությունների մեջ, չգիտեմ:
– Քառյակը պահանջում է «Որոտանի» հիդրոկասկադի սեփականաշնորհման գործարքը բերել խորհրդարան: Հնարավո՞ր է այս պահանջի իրականացումը:
– «Որոտանի» հիդրոկասկադի սեփականաշնորհումը եղել է սեփականաշնորհման ընթացակարգերի շրջանցմամբ, պետք է մրցույթ անցկացվեր, հստակ գնահատվեր այդ ամբողջի արժեքը: Կան նաև օրենսդրական բացեր, օրինակ` ջրամբարների մասով, եթե ջրային ռեսուրսները չի կարելի օտարել. հստակ չէ` ջրային պատնեշները կարո՞ղ են օտարվել, թե՞ ոչ: Այսինքն` կարծում եմ, որ այս հարցում ևս խնդիր չեմ տեսնում, որ կառավարությունը պահպանի վաճառքի ընթացակարգերը:
– Քառյակի մյուս առաջարկն այն էր, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքները չգերազանցեն նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի միջոցով գանձվող գումարների 75 տոկոսը գնա պետական բյուջե:
– Շատ նորմալ պահանջ է. եթե երկրի բնակչության մեկ երրորդն աղքատ է, չի կարող` 4-5 հազար դրամից ավելի տուգանքներ լինեն: Ես չեմ ասում, որ բոլոր տուգանքները լինեն 10 տոկոսի չափով. կարող է լինեն տուգանքներ, որ լինեն 3 տոկոսի, իսկ որոշները` 30-ի, բայց որ պետք է գնալ մեղմացման, որ բնակչության հետագա աղքատացումը չարացնում է բնակչությանը, որ մարդը հայտնվում է անելանելի վիճակում, դա պետք է դադարեցնել: Ինչ վերաբերում է պետական բյուջե մուտքագրվող գումարի չափին, ապա, երբ փոխոստիկանապետը ներկայացնում էր այդ հարցը, պարզվեց, որ այն ընկերությունը, որը գումար է ներդրել և ստեղծել այդ համակարգը, մեկ տարում հետ է գնել իր ներդրումները: Այնպես որ, ցանկության դեպքում այս պահանջը ևս իրականանալի է:
– Ամփոփելով` կարո՞ղ ենք ասել, որ կառավարությունը սկսել է կատարել քառյակի պահանջները, և սեպտեմբերի 30-ին դրանց մի մասը կատարված կլինի, իսկ մյուս մասի հետ կապված տրված կլինեն խոստումներ, որոնք կբավարարեն քառյակին:
– Ես կարծում եմ, որ կառավարությունն առաջիկայում կստեղծի ձևաչափ, որի շրջանակներում քառյակի հետ համատեղ կքննարկվեն այդ կետերի կատարման հնարավորությունները և ընթացքը: Հնարավոր է, որ կլինեն կետեր, որ կկատարվեն, կետեր կլինեն, որոնց կատարման շուրջ համաձայնություն կլինի, հնարավոր է, որ ինչ-որ կետեր էլ կառավարությունը հրաժարվի կատարել: Այնպես որ, մինչև այդ ձևաչափը չլինի, չենք կարող ասել, թե ո՞ր մասը կկատարվի, և ո՞ր մասը` ոչ, և որքանո՞վ դա կբավարարի քառյակին: