«Տեսեք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ու մեր երկրի ղեկավարի քայլերը. այս մարդն իրականությունից կտրված է». Հայկ Նահապետյան
Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են, դրանց աշխարհագրությունը գնալով ավելի ընդգրկուն է դառնում, ակցիաներին մասնակցող մարդկանց թիվն էլ ավելանում է։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեկ հայտարարել է, որ «Եթե Վաշինգտոնը ցանկանում է կրկին իրականացնել ռազմական սցենար, ինչպես նախկինում, ապա մենք պատրաստ ենք դրան։ Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է և ավելի լայնածավալ՝ համեմատած վերջին պատերազմի հետ»։
Երեկ էլ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ անցնող ուրբաթ օրվանից Իրանում գտնվող հայ համայնքի հետ չեն կարողանում կապ հաստատել, քանի որ Իրանում կա կապի խնդիր։
Իրանում իրավիճակի սրացմանը զուգահեռ, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը, որպեսզի հնարավոր ռազմական գործողությունների պարագայում կարողանա զերծ պահել Իրանին սահմանակից Սյունիքն ու ամբողջ Հայաստանը վտանգներից։
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում՝ բացի Առաքելական եկեղեցու դեմ պայքարելուց, մինչդեռ ամբողջ աշխարհում իրավիճակը բարդ է, պետությունները ակտիվ գործողություններ են անում՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար։
«Մինչ բուն հարցին անդրադառնալը, ես հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ Միացյալ Նահանգները և Իսրայելը կրկին փորձեցին հարձակվել Իրանի վրա և իրականացնել իշխանափոխություն, գործողությունները տևեցին 12 օր։ Փորձեցին գլխատել Իրանի ռազմաքաղաքական, հոգևոր և գիտական ղեկավարությանը, որից հետո իրականացնել իշխանափոխություն՝ ձախողվեց։
Հիմա երկրորդ փորձը ոչ թե գլխատելով է արվում, այլ «5-րդ շարասյուն» և անջատողական տրամադրություններ գեներացնելով։ Ընդ որում, այս անգամ Միացյալ Նահանգները «ավանգարդի» դիրքում է, նախորդ անգամ Իսրայելն էր այդ դերում։
Կարծում եմ՝ Իրանը մեծ ներուժ ունի, որպեսզի հակաօրինական այս գործողությունները զսպի։
Իհարկե, իրանցիների դժգոհություններն ինչ-որ առումով հասկանալի էին՝ արժույթի արժեզրկման հետ կապված, բայց երբ սկսեցին այրել մզկիթներ, պահապանների կորպուսի գրասենյակ և այլն, արդեն սա զինված հեղաշրջման փորձ էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Իրանում այս գործողությունների հետևանքով արդեն տասնյակներով զոհեր կան։ Եթե դիտարկի Իրանում իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարը, ապա Իրանում իշխանությունների վերահսկողությունից կարող են դուրս գալ ներքաղաքական գործընթացները և այդ ճգնաժամը փորձելու են վերածել իշխանափոխության։
«Եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, առաջին հերթին մի քանի հարյուր փախստական են գալու՝ հայերը կգան Հայաստան։ Հայաստանն արդյո՞ք դիտարկում է, պատրա՞ստ է դիմագրավելու այս մարտահրավերին։
Ինքս կեսկատակ-կեսլուրջ ասում եմ, որ այս իշխանությունը զբաղված է «պամպերսի» գործարան հիմնելով, որ հագնեն ու կանգնեն սահմանին։ Տեսեք՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ու մեր երկրի ղեկավարի խոսույթն ու քայլերը՝ թիրախում եկեղեցին է, Վեհափառը ու հայ հոգևորականները, այս մարդն իրականությունից կտրված է»,- հավելեց անվտանգության և ռազմական փորձագետը։
Նա հարց բարձրացրեց, թե այս ֆոնին Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի քանի՞ նիստ է հրավիրել, նաև պատասխանելով՝ ոչ մի։
«Հիմա եթե որևէ բան այս իշխանությունը չի անում, ես էլ ասում եմ, որ «պամպերսների» մեծ արտադրամաս ունեն, Կառավարության որոշում կանեն, մի օլիգարխի պատվեր կտան՝ զբաղվելու այդ արտադրամասով։ Պետք է Անվտանգության խորհրդի նիստ անեին, այդ թվում՝ քննարկելու, թե Իրանից եթե մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, ի՞նչ են անելու, և այլն»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։
