«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Բարբյուսի 64/2 շենք): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այս կազմակերպությունն աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Ի մասնավորի՝
կառույցի պատերի մի մասը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերից,
առաստաղների մի մասը կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
հատակի մի մասը չի եղել նորոգ, չի ունեցել հարթ մակերես,
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից, եղել են ոչ նորոգ վիճակում, ինչը հնարավորություն չի տվել դրանք հեշտությամբ մաքրել ու ախտահանել,
կառույցի հանդերձարանները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել հիգիենիկ պայմաններում:
