Բաժիններ՝

Սահմանադրական 20 սկզբունքներ՝ ի գիտություն ՀՀ քաղաքացիների

«Հասարակական դաշինք նախաձեռնությունը» մշակել և հրապարակել է սահմանադրական 20 սկզբունքներ՝ ի գիտություն ՀՀ քաղաքացիների և որպես առաջարկություն ուղղված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին.

«Ստորև ներկայացվող սահմանադրական սկզբունքները մշակվել են ՀՀ քաղաքացիների կողմից՝ նպատակ ունենալով ընդլայնել պետական կառավարման գործընթացին մասնակցելու քաղաքացու հնարավորությունները և մեծացնել պետական պաշտոնյաների պատասխանատվությունը: Այս սկզբունքների հրապարակումը նպատակ ունի հանրությանն իրազեկել Հասարակական դաշինք քաղաքացիական նախաձեռնության գործունեության և քաղաքացիների կողմից Սահմանադրության նախագիծ մշակելու գործընթացի մասին՝ մեծացնելով քաղաքացիների ներգրավվածության աստիճանն այս աշխատանքներին: Սույն սկզբունքների հրապարակումը միաժամանակ հանրային պահանջ է ուղղված պետությանը՝ նշված սկզբունքները Սահմանադրության ապագա նախագծում ներառելու համար: Սահմանադրությունն անմիջական ազդեցություն ունի քաղաքացիների կյանքի վրա, ուստի առաջին հերթին հենց քաղաքացիները պետք է ներգրավված լինեն Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներում և քաղաքացիներն են, որ պետք է շահագրգռված լինեն այս գործընթացը իրենց անմիջական մասնակցությունը ցուցաբերելու հարցում:

ՍԿԶԲՈՒՆՔ 1.
Քաղաքացիներին օժտել հանրաքվե նախաձեռնելու իրավունքով
Առաջարկվում է սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու իրավունքով օժտել առնվազն 70,000 ՀՀ քաղաքացիների, իսկ օրենսդրական հանրաքվե նախաձեռնելու իրավունքով՝ առնվազն 40,000 ՀՀ քաղաքացիների: Ընդ որում, Հանրապետության Նախագահը նման հանրաքվեն պարտավոր է նշանակել այսպիսի նախաձեռնության կողմից անհրաժեշտ ստորագրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելուց հետո ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում: Հանրաքվեն կարող է կազմակերպվել նաև առցանց եղանակով: Պետությունը պետք է ապահովի նման հանրաքվեներ անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները և ֆինանսավորումը: Օրենսդրական հանրաքվեի առարկա չեն կարող լինել հարկային, բյուջետային, քրեական պատասխանատվությանը և զինապարտությանը վերաբերող օրենքները:
Գործող Սահմանարության համաձայն՝ սահմանադրական կամ օրենսդրական հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն միայն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովը կամ կառավարությունը: Քաղաքացիները չեն կարող հանդես գալ որևէ նախաձեռնությամբ:

ՍԿԶԲՈՒՆՔ 2.
Հրապարակել ընտրություններին ու հանրաքվեներին մասնակցած անձանց անունները
Առաջարկվում է Սահմանադրությամբ ամրագրել, որ ընտրություններին ու հանրաքվեներին մասնակցած անձանց անունները հրապարակվում են, այդ թվում՝ ընտրությունները կազմակերպող պետական մարմնի պաշտոնական կայքէջում, ընտրություններից/հանրաքվեներից անմիջապես հետո, բայց մինչև քվեարկության արդյունքների ամփոփումը:
Այս փոփոխության նպատակն է ապահովել ընտրությունների թափանցիկությունը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի հրապարակայնությունը՝ բացառելով մահացած կամ երկրից բացակայող անձանց կողմից “քվեարկելու” հնարավորությունը: Այս անունները համադրելով ընտրողների ցուցակում ընդգրկված անունների հետ, հասարակությունն ունի առավել իրական հնարավորություն վերահսկելու քվեարկության գործընթացը: Ընդ որում, անունների հրապարակումը պետք է կատարվի վերջնական արդյունքներն ամփոփելուց առաջ, որ քաղաքացիներն ունենան ժամանակ և հնարավորություն հղելու իրենց բողոքները ընտրական հանձնաժողովներին:
Գործող օրենսդրությունը չի նախատեսում նման հնարավորություն:

ՍԿԶԲՈՒՆՔ 3.
Ընտրակեղծիքների համար պատասխանատվության խստացում
Սահմանադրական մակարդակով առաջարկվում է ամրագրել, որ երկիրը ղեկավարող քաղաքական ուժը և նրա ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում ընտրությունները և հանրաքվեները միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան անցկացնելու համար: Ընտրակեղծիքների համար օրենքով նախատեսված քրեական պատիժը չի կարող 4 տարվա ազատազրկումից պակաս լինել: Սա վերաբերում է ընտրակաշառք բաժանելուն, այն ստանալուն, ընտրությունների ընթացքում բռնություն կամ սպառնալիք գործադրելուն, ընտրական գործընթացն աղավաղելուն, քվեարկության արդյունքները կեղծելուն և այլն:
Գործող օրենսդրությունը համեմատաբար թեթև պատասխանատվություն է նախատեսում ընտրական օրենսդրության խախտման համար, ինչը անպատժելիության մթնոլորտ է ստեղծում:

ՍԿԶԲՈՒՆՔ 4.
ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցերում հանրաքվեի պարտադիր անցկացում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության կողմից աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային քաղաքական, տնտեսական կամ այլ միավորմանը միանալու մասին որոշումը ընդունվում է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա:
Գործող օրենսդրության համաձայն, նման կարգի հարցերը որոշում է Հանրապետության Նախագահը միանձնյա կամ Ազգային ժողովի հետ համատեղ, որի արդյունքում հաճախ ընդունվում են ժողովրդի կամքին հակառակ որոշումներ:

ՍԿԶԲՈՒՆՔ 5.
Բնական պաշարների՝ հանրային սեփականություն հանդիսանալու իրավական ամրագրում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր բնական պաշարները հանրային սեփականություն են, իսկ դրանց օգտագործումը կարող է իրականացվել տեղական շահագրգիր համայքների կարծիքի հաշվառմամբ ու նախնական լսումների անցկացման հիման վրա՝ բնական պաշարների բացառապես ժամկետային կառավարման հանձնելու եղանակով: Պետական պաշտոնյաները կրում են անձնական պատասխանատվություն բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու, խեղաթյուրելու, դրա տրամադրումն անհիմն մերժելու և դրա արդյունքում բնությանն ու շրջակա միջավայրին հասցված վնասի, բնական պաշարների անարդյունավետ կամ ապօրինի օգտագործման թույլտվություն տալու համար՝ առանց վաղեմության ժամկետների կիրառման: Բնական պաշարների օգտագործումը չի կարող հանգեցնել տվյալ բնական պաշարի 70 տոկոսից ավելի սպառմանը: Բնական պաշարների օգտագործումից ստացված շահույթի առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի կամ օգտագործվի Հայաստանի Հանրապետության տարածքում:
Գործող օրենսդրությունը չի նախատեսում այս կարգի որևէ դրույթ, ինչի արդյունքում Հայաստանի բնական պաշարները հարստահարվում են օտարերկրյա պետությունների կողմից՝ երկրի տնտեսությանը չբերելով որևէ զգալի զարգացում:

ՍԿԶԲՈՒՆՔ 6.
Սահմանադրական նորմերի անմիջականդատական կիրառության ապահովում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ յուրաքանչյուր անձ իրավասու է ցանկացած գործի դատական քննության ընքացքում բարձրացնել սահմանադրական նորմի խախտման կամ դրա կիրառելիության հարցը՝ պահանջելով Սահմանադրական նորմի անմիջական կիրառում:
Գործող Սահմանադրությունը նման հնարավորություն նախատեսված չէ, և հաճախ քաղաքացին պետք է դիմի մարդու իրավունքների պաշտպանին կամ պատգամավորներին, որ նրանք իրենց հերթին դիմեն Սահմանադրական դատարան այս կամ այն օրենքի սահմանադրականության հարցը պարզելու համար, ինչը զգալիորեն նվազեցնում է անձի կողմից իր իրավունքների պաշտպանության մատչելիությունն ու արդյունավետությունը:

ՍԿԶԲՈՒՆՔ 7.
Պետությունը պատասխանատվություն է կրում իր ապօրինի գործողություններով անձին պատճառված բարոյական և գույքային վնասի համար
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում թվարկված անձի իրավունքների և ազատությունների կոպիտ, զանգվածային կամ պարբերական խախտման դեպքում անձն ունի պետությունից և համապատասխան պաշտոնատար անձից իրեն պատճառված բարոյական ու նյութական վնասի հատուցման իրավունք:

ՍԿԶԲՈՒՆՔ 8.
Տեղեկատվության և մամուլի ազատության երաշխիքների ընդլայնում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ հանրային հնչեղություն ունեցող հարցերի, պետական պաշտոնյաների, հասարակական կամ քաղաքական գործչի կամ իրադարձության վերաբերյալ ոչ հավաստի տեղեկատվութկուն հրապարակողը չի կրում պատասխանատվություն այդ հրապարակման համար, եթե հրապարակողը գործել է առանց արատավորելու դիտավորության և ողջամտորեն վստահ է եղել, որ հրապարակվող տեղեկատվությունը արժանահավատ է: Պետական մարմինները պետք է հասանելի դարձնեն իրենց բոլոր աշխատանքային փաստաթղթերը քաղաքացիների համար, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք:

ՍԿԶԲՈՒՆՔ 9.
Սոցիալական պետության հիմքերի ամրապնդում և սոցիալական արդարության որոշակի նորմերի ամրագրում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ ՀՀ-ում սահմանված պետական ամենաբարձր աշխատավարձը չի կարող գերազանցել ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի 15-ապատիկը, իսկ նվազագույն աշխատավարձը չի կարող պակաս լինել կենսաապահովման նվազագույն զամբյուղի կրկնապատիկից: Կենսաապահովման նվազագույն զամբյուղը պետք է վերահաշվարկվի տարեկան առնվազն մեկ անգամ՝ առնվազն տարեկան գնաճի հաշվառմամբ: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով, իսկ դրանց նվազագույն ամսական ծավալը չի կարող պակաս լինել ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձից և պետք է երաշխավորվի պետության կողմից: Յուրաքանչյուր կարիքավոր անձ, ով ի վիճակի չէ հոգ տանել իր մասին, ունի օգնության և նվազագույն կենսաապահովման իրավունք:

ՍԿԶԲՈՒՆՔ 10.
Հարկային բեռի սահմանափակում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ, որոնց գումարային ծավալը չի կարող գերազանցել անձի ամսական կամ տարեկան եկամտի 30 տոկոսը: Նվազագույն աշխատավարձը հարկման ենթակա չէ:

ՍԿԶԲՈՒՆՔ 11.
Զինված ուժերի և ազգային անվտանգության մարմինների ապաքաղաքականացում և նրանց չեզոքության ապահովում
Առաջարկվում է ամրագրել, որ զինված ուժերը և ազգային անվտանգության ստորաբաժանումները քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և կոչված են պաշտպանել Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիներին արտաքին թշնամուց և սպառնալիքներից: Նրանք չեն կարող օգտագործվել ոչ ակտիվ պատերազմական պայմաններում ներպետական հուզումները, հանրահավաքները, երթերը և ցույցերը ճնշելու նպատակով և պետք է գտնվեն քաղաքացիական հսկողության ներքո՝ օրենքով նախատեսված կարգով:

ՍԿԶԲՈՒՆՔ 12.
Հանրապետության Նախագահի պատասխանատվության հստակեցում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը, անկախութունը, տարածքային ամբողջականությունը վտանգելու, Սահմանադրությունը խախտելու, կաշառակերության կամ այլ ծանր հանցագործություն կատարելու համար:
Սույն դրույթի կիրառման իմաստով պետական դավաճանություն է համարվում, մասնավորապես, Հանրապետության Նախագահի կողմից ուղղակի կամ անուղղակի ձևով Հանրապետության կամ նրա բնակչության դեմ օտարերկրյա ռազմականացված կամ հատուկ նշանակության ցանկացած ուժերի կիրառմանը կամ ՀՀ ներքին գործերին արտաքին ուժերի միջամտելուն աջակցելը, խրախուսելը կամ թույլատրելը:
Գործող սահմանադրական դրույթները շատ անորոշ են ձևակերպում Նախագահի պատասխանատվությունը այս ոլորտում:

ՍԿԶԲՈՒՆՔ 13.
Պատգամավորների պատասխանատվության հստակեցում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ հստակեցնել, որ ԱԺ պատգամավորը պարտավոր է ներկա գտնվել ԱԺ յուրաքանչյուր նիստին և յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ պետք է հանդիպի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, պատասխանի հասարակությանը հուզող հարցերին և ունենա հանդիպումներ ընտրողների հետ իր ընտրական տեղամասում: ԱԺ նիստերի 1/5-ից անհարգելի պատճառով կամ նիստերի 1/3-ից որևէ պատճառով բացակայելու դեպքում ԱԺ պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն օրենքի ուժով: Ընտրողները ունեն պատգամավորին հետ կանչելու իրավունք, որը կարող են իրականացնել պատգամավորի կողմից Սահմանադրությունը խախտելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու, իր նախընտրական խոստումների առնվազն 60 տոկոսը չկատարելու և օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Առաջարկվում է նաև ամրագրել, որ Ազգային Ժողովը իրավասու չէ իր օրենսդրական ակտերով ընդլայնել իր իրավասությունները: Ազգային Ժողովի կողմից ընդուված՝ պատգամավորների կամ Հանրապետության Նախագահի աշխատավարձերը բարձրացնող իրավական ակտն ուժի մեջ է մտնում հաջորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների կամ հաջորդ Նախագահի կողմից իրենց լիազորությունները ստանձնելու պահից:
Անհրաժեշտ է հստակեցնել նաև բոյկոտի իրավական ռեժիմը: Առաջարկվում է սահմանել, որ Ազգային Ժողովում մեծամասնություն ունեցող խմբակցությունը, քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերի միավորումը իրավունք չունի իրականացնելու բոյկոտ: Բոյկոտը՝ որպես քաղաքական անհամաձայնության ձև, կարող է իրականացվել միայն քաղաքական փոքրամասնություն կազմող խմբակցության, քաղաքական ուժի կամ ուժերի համար՝ օրենքով նախատեսված կարգով:

ՍԿԶԲՈՒՆՔ 14.
Քաղաքացու ազատության սահմանափակման հստակեցում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել հետևյալ նորմը՝ Մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27-29 հոդվածներով, ինչպես նաև 32-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե միաժամանակ առկա են հետևյալ բոլոր պայմանները՝
ա. սահմանափակումն անհրաժեշտ է ժողովրդավարական և իրավական հասարակությունում ազգային անվտանգության, հասարակական կարգի զանգվածային և կոպիտ խախտումը կանխելու կամ դադարեցնելու, առանձնապես ծանր կամ ծանր հանցագործությունները կանխելու, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար,
բ. բացակայում են հասանելի այլ միջոցները, և Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված իրավունքներն ու ազատությունները սահմանափակելը միակ հնարավոր ու հասանելի այլընտրանքն է ա. կետում նշված արժեքները պաշտպանելու, խախտումները կանխելու կամ դադարեցնելու համար,
գ. ձեռնարկված միջոցառումները և սահմանափակումները պայմանավորված են ա. կետում նշված արժեքները պաշտպանելու, խախտումները կանպելու կամ դադարեցնելու օրինական պահանջներով և չեն գերազանցում ՀՀ միջազգային պայմանագրերով, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի թույլատրելի սահմանները,
դ. ոտնձգությունից պաշտպանվող արժեքներն իրենց կարևորությամբ և ոտնձգության աստիճանը զգալիորեն գերազանցում ենայն իրավունքներին, ազատություններին ու արժեքներին, որոնց իրականցումը կամ պաշտպանությունը սահմանափակվում է պետության կողմից:
Նշված պայմանները բավարարված լինելն ապացուցելու պարտականությունը կրում է պետական համապատասխան մարմինը:
Գործող օրենսդրությունը սահմանում է շատ անորոշ ընթացակարգ անձի կողմից իր իրավունքների սահմանափակման դեմ իրավական պաշտպանություն ստանալու հարցում:

ՍԿԶԲՈՒՆՔ 15.
ԶԼՄ-ների ազատության և բազմազանության ապահովում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ հաղորդումների բովանդականային ու քաղաքական բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով սահմանված կարգով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը չորս տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ մյուս կեսը նշանակվում է ՀՀ-ի տարածքում գործունեություն ծավալող ԶԼՄ-ների կողմից՝ հինգ տարի ժամկետով: ԶԼՄ-ները պետք է ապահովեն իրենց հեռուստաեթերի գաղափարական ու քաղաքական բազմազանությունն ու հավասարակշռությունը, ինչպես նաև եթերի հավասար մատչելիությունը քաղաքական բոլոր ուժերի համար:

ՍԿԶԲՈՒՆՔ 16.
Պետական պաշտոնատար անձանց քանակային և բյուջետային ծախսերի սահմանափակում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ու կազմակերպությունների աշխատողների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել ՀՀ բնակչության 0.3 տոկոսը: Նախարարությունների թիվը չի կարող 15-ից ավել լինել: Պետական բյուջեի միջոցների հաշվին պետական պաշտոնատար անձանց փոխադրումը, բնակության և սպասարկման հետ կապված մյուս ծախսերը կատարվում են միայն ՀՀ Նախագահի, պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, դատարանների և պետական կարգավորող հանձնաժողովների նախագահների համար:

ՍԿԶԲՈՒՆՔ 17.
Սեփականության իրավունքի երաշխավորումը և ռազմավարական նշանակության օբյեկտների օտարման սահմանափակում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ Պետությունը ճանաչում, երաշխավորում և պաշտպանում է սեփականության իրավունքը: Սեփականության իրավունքից զրկումը կամ սահմանափակումը պետական մարմինների գործողությունների կամ ընդունած իրավական ակտերի հետևանքով պետք է արդարացի և համարժեք փոխհատուցվի: Պետությունը չի կարող օտարել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները, որոնք կարող են հանձնվել միայն ժամկետային կառավարման, ընդ որում, նման օբյեկտների շահագործումից ստացված շահույթի առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի կամ օգտագործվի Հայաստանի տարածքում: Պետությունն իրավասու է ազգայնացնել ռազմավարական օբյեկտները՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՍԿԶԲՈՒՆՔ 18.
Աշխատելու պարտականության սահմանում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ Հայաստանի տարածքում յուրաքանչյուր ոք ունի աշխատելու պարտականություն և աշխատանքի կամ մասնագիտության ընտրության ազատություն:
Գործող Սահմանադրությունը սահմանում է միայն աշխատանքի ազատությունը, սակայն չի նախատեսում աշխատելու պարտականություն, սակայն սոցիալական և իրավական պետությունում եկամտի միակ աղբյուրը կարող է և պետք է լինի աշխատանքը:

ՍԿԶԲՈՒՆՔ 19.
Օրենքների կանխատեսելիության ապահովում
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ օրենքներն ուժի մեջ են մտնում առնվազն երկու ամիսը մեկ անգամ պաշտոնապես հրապարակվելուց հետո: Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները կարող են ուժի մեջ մտնել հրապարակվելու պահից 4 ամսից ոչ շուտ: Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ընդունվում են Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություններից ու միջոցներից անձին զրկող, այդ հնարավորությունները բացառող կամ նման միջոցներ չնախատեսող կամ դրանք անհիմն սահմանափակող օրենքը կամ իրավական ակտն անվավեր է:

ՍԿԶԲՈՒՆՔ 20.
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունները և նրանց գործունեությունը տարանջատված են պետությունից, պետական կառույցներից, եկեղեցուց և ուսումնական հաստատություններից: Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին և կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից, պետական մարմիններից ու կազմակերպություններից, ուսումնական հաստատություններից և զինված ուժերից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս