Չինաստանը մտադիր է պաշտպանել իր շահերը Թրամփի կողմից 25% մաքսատուրքի կիրառման դեպքում
Չինաստանը հաստատակամորեն կպաշտպանի իր օրինական շահերը Իրանի հետ համագործակցության համար Միացյալ Նահանգների կողմից 25% մաքսատուրքի կիրառման դեպքում: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Մաքսատուրքերի պատերազմում չկան հաղթողներ: Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Իրանի հետ բիզնես վարելու պատճառով ամերիկյան մաքսատուրքերի սահմանումը։
Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը նման հարցերում ունի «պարզորոշ և հաստատուն դիրքորոշում»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ: Դա տեղի է ունեցել Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցերի ֆոնին, որոնց ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Իրանի իշխանություններն անկարգությունների կազմակերպման պատասխանատու են համարում ԱՄՆ-ին և Իսրայելին: Միացյալ Նահանգների ղեկավարը չի բացառել Թեհրանի դեմ ուժի կիրառումը ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում:
